Մատչելիության հղումներ

Պրիգոժինի վարձկանները վիրավորական արտահայտություններով մեղադրում են ՌԴ գլխավոր շտաբի պետին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մերձավոր համարվող Եվգենի Պրիգոժինի հիմնադրած «Վագներ» ռազմականացած ընկերության վարձկանները վիրավորական արտահայտություններով մեղադրել են երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։

Ուկրաինական Բախմուտ քաղաքի մատույցներում զինվորական համազգեստով երկու վարձկան տեսանյութ են ձայնագրել՝ դեմքերը ծածկած, որտեղ ասում են․ «Գլխավոր շտաբի պետին, դու․․․ (այստեղ վիրավորական բառ են օգտագործում-խմբ.) մենք արկեր չունենք, այնտեղ տղաները զոհվում են մեզ համար, իսկ մենք այստեղ նստած չենք օգնում։ Մենք այստեղ Բախմուտի տակ կռվում ենք ուկրաինական ամբողջ բանակի դեմ, ո՞ւր ես դու, օգնիր մեզ վերջապես։ Քեզ անվանելու ուրիշ ոչինչ չկա, բացի մեկ բառից… (այստեղ նրանք կրկին վիրավորական բառ են օգտագործում-խմբ.)»։

Հաուբիցի ֆոնին, արկերի համար նախատեսված արկղերի, քողարկիչ ցանցի մոտ նկարահանված տեսանյութը «Վագներին» առնչվող Տելեգրամ կանալներում սկսվել է տարածվել դեկտեմբերի 26-ից։

Ուկրաինական պատերազմում անհաջողությունների համար Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականներին մեղադրելու, վիրավորելու առաջին դեպքը չէ սա, բայց առաջին անգամն է, որ մեղադրանքներն ուղղվում են գլխավոր շտաբի պետին։ Ռուսական ռազմահայրենասիրական ալիքները տեսանյութի տարածվելուց հետո սկսեցին գրել, որ այն սարքված է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։

Սակայն «Վագների» ղեկավար, պետերբուրգյան բիզնեսմեն Եվգենի Պրիգոժինը պաշտպանեց իր վարձկաններին։ Իր հետ կապված Տելեգրամ ալիքներով տարածվեց նրա աուդիոհաղորդագրությունը, ուր Պրիգոժինն ասում է․ «Հատուկ ձեր հարցերին պատասխանելու համար ես գնացել եմ տղաների մոտ բինդաժներ։ Դուք հիմա ուկրիանացի ազգայնականներից որևէ մեկին տեսե՞լ եք։ Ես էլ չեմ տեսել։ Մեր հիմնական խնդիրն է գնալ և վերցնել Բախմուտը։ Կարծում եմ՝ Բախումտի գրավումը վաղուց սարերի հետևում չէ։ Իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, որոնք, ցավոք, յուրաքանչուր քայլափոխին առաջանում են, հույս ունեմ, որ մենք դրանք կուծենք։ Կլուծենք և կստիպենք լուծել։ Այդ աղմկալից տեսանյութում ազգայնականներ չկան»:

Պրիգոժինը, ըստ էության, հաստատել է արևմտյան վերլուծական կենտրոնների վերջին շրջանի դիտարկումները, որ ռուսական բանակի ռազմամթեքրը վերջանում է։ «Երբ նստած ես տաքուկ կաբինետում, ապա առաջնագծի խնդիրները վատ են լսվում, զինամթերք շատ է ահրաժեշտ, և ցանկալի է, որ բոլորը տեղից շարժվեն»,- առանց անուններ տալու ասել է նա։

«Վագների» մարտիկներից մեկը իր անունը չհրապարակելու պայմանով BBC-ին ասել է, թե կարծում է, որ դա Պրիգոժինի և Պաշտպանության նախարարության միջև հակասությունն է, որը գնալով աճում է։

Վերջին ամիսներին Պրիգոժինը փորձում է բանակային ստորաբաժանումների համեմատ իր վարձկաններին ավելի արդյունավետ ներկայացնել։ Բայց ռազմական հարցերով մեկնաբանների կարծիքով՝ այդ արդյունավետություն նկատելի չէ։ Անցած հուլիսից «Վագների» վարձկանները կենտրոնացել են Բախմուտի ուղղության վրա, բայց գրեթե կես տարի չեն կարողանում վերցնել քաղաքը։ Բացի դրանից, ռազմաճակատում իրավիճակ է փոխվել, ուկրաինական բանակի կողմից Խարկովի մարզը և Լուգանսկի մարզի հյուսիս-արևմտյան շրջանները ազատագրելուց հետո Բախմուտը հիմա չունի ռազմավարական այն նշանակությունը, ինչ ամռանը։

Ուկրաինական բանակի հակահարձակումներից հետո անցած աշնանը ռուսական բանակի ուկրաինական ճակատի բարձրաստիճան հրամանատարներ փոխվեցին: Այդ փոփոխություններից առաջ նրանք ենթարկվել էին Պրիգոժինի ու Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովի սուր քննադատություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG