Մատչելիության հղումներ

Օսլոյում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը


Օսլոյում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ Այս տարի այն ստացել են ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոնը», ռուսական «Մեմորիալը», ինչպես նաև քաղբանտարկյալ ճանաչված «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի բելառուսցի նախագահ Ալես Բելյացկին։

Ռուսաստանում դատարանի որոշմամբ լուծարված և նախկինում «օտարերկրյա գործակալ» ճանաչված «Մեմորիալը» ներկայացնում էր խորհրդի նախագահ Յան Ռաչինսկին։ Իր ելույթում նա նշել է, որ Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո Ռուսաստանի նոր ղեկավարությունը և նրա գաղափարական սպասավորները սկսեցին ագրեսիվ պատերազմներ «իրենց հարևանների դեմ՝ ոչնչացնելով պատմական ճշմարտությունը հանուն իրենց քաղաքական շահերի»։

Ուկրաինական Քաղաքացիական ազատությունների կենտրոնը մրցանակաբաշխությանը ներկայացնում էր նրա ղեկավար, իրավապաշտպան Օլեքսանդրա Մատվիյչուկը։ Նա կոչ է արել դադարեցնել պատերազմը և օգնել Ուկրաինային:

Բելառուս իրավապաշտպան Բյալյացկու փոխարեն, որը կալանավայրում է, Օսլոյում արարողությանը մասնակցել է նրա կինը՝ Նատալյա Պինչուկը։ Իր ելույթում նա խոսել է «միջազգային բռնապետի» դեմ պայքարելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով Ռուսաստանի նախագահին։

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901 թվականից՝ «խաղաղության ամրապնդման գործում ակնառու ավանդի համար»։ 120 տարվա ընթացքում այն շնորհվել է 109 անհատի և 25 կազմակերպության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG