«Դոժդ» հեռուստաալիքը Նիդեռլանդներում հեռարձակման արտոնագիր է ստացել։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի նախկին լրագրող Ալեքսանդր Պլյուշևին պատկանող «Պլյուշև» Տելեգրամ ալիքին տված հարցազրույցում ասել է դրա գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն։ Նա հրաժարվել է այլ մեկնաբանություններից:
Անցյալ տարի հունիսին ՌԴ իշխանությունների կողմից հետապնդվող և Ռուսաստանում արգելափակված «Դոժդ» հեռուստաալիքը լիցենզավորվեց Լատվիայում, սակայն դեկտեմբերի սկզբին այդ երկրի իշխանությունները լրատվամիջոցին զրկեցին արտոնագրից «ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով»։
Պատճառը հաղորդավար Ալեքսեյ Կորոստելյովի՝ ուղիղ եթերում ասված խոսքերն էին։ Նա հեռուստադիտողներին կոչ է արել հաղորդագրություններ ուղարկել ուկրաինական պատերազմի համար ռուսների մոբիլիզացիայի ժամանակ հնարավոր խախտումների մասին՝ ասելով. «Մենք հուսով ենք, որ շատ ռուս զինծառայողների ռազմաճակատում կարողացել են օգնել տեխնիկայով և պարզապես տարրական հարմարություններով»: Հաջորդ օրը հաղորդավարը վերապահումով բացատրել է իր խոսքերը:
Հեռուստաընկերության ղեկավարությունը ներողություն է խնդրել և հայտարարել հաղորդավարի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Միևնույն ժամանակ, ի նշան հաղորդավարին աջակցության և «բոլորի սխալվելու իրավունքի», հեռուստաընկերության երեք աշխատակիցներ լքել են ալիքը։ Ալեքսեյ Կորոստելյովին արգելվել է մուտք գործել Լատվիա։
Ուկրաինայի արևելքում ծանր մարտեր են ընթանում Սոլեդար քաղաքում։ Ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ ռուսական ուժերը մտել են քաղաքի տարածք ու չնայած մեծ կորուստներին փորձում են առաջ շարժվել։ Նա հայտնում է, որ մշտապես լսվում են պայթյունների և հրազենային կրակոցների ձայներ, գրոհային խմբերի միջև մարտերն ընթանում են 20-30 մետրի վրա։
Դոնեցկի մարզի Սոլեդար փոքր քաղաքը գտնվում է Բախմուտից հյուսիս-արևելք։ Ռուսական կողմի հայտնում է, որ գրավել է քաղաքին մոտ գտնվող Բախմուտսկոե գյուղը։
Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին հանդիպել է Բախմուտն ու Սոլեդարը պաշտպանող ստորաբաժանումների հրամանատարներին։
Ուկրաինան Վրաստանից խնդրել է իրեն փոխանցել «Բուկ» համակարգերը, որը Կիևը ուղարկել էր Վրաստան 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ Այս մասին գրել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։
Կիևը նաև հակատանկային Javelin հրթիռային համակարգեր է խնդրել, որ Վրաստանը ստացել է ԱՄՆ-ից։ Կասյանովը նշել է, որ Վաշինգտոնը համաձայն էր, առաջարկելով դրանց փոխարեն ավելի ժամանակակից համակարգեր։
«Չնայած Վրաստանի կառավարությունը կտրականապես հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրել, Ուկրաինան դեմ է այդ հարցի օգտագործմանը ներքաղաքական վեճերում և հերքում է Վրաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձերի ցանկացած մեղադրանք»,- նշել է ուկրաինացի դիվանագետը։
Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանքի» պատգամավոր Գիվի Միկանաձեն ասել է, որ Կասյանովի հայտարարությունը կարող է Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու ևս մեկ փորձ է։
Խարկովի մարզի Շևչենկո ավանի շուկան ռուսների կողմից հրետակոծելու հետևանքով 2 կին է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են, այդ թվում՝ 10-ամյա աղջնակ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն ասել է, որ C-300 համակարգով հրթիռակոծումը կատարվել է Ռուսաստանի Բելգորոդ մարզից։
Շևչենկո ավանը Ռուսաստանի սահմանից 30 կիլոմետր է հեռու։ Անցած տարվա սեպտեմբերին ուկրաինական ուժերը այն ազատագրել էին։
Ռուսները հայտարարում են, թե ի պատասխան Մակեևկայում Ամանորի գիշերը տեղի ունեցածին, ոչնչացրել են միաժամանակ 600 ուկրաինացի զինվորական: Ուկրաինական կողմը և արևմտյան լրագրողները, սակայն, պնդում են՝ ռուսական կողմը ստում է:
Ուկրաինայում Ռուսաստանի իշխանությունների հայտարարած սուրբծննդյան միակողմանի հրադադարը ավարտվել էր հունվարի 8-ի գիշերը, և կեսգիշերին արդեն ռուսական կողմը հրթիռակոծել էր մի քանի բնակավայր, այդ թվում՝ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կրամատորսկի հրթիռակոծությունը անվանել է Մակեևկայի վրա ուկրաինական ուժերի ամանորյա հարվածի պատասխան:
«Ի պատասխան Կիևի ռեժիմի կողմից 2023 թվականի հունվարի առաջին րոպեներին Դոնեցկի ժողովրդական հանրապետության Մակեևկա բնակավայրում ռուս զինվորականների դեմ ուղղված հանցագործության՝ ռուսական ուժերի հրամանատարությունը իրականացրել է պատասխան գործողություն՝ Կրամատորսկում զանգվածային հրթիռակոծության արդյունքում ավելի քան 600 ուկրաինացի զինծառայող է զոհվել», - հայտարարել են կառույցից:
Գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ Ռուսաստանի զինված ուժերը Կրամատորսկում հրթիռակոծել են երկու հանրակացարան, որտեղ ընդհանուր առմամբ ավելի քան 1300 ուկրաինացի զինվոր է եղել:
Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, հերքում են ՌԴ ռազմական գերատեսչության տեղեկությունը: Միևնույն ժամանակ CNN-ի նկարահանող խումբը հայտնել է, թե Կրամատորսկում՝ ռուսական հարվածների վայրում, մեծ թվով մարդկանց հետքեր չեն նկատել: Reuters-ի թղթակիցներն էլ այցելել են Կրամատորսկի երկու հանրակացարաններ, որտեղ ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ ժամանակավորապես տեղակայվել են ուկրաինացի զինվորականները: Ըստ ամենայնի, շենքերից ոչ մեկն ուղղակիորեն չի հրթիռակոծվել և լրջորեն չի վնասվել, գրում է Reuters-ը:
Մակեևկայում Ամանորի գիշերը միաժամանակ սպանվել է ռուսական տվյալներով 89, իսկ ուկրաինական կողմի տվյալներով՝ մինչև 400 ռուսաստանցի զինծառայող:
Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են կատարել։ Հավասարության սկզբունքով յուրաքանչյուր կողմը 50 գերի է վերադարձրել։
Ռուսաստանցի 50 ռազմագերիները կտեղափոխվեն Մոսկվայի զինվորական բժշկական հաստատություններ բուժվելու և վերականգնվելու համար, հավաստիացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Ուկրաինային փոխանցված 50 ռազմագերիներից 33-ը սպաներ են, 17-ը՝ սերժանտներ ու շարքայիններ։
Կիրակի՝ լույս հունվարի 8-ի գիշերը ռուսական զորքերը գնդակոծել են Խարկովի մարզի Մերեֆա քաղաքը։ Տեղի 50-ամյա բնակիչ է զոհվել, հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի նախագահ Ալեքսանդր Ստարուխը հեռուստամարաթոնի եթերում խոսել է ՄԱԿ-ի առաքելության տարածաշրջանի գնդակոծությունների մասին, որոնք մարդասիրական օգնություն են հասցրել Օրեխով քաղաք։
Իր հերթին Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը զեկուցել է քաղաքի ծայրամասերում հարվածների մասին։ Նա զոհերի մասին մանրամասներ չի հայտնել։
Դոնեցկի մարզի ղեկավարության տվյալներով՝ ռուս զինվորականները յոթ հրթիռային հարված են հասցրել Կրամատորսկի և երկու՝ Կոնստանտինովկայի ուղղությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և վիրավորներ չկան։
Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ ռուսական բանակը, չնայած Մոսկվայի կողմից հայտարարված հրադադարին, վերջին 24 ժամվա ընթացքում 40 հարված է հասցրել բազմակի հրթիռային համակարգերով:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել հարձակումների մասին հաղորդումները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 119 ռուս հասարակական գործիչների նկատմամբ: Նրանց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, սակայն կան ուկրաինական քաղաքացիություն ունեցող երեք անձինք։ Հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։
Արտիստների շարքում են Բաստան (Վասիլի Վակուլենկո), Պելագեան (Տելեգինա), Կլավա Կոկան (Կլավդիա Վիսոկովա), Միխայիլ Շուֆուտինսկին, Իրինա Ալեգրովան, Լյուբով Ուսպենսկայան, Վիկտորյա Դաինեկոն, Ֆիլիպ Կիրկորովը, Ստաս Պիեխան, Եվգենի Պետրոսյանը, Սերգեյ Բոբունեցը և Սերգեյ Բոբունեցը, RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, կրեմլամետ քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, հեռուստահաղորդավարներ Լեոնիդ Յակուբովիչը, Միխայիլ Գալուստյանը և Ժաննա Բադոևան, բլոգեր Ամիրան Սարդարովը և այլք:
Պատժամիջոցների ենթակա անձանց թվում կան նաև Ուկրաինայի երեք քաղաքացիներ՝ Ուկրաինայի քաղաքացի, հեռուստահաղորդավարուհի Ժաննա Բադոևան, Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, երգչուհի Լոլիտա Միլյավսկայան, Ուկրաինայի քաղաքացի, ֆուտբոլիստ Անատոլի Տիմոշչուկը։
Այդ անձանց նկատմամբ ձեռնարկված միջոցների թվում են ակտիվների սառեցումը, առևտրային գործունեության ամբողջական դադարեցումը, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման կասեցումը։
Ուկրաինայի գլխավոր սրբավայր Կիև-Պեչորյան վանական համալիրի Ուսպենսկի տաճարում առաջին անգամ պատարագ մատուցվեց Ուկրաինական ուղղափառ եկեղեցու կողմից։
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Եպիֆանի առաջինն իր խոսքում ասել է, որ բոլոր բարեխիղճ մարդիկ դատապարտում են «ռուսական չարի կայսրության բազմաթիվ պատերազմական հանցագործությունները»։
«Տոնակատարության այս օրերին ուժեղ զգացումով Աստծո օգնությունն ենք խնդրում հաղթելու մեր թշամուն, որը վիշտ է բերել մեր տուն», - ասել է նա։
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը կոչ է արել աղոթել ուկրաինացի հավատացյալների համար, որոնցից, նրա խոսքով, ցանկանում են խլել Կիև-Պեչորյան վանական համալիրը։
Մինչ այս Ուկրաինայի այդ սրբավայրն ամբողջովին գտնվում էր Ռուս ուղղափառ եկեղեցու ենթակայության տակ, բայց երկու եկեղեցի փոխանցվել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն։
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը «Ռոսիա-1» հեռուստաընկերության հարցազրույցում պնդել է, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, որ դուրս է եկել Կիևի մկրտության ավազանից, բայց արդեն շատ մեծ ժողովուրդ են՝ Սպիտակ ծովից մինչև Սև ծով։ Նրա խոսքով՝ այդ մեծությունը հարևանների մոտ միշտ վախ, նախանձ է առաջացրել, դեռ հին ժամանակներից արտաքին ուժերը ձգտել են բաժանել այդ ժողովուրդը, մի մասին հանել մյուսի դեմ։
Պատրիարքն ասել է, որ այսօր Ուկրաինայում ամեն ինչ արվում է, որպեսզի ուկրաինացիները Ռուսաստանին թշնամի համարեն, իսկ ռուսներին՝ ուրիշ ժողովուրդ, բայց եկեղեցին պետք է ամեն ինչ անի, որ ոչ մի դեպքում ուկրաինացիներն ու ռուսները թշնամի չդառնան։
Նախկինում Վլադիմիր Պուտինը ևս ասել էր, որ ռուսներն ու ուկրաինացիները նույն ժողովուրդն են՝ արժանանալով ուկրաինական կողմի քննադատությանը։