Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

22:19 28.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մերձավոր համարվող Եվգենի Պրիգոժինի հիմնադրած «Վագներ» ռազմականացած ընկերության վարձկանները վիրավորական արտահայտություններով մեղադրել են երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։

Ուկրաինական Բախմուտ քաղաքի մատույցներում զինվորական համազգեստով երկու վարձկան տեսանյութ են ձայնագրել՝ դեմքերը ծածկած, որտեղ ասում են․ «Գլխավոր շտաբի պետին, դու․․․ (այստեղ վիրավորական բառ են օգտագործում-խմբ.) մենք արկեր չունենք, այնտեղ տղաները զոհվում են մեզ համար, իսկ մենք այստեղ նստած չենք օգնում։ Մենք այստեղ Բախմուտի տակ կռվում ենք ուկրաինական ամբողջ բանակի դեմ, ո՞ւր ես դու, օգնիր մեզ վերջապես։ Քեզ անվանելու ուրիշ ոչինչ չկա, բացի մեկ բառից… (այստեղ նրանք կրկին վիրավորական բառ են օգտագործում-խմբ.)»։

Հաուբիցի ֆոնին, արկերի համար նախատեսված արկղերի, քողարկիչ ցանցի մոտ նկարահանված տեսանյութը «Վագներին» առնչվող Տելեգրամ կանալներում սկսվել է տարածվել դեկտեմբերի 26-ից։

Ուկրաինական պատերազմում անհաջողությունների համար Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականներին մեղադրելու, վիրավորելու առաջին դեպքը չէ սա, բայց առաջին անգամն է, որ մեղադրանքներն ուղղվում են գլխավոր շտաբի պետին։ Ռուսական ռազմահայրենասիրական ալիքները տեսանյութի տարածվելուց հետո սկսեցին գրել, որ այն սարքված է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։

Սակայն «Վագների» ղեկավար, պետերբուրգյան բիզնեսմեն Եվգենի Պրիգոժինը պաշտպանեց իր վարձկաններին։ Իր հետ կապված Տելեգրամ ալիքներով տարածվեց նրա աուդիոհաղորդագրությունը, ուր Պրիգոժինն ասում է․ «Հատուկ ձեր հարցերին պատասխանելու համար ես գնացել եմ տղաների մոտ բինդաժներ։ Դուք հիմա ուկրիանացի ազգայնականներից որևէ մեկին տեսե՞լ եք։ Ես էլ չեմ տեսել։ Մեր հիմնական խնդիրն է գնալ և վերցնել Բախմուտը։ Կարծում եմ՝ Բախումտի գրավումը վաղուց սարերի հետևում չէ։ Իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, որոնք, ցավոք, յուրաքանչուր քայլափոխին առաջանում են, հույս ունեմ, որ մենք դրանք կուծենք։ Կլուծենք և կստիպենք լուծել։ Այդ աղմկալից տեսանյութում ազգայնականներ չկան»:

Պրիգոժինը, ըստ էության, հաստատել է արևմտյան վերլուծական կենտրոնների վերջին շրջանի դիտարկումները, որ ռուսական բանակի ռազմամթեքրը վերջանում է։ «Երբ նստած ես տաքուկ կաբինետում, ապա առաջնագծի խնդիրները վատ են լսվում, զինամթերք շատ է ահրաժեշտ, և ցանկալի է, որ բոլորը տեղից շարժվեն»,- առանց անուններ տալու ասել է նա։

«Վագների» մարտիկներից մեկը իր անունը չհրապարակելու պայմանով BBC-ին ասել է, թե կարծում է, որ դա Պրիգոժինի և Պաշտպանության նախարարության միջև հակասությունն է, որը գնալով աճում է։

22:18 28.12.2022

Այսօր օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում Խարկովում։ Ըստ տեղից ստացվող հաղորդումների, ռուսները շարունակում են ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը։ Գիշերն էլ ռմբակոծության տակ էր Խերսոնը, որտեղ հրթիռակոծվել էր նաև ծննդատունը։ Թեժ է իրավիճակը նաև Բախմուտի արվարձաններում։

Արդեն հինգ ամիս է, ռուսական բանակը գրոհում է Դոնեցկի մարզի այս քաղաքը, հրետակոծությունները չեն դադարում, գրեթե բոլոր շենքերը ավերված են, իսկ բնակիչների մեծ մասը հեռացել է։ Մինչև պատերազմը Բախմուտում յոթանասուն հազար մարդ էր ապրում, այսօր մի քանի հազարն է մնացել, հիմնականում ծերեր ու երեխաներ, որոնք գրեթե դուրս չեն գալիս նկուղներից։

Նրանց թվում է Գլեբը, ով երազում է պարզապես դուրս գալ և զբոսնել ընկերների հետ. - «Երազում եմ, որ պատերազմն ավարտվի։ Սա իմ ամենամեծ երազանքն է։ Հետո հնարավոր կլինի ուրիշ բաների մասին երազել։ Երազում եմ ընկերներիս հետ զբոսնել, բայց նրանք չկան, հեռացել են քաղաքից»։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցի համաձայն, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր գրեթե յոթ հազար ուկրաինացի խաղաղ բնակիչ է զոհվել։ Վիրավորների թիվն էլ մոտենում է 11 հազարի։

ՄԱԿ-ը հավելում է, թե իրական զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ ակտիվ ռազմական գործողությունների գոտուց տեղեկությունը գալիս է ուշացումով։

Մինչդեռ տասը ամիս տևող պատերազմի վերջը չի երևում։ Կիևը բոլոր ամբիոններից հայտարարում է որ ազատագրելու է գրավված բոլոր տարածքները՝ նեռարյալ Ղրիմը, իսկ Մոսկվան շարունակ կրկնում է՝ գրավված տարածքները Ռուսաստանի անբաժան մասն են։ Եվ միայն այս իրողության ներքո է Կրեմլը պատրաստ բանակցել պատերամին վերջ տալու համար։

«Առայժմ խաղաղ կարգավորման որևէ ծրագիր գոյություն չունի», - այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պնդելով, որ խաղաղ համաձայնագրի ցանկացած նախագիծ, որը կշրջանցի չորս նոր ռուսական տարածաշրջանների մուտքը Դաշնության կազմ, «ընդունելի լինել չի կարող»։

16:26 28.12.2022

«Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման ցանկացած խաղաղ պլան պետք է հաշվի առնի Ռուսաստանի կազմ մուտք գործած նոր տարածքների առկայությունը», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ խաղաղ կարգավորման որևէ ծրագիր գոյություն չունի», - նշել է Պեսկովը՝ պնդելով, որ խաղաղ համաձայնագրի ցանկացած նախագիծ, որը կշրջանցի չորս նոր ռուսական տարածաշրջանների մուտքը Դաշնության կազմ, «ընդունելի լինել չի կարող»։

16:25 28.12.2022

«Ինտերֆաքս-Ուկրաինայի» փոխանցմամբ, այսօր էլեկտրականության դեֆիցիտը երկրի միասնական էներգետիկ համակագում սրվել է։

Գործակալության փոխանցմամբ, պատճառը ռուսական ուժերի կողմից երկրի արևելքում գտնվող մի շարք գազային ենթակառույցներին հասցված հրթիռային հարվածներն են։

«Ուկրէներգո» ընկերության փոխանցմամբ, չնայած համեմատաբար տաք եղանակի պատճառով չորրորդ գիշերն անընդմեջ հովհարային անջատումներ չեն իրականացվում, այնուհանդերձ «Ուկրաինայի էներգետիկ համակարգը բոլոր սպառողներին էլեկտրականությամբ ապահովել չի կարող»։

16:24 28.12.2022

«Այն ռուսաստանցիները, որոնք իրենց երկրին պարտություն են ցանկանում, պետք է զրկվեն մինչև կյանքի վերջը Ռուսաստան վերադառնալու իրավունքից, ինչպես նաև հայրենիքում առկա բոլոր եկամտի աղբյուրներից», - այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Անբարո այս իրավիճակին, երբ դավաճանները տենչում են սեփական պետության պարտությունը, բայց դրան զուգահեռ նաև գումար են վաստակում Ռուսաստանի հաշվին, պետք է մեկընդմիշտ վերջ տալ», - գրել է Մեդվեդևը իր Տելեգրամ ալիքում։

16:23 28.12.2022

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե հարկավոր չէ որևէ կերպ արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանի Դաշնությանը բացառելու՝ պաշտոնական Կիևի կոչին:

«Ոչինչ մի արեք: Սա հենց այն դեպքն է, երբ շունը հաչում է, իսկ քարավանը՝ գնում», - այսօր ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է Մոսկվան արձագանքի Ուկրաինայի արտգործնախարարության համապատասխան հայտարարությանը։

16:21 28.12.2022

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է քաղաքի ռմբակոծության մասին։ «Խարկովը կրակի տակ է, բոլորին խնդրում եմ մնալ ապաստարաններում և նախազգուշական միջոցներ ձեռնարկել», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Խարկովում ծուխ է երևում, գրում են ուկրաինական լրատվամիջոցները, Խարկովի մարզում և մարզկենտրոնում օդային տագնապ է հայտարարված։ Օդային տագնապ է հայտարարվել նաև Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում։

Ռուսական կողմը հաղորդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին օրվա ընթացքում 35 անգամ հրետակոծել են Դոնեցկը, վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ։

16:20 28.12.2022

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում վերահաստատել է իր կառավարության լիարժեք աջակցությունը Կիևին։ Այս մասին հայտնել է Իտալիայի կաբինետի ղեկավարի գրասենյակը։

Մելոնին, ով ստանձնել է պաշտոնը հոկտեմբերին, Կիևի հաստատակամ կողմնակիցն է, չնայած իշխող կոալիցիայի ներսում խնդրի շուրջ տարաձայնություններին և երկրում հասարակական կարծիքի պառակտմանը:

Ավելի վաղ Թվիթերում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն էր հայտնել Մելոնիին «համերաշխության և համակողմանի աջակցության» համար և հայտնել, որ Իտալիան դիտարկում է Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու հարցը։

16:17 28.12.2022

Եվրոպայում գազի գինը հասել է նվազագույնին Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր՝ մոտ 820 եվրո հազար խորանարդ մետրի դիմաց:

Գազի գինը հասել էր առավելագույնին օգոստոսի վերջին։

Deutsche Welle հեռուստաընկերությունը մեջբերում է Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության զեկույցը, ըստ որի` գազի գնի իջեցմանը նպաստել է դեկտեմբերի վերջին Եվրոպայում հաստատված տաք եղանակը, որը նվազեցրել է գազի սպառումը, ինչպես նաև հողմակայաններից ավելի շատ էներգիայի հոսքը:

Սուրբ Ծննդյան տոներին Գերմանիայում գազի պահեստարանները 88,2 տոկոսով լցված են մնացել: Նոյեմբերի սկզբին, չնայած Ռուսաստանից մատակարարումների դադարեցմանը, Գերմանիայի գազի պահեստարանները լցված էին ավելի քան 99 տոկոսով։

08:06 28.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2023 թվականի փետրվարի 1-ից արգելվում է նավթ մատակարարել օտարերկրյա ընկերություններին և ֆիզիկական անձանց, եթե նրանց պայմանագրերում գների վերին շեմ է սահմանված։ Սահմանափակումները կգործեն մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը։

Գների շեմի մեխանիզմով ռուսական նավթամթերքի մատակարարման արգելքը, որը նույնպես ներդրվել է հրամանագրով, ուժի մեջ կմտնի կառավարության կողմից նշանակվող օրվանից (բայց ոչ շուտ, քան նույն փետրվարի 1-ը)։

Եվրոպական միության խորհուրդն ավելի վաղ հաստատել է ռուսական նավթի մեկ բարելի գնի վերին շեմը 60 դոլար սահմանելու որոշումը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG