Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը, հեռուստաուղերձում, հայտարարել է, որ իր երկրին անհրաժեշտ է զենքի արագացված մատակարարում և նոր տեսակի զենք՝ ռուսական հարձակումներին դիմակայելու համար։
Նրա խոսքով՝ իրավիճակը Դոնեցկի շրջանի արևելյան հատվածում «շատ բարդ է»։
«Իրավիճակը շատ ծանր է. Բախմուտում, Ուգլեդարում և Դոնեցկի մարզի այլ շրջաններում։ Այնտեղ անընդհատ ռուսական հարձակումներ են», - ասել է Ուկրաինայի նախագահը։
«Ռուսաստանը ցանկանում է, որ պատերազմը ձգձգվի և հյուծի մեր ուժերը։ Ուստի մենք պետք է ժամանակը դարձնենք մեր զենքը։ Մենք պետք է արագացնենք իրադարձությունները, արագացնենք մատակարարումները և զենքի նոր հնարավորություններ բացենք Ուկրաինայի համար», - ասել է Զելենսկին՝ նաև շեշտելով՝ եթե Ռուսաստանին թույլ տան մասնակցել 2024-ի Օլիմպիական խաղերին Փարիզում, ապա դա հավասարազոր կլինի նրան, որ «ահաբեկչությունը որոշ չափով ընդունելի է»։
«Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ռուս մարզիկներին Օլիմպիական խաղեր վերադարձնելու փորձերը, փորձեր են ամբողջ աշխարհին ասելու, որ ահաբեկչությունն ինչ-որ չափով ընդունելի է», - ասել է Զելենսկին իր ուղերձում։
Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուսական հրթիռը՝ ենթադրաբար Ս-300, խոցել է Խարկովի կենտրոնում գտնվող բնակելի մի շենք, ինչի հետևանքով այն մասամբ ավերվել է։
Ըստ իշխանությունների՝ մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հաստատել է, որ հրթիռը հարվածել է քաղաքի Կիևսկի շրջանում գտնվող բնակելի շենքին։
«Շենքում հրդեհ է։ Լուրջ վնասներ»,- գիշերը գրել էր նա։
Reuters-ը կադրեր է հրապարակել Խարկովում ռուսական հրթիռի ընկնելու վայրից, որտեղ երևում է, որ տեղում աշխատում են փրկարարները։
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուղղակիորեն չեն մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը, և Գերմանիայի ողջ կառավարությունը կիսում է այն կարծիքը, որ էսկալացիան անընդունելի է։ Նման խոստում է տվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Այս պատերազմին ՆԱՏՕ-ի որևէ երկրի անմիջական մասնակցություն չկա»,- ընդգծել է կանցլերը՝ հավելելով, որ կանի ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չվերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի։
Քաղաքական գործիչը խոստացել է կանխել «նման էսկալացիան»՝ նշելով, որ Գերմանիայի կառավարությունում այս դիրքորոշումը կիսում են բոլորը, այդ թվում՝ արտգործնախարար Աննալենա Բուրբոքը։
Ուկրաինային ավիացիայի և հեռահար հրթիռների փոխանցման շուրջ բանակցություններն ընթանում են գործընկերների հետ արագացված ռեժիմով, ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ գործընկերները հասկանում են պատերազմի տրամաբանությունը։
«Նույն կերպ, ռուսական բանակի առանցքային գործիքը կտրուկ նվազեցնելու համար, ինչով նրանք այսօր կռվում են առաջնագծում, և դա առաջին հերթին թնդանոթային հրետանին է, մեզ պետք են հրթիռներ, որոնք կկործանեն նրանց պահեստները», - ասել է նա։
Նույն Ղրիմում, նշել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը, կան տարբեր տեսակի 100-ից ավելի պահեստներ։
«Եվ, իհարկե, դրանք պետք է ոչնչացնել, հակառակ դեպքում Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի խմբավորումները (ռուսական բանակի-խմբ.) կունենան զգալի քանակությամբ հրետանային հնարավորություններ, չեմ կարծում, որ պատերազմի շրջանակներում ինչ-որ մեկը սա չի հասկանում»,- շեշտել է Պոդոլյակը։
«Հետևաբար, առաջին՝ բանակցությունները (ավիացիայի և հեռահար հրթիռների տրամադրման վերաբերյալ-խմբ.) արդեն ընթանում են, երկրորդ՝ բանակցություններն ընթանում են արագացված տեմպերով, երրորդ՝ գործընկերները հասկանում են այս ամենը: Չորրորդ՝ հոգեբանական կարգավիճակը գործընկեր երկրներում»,- նշել է նա։
2022 թվականին ռուսաստանցիները ռեկորդային ծավալի դրամական փոխանցումներ են կատարել հարևան երկրներ, հայտնում է РБК-ն։ Պարբերականն ուսումնասիրել է Ղազախստան, Վրաստան, Ուզբեկստան, Հայաստան և Ղրղըզստան փոխանցումների վիճակագրությունը:
Տրանսֆերտների աճի հիմնական պատճառներից մեկը ռուսների տեղափոխությունն է այլ երկրներ ռուս - ուկրաինական պատերազմի և զորահավաքի ֆոնին։
Ուկրաինայի արտգործնախարարություն է կանչվել Հունգարիայի դեսպանը՝ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարություններից հետո: Այս մասին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
Հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Օրբանը կարծիք է հայտնել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող իրեն թույլ տալ պարտվել պատերազմում, քանի որ 2024 թվականին մասնակցելու է նախագահական ընտրություններին։
Հունգարիայի վարչապետը նաև ասել է, թե Մոսկվան չի կարող թույլ տալ, որպեսզի ՆԱՏՕ-ն ներկա լինի ուկրաինական տարածքում, և հետևաբար իր առջև նպատակ է դնում Ուկրաինան վերածել «չկառավարվող ավերակների»։
Օրբանը հայտարարել է, թե Ուկրաինան այժմ «ոչ մեկի տարածք» է, և այն համեմատել է Աֆղանստանի հետ։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Վարշավան Ուկրաինային լրացուցիչ 60 տանկ կտրամադրի` գերմանական արտադրության 14 Leopard-ներից բացի։
«Հենց հիմա մենք պատրաստ ենք ուղարկել մեր արդիականացված տանկերից 60-ը, որոնցից 30-ը՝ [լեհական արտադրության] PT-91», - կանադական CTV News հեռուստատեսության հետ զրույցում ասել է Մորավեցկին:
2022 թվականին ռուս արտահանողներն ավելի քան կրկնապատկել են հեղուկ գազի վաճառքը Բալթյան երկրներին, որի մի մասն այնուհետև վաճառվել է Ուկրաինային, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տարածաշրջանում թրեյդերների և փոխադրողների շրջանում իր աղբյուրները։
Գործակալության տվյալներով՝ Լատվիայում ռուսական գազի մասնաբաժինը գերազանցել է ներմուծման 90 տոկոսը, իսկ Լատվիային, Լիտվային և Էստոնիային հեղուկացված բնական գազի ընդհանուր վաճառքը 2021 թվականին 159 հազար տոննայից հասել է 331 հազար տոննայի՝ 2022 թվականին։
Միայն դեկտեմբերին Լատվիան և Լիտվան Ուկրաինային մատակարարել են մոտ 15 հազար տոննա հեղուկ գազ՝ այս ամիս Ուկրաինայի հեղուկ գազի ընդհանուր ներմուծման 15 տոկոսը։
Reuters-ի տվյալներով՝ Կիևը Բալթյան երկրներից ենթադրաբար ռուսական վառելիք է գնում գնային տարբերություններից ելնելով․ 150-200 դոլար մեկ տոննայի գնի տարբերությունն է՝ Լեհաստանի և Ռումինիայի առաջարկած գների համեմատ։
Բալթյան երեք երկրների կառավարությունները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։ Լատվիան, Լիտվան և Էստոնիան ակտիվ աջակցում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին և արդեն խստացրել են ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը։
Ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչը հնարավոր է նույնպես հայտնվի ԱՄՆ պատժամիջոցների տակ, քանի որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն հաստատելու նրա փորձերը ձախողվել են, ասվում է The Wall Street Journal-ի հրապարակման մեջ:
Մոտ մեկ տարի առաջ Աբրամովիչը փորձեց օգնել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, փրկել իր հեղինակությունն ու 15 միլիարդ դոլարի կարողությունը Արևմուտքում:
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Meduza-ն երկրում անցանկալի կազմակերպություն է ճանաչել:
Կարգավիճակը նշանակում է, որ հրատարակության հետ համագործակցությունը կարող է քրեական հետապնդման պատճառ դառնալ ՌԴ քաղաքացիների համար։
Դատախազությունը պնդում է, թե Meduza-ի իրավաբանական անձը «վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգի և անվտանգության հիմքերի համար»։
Մինչ այս Proekt և The Insider հրատարակությունների խմբագրություններն էին ներառվել անցանկալի կազմակերպությունների ցանկում։
Meduza-ն հիմնադրվել է 2014 թվականին, խմբագրությունը բացվել է Ռիգայում։ Այն Ռուսաստանում ամենահայտնի լրատվական կայքերից է։ Գործարկման պահին թիմի կորիզը կազմված էր Մայդանում իրադարձությունների մեկնարկից հետո գրաքննվող Lenta.ru նախագիծը լքած լրագրողներից: 2021 թվականի ապրիլին խմբագրությունը Ռուսաստանում ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»։ Խմբագրությունը մնաց առանց գովազդատուների, ստիպված եղավ հրաժարվել Ռիգայում և Մոսկվայում գրասենյակներից, կրճատել ծախսերը և գործնականում դադարեցնել համագործակցությունը ազատ գործող լրագրողների հետ։
Meduza-ին որպես անցանկալի կազմակերպություն ճանաչելու որոշումից հետո հրատարակությունը դադարեցրել է նշել իր նյութերը որպես «օտարերկրյա գործակալի»։
Meduza-ն հրապարակում է լրագրողական հանրության արձագանքները Ռուսաստանի իշխանությունների որոշմանը։Meduza-ին աջակցել են, մասնավորապես, Dozhd-ը, Republic-ը , Paper-ը, Novaya Gazeta. Եվրոպա-ն, մի շարք այլ լրատվամիջոցներ, խմբագիրներ և լրագրողներ: