Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:38 20.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի մարզում գտնվող Բախմուտ, որտեղ այժմ թեժ մարտեր են ընթանում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը:

Բախմուտը համարվում է կարևոր տրանսպորտային հանգույց, որտեղով անցնում են Լիսիչանսկի և Սևերոդոնեցկի, Սևերսկի, Սլովյանսկի, Կրամատորսկի, Կոնստանտինովկայի, Գորլովկայի և Լուգանսկի ճանապարհները։

Բախմուտի չդադարող գնդակոծությունների ֆոնին, ըստ տարբեր աղբյուրների, քաղաքի 70 հազար բնակիչների մեծ մասը լքել է իր տունը, քաղաքում չկա ջուր, հոսանք, բազմաթիվ շենքեր ավերված են:

15:36 20.12.2022

Վաշինգտոնը կշարունակի վերահսկել, թե արդյոք Բելառուսը ցանկանում է լրացուցիչ օգնություն տրամադրել Մոսկվային Ուկրաինայի հետ պատերազմում, և եթե դա տեղի ունենա, կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել Մինսկի դեմ, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Եթե մենք տեսնենք սա [հավելյալ աջակցություն ցուցաբերելու փորձերը], տեսնենք դրա պոտենցիալը, ապա համաչափ պատասխան կտանք՝ լրացուցիչ միջոցների ներդրմամբ»,- ասել է նա։

Լուկաշենկոյի կախվածությունը Պուտինից մտավախություն է առաջացնում Կիևում, որ Ռուսաստանի նախագահը կարող է ի վերջո ստիպել նրան միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին:

15:33 20.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ այցելեց հարևան և սերտ դաշնակից երկիր Բելառուս:

Բանակցություններից հետո նա և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ երեկոյան մամուլի համատեղ ասուլիս են տվել:

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ կլանել Բելառուսը: «Հարցը ոչ թե կլանելն է, այլ տնտեսական քաղաքականությունը համաձայնեցնելը», - ասել է Ռուսաստանի նախագահը երկու երկրների ինտեգրացիոն գործընթացների մասին:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում կլանել որևէ երկիր, այդ թվում՝ Բելառուսը:

Ռազմական փորձագետների կարծիքով՝ Պուտինը կփորձի Լուկաշենկոյին համոզել՝ օգնել Ուկրաինայի դեմ պատերազմում, նույնիսկ զինվորներ ուղարկել:

22:54 19.12.2022

Ռուսաստանն ու Բելառուսը միասին պայքարում են պատժամիջոցների դեմ, դա անում են արդյունավետ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Միասին մենք դիմակայում ենք ոչ բարեկամ պետությունների պատժամիջոցների ճնշմանը, Ռուսաստանին և Բելառուսին համաշխարհային շուկաներից մեկուսացնելու փորձերին, համակարգում ենք քայլերը՝ նվազագույնի հասցնելու անօրինական սահմանափակող միջոցների ազդեցությունը մեր երկրների տնտեսությունների վրա», - Բելառուսի նախագահի հետ բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի ղեկավարը:

20:56 19.12.2022

Եվրամիության (ԵՄ) անդամ պետությունների էներգետիկայի նախարարները քիչ առաջ՝ Բրյուսելում մոտ վեց ժամ շարունակված դռնփակ քննարկումներից հետո, համաձայնեցրել են Եվրոպա մատակարարվող գազի առավելագույն թույլատրելի գինը։

Reuters գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ որպես Եվրոպա մատակարարվող գազի առավելագույն գին սահմանվել է 180 եվրոն մեկ մեգավատի կամ 1800-ից 2000 եվրոն՝ հազար խորանարդ մետր գազի դիմաց։

ԵՄ մատակարարվող գազի առավելագույն թույլատրելի գին սահմանելու որոշման շուրջ քննարկումները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ՝ լուրջ տարաձայնությունների տեղիք տալով։ Գերմանիան, Ավստրիան և Նիդերլանդները ընդհանրապես դեմ են գազի առավելագույն թւոյլատրելի գնի սահմանմանը՝ պնդելով, որ նման քայլը կարող է խաթարել մայրցամաքի էներգետիկ շուկայի բնականոն աշխատանքը։

Նախապես ենթադրվում էր, որ գազի առավելագույն թույլատրելի գնի սահմանումը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Reuters-ի տեղեկություններով, սակայն, այդ ժամկետը հետաձգվել է մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը։

20:08 19.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Բելառուս։ Մինսկի օդանավակայանում նրան դիմավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Սա Պուտինի առաջին այցն է Բելառուս 2019 թվականից ի վեր։

Այցի շեմին մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ Պուտինը Մինսկ է մեկնում, որպեսզի Բելառուսի նախագահին համոզի միանալ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, սակայն, այս պնդումները «հիմար և հիմնազուրկ» է անվանել։

20:07 19.12.2022

Կրեմլը հերքում է մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն, Ռուսաստանի նախագահի այսօր մեկնարկող այցը Մինսկ նպատակ ունի համոզել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որպեսզի Բելառուսը միանա Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։

«Դրանք հիմար և հիմնազուրկ պնդումներ են», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

20:06 19.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին, կոչ է արել Կիևին հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր մատակարարել։

«Կոչ եմ անում ձեզ մեծացնել ՀՕՊ համակարգերի՝ մեր երկրին մատակարարման հնարավորությունները։ Խնդրում եմ նաև օժանդակել մեզ այդ ուղղությամբ համապատասխան որոշումների կայացումն արագացնելու հարցում», - հայտարարել է Զելենսկին՝ դիմելով Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարների Լատվիայում ընթացող գագաթաժողովի մասնակիցներին։

Հավաքի աշխատանքներին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Նիդերլանդների և բալթյան երեք պետությունների ղեկավարները։

20:04 19.12.2022

Ռուսաստանը մեծացրել է «Իսկանդեր» հրթիռային համակարգերի արտադրությունը, Россия 24 պետական հեռուստաալիքի եթերում այսօր հայտարարել է սպառազինության արտադրությամբ զբաղվող Ростех պետական ընկերության առաջին փոխտնօրեն Վլադիմիր Արտյակովը։

«Իսկանդերները» բավական արդյունավետ են, հուսալի և ճշգրիտ են աշխատում։ Դա է պատճառը, որ մենք «Իսկանդեր» համակարգերի և դրանց համար նախատեսված զինամթերքի արտադրությունը ավելացրել ենք մի քանի անգամ», - նշել է Ростех-ի փոխտնօրենը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ 2022 թվականին տասնյակ անգամներով աճել է նաև մի շարք մակնիշի տանկերի արտադրությունը։

20:02 19.12.2022

Ռուսաստանի ազգային փոխարժեքն անկում է արձանագրում։ Մայիսի 30-ից ի վեր առաջին անգամ Մոսկվայի բորսայում մեկ դոլարի դիմաց վճարում են 66 ռուբլի 22 կոպեկ, եվրոյի դիմաց՝ 70 ռուբլի 45 կոպեկ։

«Մեկ օրում ռուբլու փոխարժեքն ամերիկյան դոլարի հանդեպ նվազել է ավելի քան 2 տոկոսով», - արձանագրում է Reuters գործակալությունը։

«Ինտերֆաքս»-ի պնդմամբ՝ ռուսական ռուբլու արժեզրկման պատճառներից են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 9-րդ փաթեթը, ինչպես նաև այսօր Բրյուսելում ծավալված քննարկումները։

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Եվրամիության անդամ պետությունների էներգետիկայի նախարարները Եվրոպա արտահանվող ռուսական գազի առավելագույն գին կսահմանեն։ «Համաձայնեցման դեպքում այդ մեխանիզմը կսկսի գործել հունվարի 1-ից», - պնդում են ԵՄ-ին մոտ կանգնած աղբյուրները։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG