Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:20 28.12.2022

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում վերահաստատել է իր կառավարության լիարժեք աջակցությունը Կիևին։ Այս մասին հայտնել է Իտալիայի կաբինետի ղեկավարի գրասենյակը։

Մելոնին, ով ստանձնել է պաշտոնը հոկտեմբերին, Կիևի հաստատակամ կողմնակիցն է, չնայած իշխող կոալիցիայի ներսում խնդրի շուրջ տարաձայնություններին և երկրում հասարակական կարծիքի պառակտմանը:

Ավելի վաղ Թվիթերում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն էր հայտնել Մելոնիին «համերաշխության և համակողմանի աջակցության» համար և հայտնել, որ Իտալիան դիտարկում է Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու հարցը։

16:17 28.12.2022

Եվրոպայում գազի գինը հասել է նվազագույնին Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր՝ մոտ 820 եվրո հազար խորանարդ մետրի դիմաց:

Գազի գինը հասել էր առավելագույնին օգոստոսի վերջին։

Deutsche Welle հեռուստաընկերությունը մեջբերում է Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության զեկույցը, ըստ որի` գազի գնի իջեցմանը նպաստել է դեկտեմբերի վերջին Եվրոպայում հաստատված տաք եղանակը, որը նվազեցրել է գազի սպառումը, ինչպես նաև հողմակայաններից ավելի շատ էներգիայի հոսքը:

Սուրբ Ծննդյան տոներին Գերմանիայում գազի պահեստարանները 88,2 տոկոսով լցված են մնացել: Նոյեմբերի սկզբին, չնայած Ռուսաստանից մատակարարումների դադարեցմանը, Գերմանիայի գազի պահեստարանները լցված էին ավելի քան 99 տոկոսով։

08:06 28.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2023 թվականի փետրվարի 1-ից արգելվում է նավթ մատակարարել օտարերկրյա ընկերություններին և ֆիզիկական անձանց, եթե նրանց պայմանագրերում գների վերին շեմ է սահմանված։ Սահմանափակումները կգործեն մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը։

Գների շեմի մեխանիզմով ռուսական նավթամթերքի մատակարարման արգելքը, որը նույնպես ներդրվել է հրամանագրով, ուժի մեջ կմտնի կառավարության կողմից նշանակվող օրվանից (բայց ոչ շուտ, քան նույն փետրվարի 1-ը)։

Եվրոպական միության խորհուրդն ավելի վաղ հաստատել է ռուսական նավթի մեկ բարելի գնի վերին շեմը 60 դոլար սահմանելու որոշումը:

08:05 28.12.2022

Պենտագոնի անանուն պաշտոնյաները փաստացի սպառնացել են հարվածել Կրեմլին և ֆիզիկապես ոչնչացնել Ռուսաստանի նախագահին, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, թե Մոսկվային զսպելու Արևմուտքի քաղաքականությունը չափազանց վտանգավոր է և կարող է միջուկային տերությունների անմիջական զինված բախման հանգեցնել։

«Վաշինգտոնը գնաց ամենահեռուն, այնտեղ Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնյաներ» իրականում սպառնացել են «գլխատման հարված» հասցնել Կրեմլին, իրականում խոսքը ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին է։ Եթե ինչ-որ մարդիկ նման գաղափարներ ունեն, ապա պետք է շատ լուրջ մտածեն նման ծրագրերի հնարավոր հետևանքների մասին», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը չի հստակեցրել այս տեղեկության աղբյուրը, բայց արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Լավրովը հավանաբար նկատի է ունեցել Newsweek-ի հոդվածներից մեկը։ Այն հրապարակվել էր սեպտեմբերի վերջին, երբ Կրեմլը խոսում էր միջուկային զենքի կիրառման սպառնալիքից, և հոդվածում խոսվում էր այն մասին, թե ինչպես կվարվի ԱՄՆ-ը, եթե Ռուսաստանը իսկապես միջուկային զենք օգտագործի։ Newsweek-ի զրուցակիցներն ընդգծել էին, որ նույնիսկ այդ դեպքում ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, չի պատասխանի միջուկային զենքով, քանի դեռ իր տարածքը հարձակման չի ենթարկվել և միայն այդ պարագայում հնարավոր են այլընտրանքներ, ներառյալ «գլխատման հարվածը» Կրեմլին։ Իր հերթին Միացյալ Նահանգների նախագահը բազմիցս ասել է, որ Վաշինգտոնը չի ձգտում Պուտինի ռեժիմի տապալմանը։

Լավրովը պետական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում կրկին պնդել է, թե ուկրաինական ճգնաժամը գլոբալ բնույթ ունի, իսկ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմավարական նպատակը Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն է։ Հակամարտության հիմնական շահառուն էլ, Լավրովի կարծիքով, Միացյալ Նահանգներն է. - «ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ բախման անընդունելիության մասին արևմտյան երկրների հայտարարությունները զուտ կեղծավորություն են։ Դաշինքի անդամներն արդեն դարձել են հակամարտության կողմ։ Վաշինգտոնն ու Կիևը ցանկացած պահի կարող են դադարեցնել անիմաստ դիմադրությունը։ Ապառազմականացման և դենացիֆիկացիայի մեր առաջարկները հայտնի են թշնամուն, մնում է ընդունել այդ առաջարկները: Հակառակ դեպքում՝ հարցը կլուծի ռուսական բանակը»։

Լավրովը նաև պնդել է, թե Խերսոնի, Զապորոժիեի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերի գրավված տարածքները Ռուսաստանի մասն են։

Մինչդեռ Խերսոնի մարզի մեծ մասից, այդ թվում Խերսոն քաղաքից ռուսները դուրս են եկել, իսկ Դոնցեցկի մարզում արդեն հինգ ամիս է, չեն կարողանում գրավել Բախմուտ քաղաքը։

20:51 26.12.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Էնգելսի քաղաքի օդանավակայանի վրա նոր հարձակման մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, երեք զինվոր է զոհվել։

Ուկրաինայի սահմանից 700 կմ հեռու գտնվող օդանավակայանը, որը երկրի գլխավոր ռազմական ավիաբազան է Ռուսաստանի եվրոպական մասում, վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հարձակման ենթարկվում անօդաչու սարքով։

Կիևը դեռ չի մեկնաբանել այս հարձակումը, իսկ ռազմական փորձագետները ռուսական կողմի հերթական ձախողում են համարում խորը թիկունքում գտնվող օդանավակայանին հասցված հերթական հարվածը։

Մինչ այդ, Մոսկվայից իրարամերժ հայտարարություններ են հնչում։ Եթե Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր ընդարձակ հոդվածում կտրուկ հայտարարում է, որ Մոսկվան իմաստ չի տեսնում Կիևի հետ բանակցություններում և, այսպես կոչված, հատուկ ռազմական օպերացիայի բոլոր նպատակները, այդ թվում՝ Ուկրաինայի ամբողջական ապառազմականացումը պետք է իրականություն դառնան, Ռուսաստանի նախագահը դարձյալ ասել է, թե պատրաստ են բանակցել։

Ըստ Վլադիմիր Պուտինի, Մոսկվան պատրաստ է բանակցությունների «այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ»։ Կրեմլի ղեկավարը միաժամանակ շարունակում է պնդել, թե Ռուսաստանը, որն արդեն տասն ամիս ռմբակոծում է ուկրաինական խաղաղ բնակավայրերն ու էներգետիկ ենթակառուցվածները, ամեն ինչ ճիշտ է անում. - «Կարծում եմ, որ մենք գործում ենք ճիշտ ուղղությամբ: Մենք պաշտպանում ենք մեր ազգային շահերը, մեր քաղաքացիների, մեր ժողովրդի շահերը: Կրկնում եմ՝ մենք այլ ընտրություն չունենք, քան պաշտպանել մեր քաղաքացիներին: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք բանակցել այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ ինչ-որ ընդունելի արդյունքների շուրջ։ Մենք չէ, որ հրաժարվում ենք բանակցություններից, իրենք են հրաժարվում»:

Ուկրաինայի նախագահը չի հավատում, որ ռուսները խաղաղություն են ուզում, հակառակը՝ նա համոզված է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին է'լ ավելի ուժգին են ռմբակոծվելու ուկրաինական բնակավայրերը. - «Նոր տարուն հաշված օրեր են մնացել։ Մենք հասկանում ենք, որ մեր թշնամին փորձելու է այս ժամանակը մեզ համար մութ ու դժվար դարձնել։ Գիտեմ, որ խավարը մեզ չի խանգարի օկուպանտներին տանել դեպի իրենց նոր պարտությունները։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Խնդրում ենք լսել այս օրերին օդային ահազանգերը»։

17:05 26.12.2022

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառությունը (ФСБ) հաղորդում է Բրյանսկի մարզում ոչնչացված ուկրաինական դիվերսիոն խմբի մասին:

Գերատեսչության պնդմամբ՝ «դեկտեմբերի 25-ին Բրյանսկի մարզի սահմանագծին տեղի ունեցած մարտի հետևանքով չորս դիվերսանտ է ոչնչացվել»։

«Նրանք փորձում էին Ուկրաինայի տարածքից ներթափանցել Բրյանսկի մարզ», - հաղորդում է Անվտանգության դաշնային ծառայությունը։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ խմբի անդամները զինված էին գերմանական արտադրության ատրճանակներով, նրանց մոտ չորս ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել, որոնց ընդհանուր հզորությունը հավասարազոր է եղել 40 կիլոգրամ տրոտիլի։

14:04 26.12.2022

«Արևմուտքն Ուկրաինայում զբաղված էր սադրանքներով և այդպես էլ չկարողացավ միջնորդի դեր ստանձնել», - Էրզրումի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Արևմուտքի որդեգրած դիրքորոշման պայմաններում իր երկիրն էր ստիպված միջնորդի դերը ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև։

«Սև ծովով ուկրաինական գյուղմթերքի արտահանման համաձայնագիրը կնքվեց Թուրքիայի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում Ուկրաինայից դուրս բերված ցորենի 44 տոկոսը տեղափոխվել է Եվրոպա,16 տոկոսը՝ Թուրքիա և 14 տոկոսն՝ աֆրիկյան պետություններ», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

14:02 26.12.2022

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է բարձրացնել հարկերը Ռուսաստանից հեռացածների համար՝ չեղարկել անձնական եկամտահարկի պահպանումը 13 տոկոս մակարդակի վրա և նրանց համար սահմանել բարձր հարկային դրույքաչափ։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր Տելեգրամ ալիքում։

Ֆորմալ կերպով Վոլոդինի գրառումը վերաբերում է նրանց, ովքեր շարունակում են աշխատել արտասահմանում ռուսական ընկերությունների համար, սակայն հնարավոր է, որ դա կարող է տարածվել բոլոր այն ռուսաստանցիների վրա, ովքեր հեռացել են. - «Նրանք, ովքեր հեռացել են, ոչ միայն աշխատում են ռուսական ընկերություններում հեռակա կարգով, այլև օգտվում են այն բոլոր արտոնություններից, որոնք համապատասխանաբար նրանց տալիս է մեր երկրի օրենսդրությանը։ Ճիշտ է չեղարկել նախապատվությունները նրանց համար, ովքեր լքել են Ռուսաստանի Դաշնությունը, և նրանց համար սահմանել բարձրացված հարկային դրույքաչափ։ Դա արդար կլինի»:

Վոլոդինի հնչեցրած առաջարկը նախկինում պաշտպանվել է Պետդումայի այլ պատգամավորների կողմից։

13:55 26.12.2022

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածը Սարատովի մարզի Էնգելսի ռազմական օդանավակայանին։ Բեկորների ընկնելու հետևանքով երեք մարդ է զոհվել:

«Անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով օդակայանում գտնվող տեխնիկական անձնակազմի երեք ռուս զինծառայողներ մահացու վիրավորվել են, ավիացիոն տեխնիկան չի տուժել», - հայտնել են նախարարությունից։

13:52 26.12.2022

Ռուսաստանը կկարողանա ոչնչացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե Միացյալ Նահանգները դրանք մատակարարի Ուկրաինային, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը "Россия 1" հեռուստաալիքի եթերում՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրին տված հարցազրույցում:

«Իհարկե, մենք դրանք հեշտությամբ կոչնչացնենք, 100 տոկոսով», - վստահեցրել է նա լրագրողի հետ զրույցում՝ միաժամանակ հիշեցնելով, որ Ուկրաինան դեռ նման համակարգեր չունի:

Ավելի վաղ Պուտինն ասել էր, թե Patriot-ը բավականին հին համակարգ է և չի աշխատում այնպես, ինչպես, օրինակ, աշխատում է ռուսական C-300-ը (S-300):

«Ամերիկյան Patriot համակարգի ոչնչացումը Ուկրաինայում շատ կարևոր կլինի ռուսական քարոզչության համար, որը ճակատում հաջողության ակնհայտ բացակայություն ունի», - գրում է Forbes-ի սյունակագիր, ռազմական հարցերով փորձագետ Փոլ Իդոնը: Նրա կարծիքով՝ Patriot-ի ոչնչացումն ավելի կարևոր կլինի քաղաքակա՛ն տեսանկյունից, քան՝ ռազմական, քանի որ մեկ համալիրն, ամեն դեպքում, չի կարող լուծել մեծ պետության տարածքի զանգվածային ռմբակոծման հետ կապված խնդիրը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG