- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԹՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հինգշաբթի օրը կայցելի Ռուսաստան՝ քննարկելու Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիե ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցը, հայտնում են ռուսական աղբյուրները։
Առայժմ չի հաղորդվում, թե ում հետ է հանդիպելու ՄԱԿ-ին կից կառույցի ղեկավարը Ռուսաստանում։
Կիևը ահազանգում է պատերազմի ընթացքում ռուսական զորքի վերահսկողության տակ անցած խոշոր ատոմակայանում ռադիոկատիվ աղետի վտանգի մասին։ Ռուսաստանն, իր հերթին, պնդում է, որ Զապորոժիեի ատոմակայանը բազմիցս գնդակոծության է ենթարկվել հենց Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ուկրաինայի նախագահ այսօր անսպասելի այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում, իսկ դրանից առաջ հանդիպում կունենա Միացյալ Նահանգերի նախագահի հետ։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին արտասահման այցն է փետրվարի 24-ից` Ռուսաստանի հարձակումից ի վեր։
«Միացյալ Նահանգներ եմ մեկնում Ուկրաինայի դիմադրողականությունն ու պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար», - գրել է Զելենսկին Twitter-ում:
Կրեմլը արդեն հայտարարել է, որ Զելենսկու այցից որևէ դրական արդյունք չի ակնկալում, հակառակը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, հակամարտությունը սրվում է։
Դմիտրի Պեսկովը չի ակնկալում, թե այցից հետո Զելենսկին պատրաստ կլինի բանակցությունների. - «Զենքի մատակարարումը շարունակվում է, մատակարարվող զենքի տեսականին ընդլայնվում է։ Այս ամենը, անշուշտ, հանգեցնում է հակամարտության սրման և լավ բան չի հուշում Ուկրաինայի համար»:
«Ջո Բայդենը Զելենսկու վաշինգտոնյան այցի ընթացքում կհայտարարի աջակցության նոր փաթեթի մասին, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից», - ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Խոսքը 2 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթի մասին է, որը կներառի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։
Գերմանական Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի գնահատմամբ, ԱՄՆ-ն այս տարի 18,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, ինչը ավելին է, քան տրամադրել են Ուկրաինայի մյուս բոլոր դաշնակիցները միասին:
Ռուսաստանը հոկտեմբերից թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածները՝ ձմռանը միլիոնավոր մարդկանց թողնելով առանց լույսի, ջեռուցման և ջրի։ Ռմբակոծությունները չեն դադարում։ Մոսկվան հայտարարում է, որ շարունակելու է այս մարտավարությունն ու հատուկ ռազմական օպերացիան։
«Սա ուղերձ է Պուտինին և աշխարհին, որ Ամերիկան Ուկրաինայի կողքին կլինի այնքան ժամանակ, որքան անհրաժետ է», - Զելենսյու այցի նախօրեին հայտարարել է Սպիտակ տունը՝ հավելելով. - «Նախագահ Պուտինը սխալվեց հաշվարկներում՝ ենթադրելով, թե Ուկրաինայի ժողովուրդը կզիջի, և որ ՆԱՏՕ-ն կմասնատվի: Նա երկու դեպքում էլ սխալվեց։ Նա շարունակում է սխալվել մեր ուժի հարցում: Եվ դա այն է, ինչ ցույց կտա այս այցը»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է «դիվերսիոն գործունեությանն օժանդակելու» համար մինչև ցմահ ազատազրկում նախատեսող օրենքներ։
Փաստաթղթերը մշակվել են Ռուսաստանում տեխնածին մի շարք միջադեպերի՝ մասնավորապես պայթյունների ֆոնին, որոնք տեղի են ունեցել Ուկրաինա ներխուժումից հետո:
Օրենսդիր մարմնի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե օրենսդրական փոփոխությունը «սկզբունքորեն կարևոր քայլ է, որն անհրաժեշտ է երկիրը պաշտպանելու համար»։
Օրենքի համաձայն՝ դիվերսիոն գործողությունների դրդելը, հավաքագրելը կամ այլ ներգրավվածությունը, ինչպես նաև դիվերսիայի ֆինանսավորումը կպատժվեն մինչև ցմահ ազատազրկմամբ։ Դիվերսիա կազմակերպելու համար սահմանվում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Դրան մասնակցելու համար պատիժն ավելի մեղմ է՝ 5-10 տարի ազատազրկում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Առաջիկա հունվարից Եվրամիությունը հատուկ ներկայացուցիչ կունենա, որի լիազորություններից է կոչ անել երրորդ երկրներին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև կանխել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման փորձերը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
Ստանոն նշել է, որ Բրյուսելի համար շատ կարևոր է աշխարհի բոլոր գործընկերներին փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու անհրաժեշտությունը։
Առայժմ չի հաղորդվում, թե ով է զբաղեցնելու պատժամիջոցների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահը հաստատել է Վաշինգտոն իր այցի մասին տեղեկությունը։
«Մեկնում եմ ԱՄՆ՝ ուժեղացնելու Ուկրաինայի դիմադրողականությունն ու պաշտպանությունը: Մասնավորապես, Ջո Բայդենի հետ կքննարկենք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների համագործակցությունը: Ես նաև ելույթ կունենամ Կոնգրեսում և մի շարք երկկողմ հանդիպումներ կունենամ», - գրել է Վլադիմիր Զելենսկին Twitter-ում։
ԱՄՆ նախագահն իր ուկրաինացի գործընկերոջ Վաշինգտոն այցի ընթացքում կհայտարարի անվտանգության աջակցության նոր փաթեթի մասին, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից, ասվում է Սպիտակ տան հայտարարությունում։
Սա Ուկրաինայի նախագահի առաջին արտասահմանյան ուղևորությունն է պատերազմի տասն ամիսների ընթացքում։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «հատուկ ռազմական գործողության» գոտի, երբ դեկտեմբերի 16-ին աշխատել է այդ գործողության զորքերի միացյալ շտաբում, հայտնել է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Գուրուլյովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատարը գտնվում է «հատուկ ռազմական գործողության» գոտում։
«Եթե նա [Գուրուլևը] նկատի ունի այն շտաբը, որտեղ նա [Պուտինը] եղել է ուրբաթ օրը, ապա այո»,- նշել է Պեսկովը։
Ավելի վաղ Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Պուտինը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, ամբողջ օրն աշխատել է «հատուկ ռազմական գործողության» մեջ ներգրավված ռազմական ուժերի միացյալ շտաբում։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել երկրի հատուկ ուժերին է'լ ավելի կոշտ գործել դավաճաններին բացահայտելու գործում․ - «Խստորեն ճնշել օտարերկրյա հետախուզական ծառայությունների գործողությունները, արագ բացահայտել դավաճաններին, լրտեսներին և դիվերսանտներին»։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով, ռուսները վերջին օրերին, մի կողմից, կորցրել են որոշ դիրքեր Բախմուտից հարավ ընկած հատվածում, մյուս կողմից, դիրքեր են գրավել քաղաքի ծայրամասերում։
Պատերազմի տասը ամիսների ընթացքում ուկրաինացիները ռուսական օկուպացիայից ազատագրել են ավելի քան 74 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Սա Ուկրաինայի տարածքի 12,3 տոկոսն է։
Սակայն ռուսները դեռ վերահսկում են մոտ 87 հազար քառակուսի կիլոմետր ուկրաինական հող կամ երկրի տարածքի մոտավորապես 14,4 տոկոսը։ Եվ սա երկու անգամ ավելի է, քան եղել է մինչև փետրվարի 24-ի ներխուժումը։
Ամերիկացի վերլուծաբանների այս տվյալների համաձայն, ուկրաինացիներին այդուամենայնիվ հաջողվել է ազատագրել փետրվարի 24-ից հետո ռուսների վերահսկողության տակ անցած տարածքների մեծ մասը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ծառայությունների օրվա կապակցությամբ իր խոսքում այսօր թերևս առաջին անգամ խոստովանել է․ իրավիճակը Ուկրաինայի բռնակցված շրջաններում «չափազանց բարդ է». - «Իրավիճակը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ծայրահեղ բարդ է».
Ուկրաինայի նախագահն էլ իր երեկվա ուղերձում հայտարարել է, թե Կրեմլը պարզապես չգիտի, թե ինչպես սեփական ընդունել սխալները. - «Ուղղակի մտածեք դրա մասին. Ռուսաստանն արդեն կորցրել է մոտ 99 հազար զինվոր Ուկրաինայում: Ինչի՞ համար։ Մոսկվայում ոչ ոք պատասխան չունի և չի ունենալու»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
2022 թվականին Ռուսաստանը լքել է մոտ 100 հազար ՏՏ մասնագետ, ինչը կազմում է ռուսական ՏՏ ընկերությունների աշխատակիցների ընդհանուր թվի մոտ 10 տոկոսը։ Այս մասին հայտնել է ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Մաքսուտ Շադաևը՝ ելույթ ունենալով ՌԴ Պետդումայի նիստում։
«Շատերը վերադարձել են, բայց եթե ընդհանուր առմամբ վերցնենք, մոտ 100 հազար ՏՏ մասնագետ գտնվում է երկրից դուրս»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան:
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իշխող «Եդինայա Ռոսիա»-ն պատրաստվում է Պետդումա ներկայացնել օրինագիծ, որն արգելում է հեռավար աշխատանքը նրանց համար, ովքեր լքել են Ռուսաստանը և կորցրել են իրենց հարկային բնակության իրավունքը։ Արգելքի ենթակա մասնագիտությունների վերջնական ցանկը կորոշի կառավարությունը։ Ռուսաստանը լքած քաղաքացիների մեծ մասը հաստատվել է հարևան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և Վրաստանում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Չուվաշիայում պայթյուն է որոտացել Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ մայրուղային գազատարի վրա, հաղորդում են ռուսաստանյան պետական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է երեք զոհի և մեկ վիրավորի մասին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են, որ Յամբախտինո գյուղի մոտ՝ Չեբոկսարիից մոտ 50 կիլոմետր դեպի հարավ, տեղի է ունեցել արտահոսք, որին էլ հաջորդել է հրդեհ ստորգետնյա գազատարում։ Որոշ աղբյուրների համաձայն՝ հրդեհի տարածքում բարձր ջերմաստիճանի պատճառով բնակիչները չեն կարողանում մոտենալ իրենց տներին։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել շինմոնտաժային աշխատանքների ժամանակ։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված միջադեպը, դեռևս հայտնի չէ։
Աշխատանքներն իրականացրել է «Գազպրոմ Տրանսգազ Նիժնի Նովգորոդ» ընկերությունը։ Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ գազատարը ռուսաստանյան կապույտ վառելիքը Սիբիրից Եվրոպա է հասցնում Ուկրաինայի տարածքով։ Խողովակաշարը հատում է ռուս-ուկրաինական սահմանը Կուրսկի շրջանի Սուդժա կայարանի մոտ։