- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան չի բացառում, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների 9-րդ փաթեթը կարող է հաստատվել արդեն այսօր։ Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարն այս մասին հայտարարել է այսօր Բրյուսելում՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հերթական հավաքից առաջ։
«Վստահ եմ, որ պատժամիջոցների նոր փաթեթը մենք ի վիճակի կլինենք հաստատել մինչև այսօր երեկո», - պնդել է Կոլոնան։
ԵՄ հեղինակած այս փաստաթղթով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ևս 200 քաղաքացիների, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների, նահանգապետերի և պատգամավորների նկատմամբ։ Բացի այդ պատժամիջոցներ են սահմանվելու Ռուսաստանում գործող մի շարք բանկերի, արդյունաբերական ձեռնարկությունների և հեռուստաալիքների դեմ, արգելվելու է երրորդ երկրներից անօդաչու թռչող սարքերի արտահանումը Ռուսաստան։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Եվրամիությունը (ԵՄ) մտահոգված է, որ Թուրքիան սերտ գործընկերություն է պահպանում Ռուսաստանի հետ՝ չնայած Ուկրաինայում պատերազմին և Մոսկվայի դեմ արևմտյան կոշտ պատժամիջոցներին։
Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի խորացումը «մեծ անհանգստության առիթ է», նշել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը Եվրախորհրդարանին ուղղված նամակում, հաղորդել են գերմանական լրատվամիջոցները դեկտեմբերի 11-ին:
Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ մտահոգիչ է նաև Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին Թուրքիայի չմիանալու շարունակական քաղաքականությունը:
Կարևոր էր, որ Թուրքիան Ռուսաստանին չառաջարկեր պատժամիջոցների հետ կապված որևէ լուծում, հավելել է Բորելը:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային, Կիևը հակահարված է տվել Մելիտոպոլում:
Ուկրաինական բանակը հայտարարել է, որ շաբաթ օրը 10 անօդաչու թռչող սարք է խոցել, սակայն ևս հինգը հարվածել են էներգետիկ օբյեկտներին, ինչի հետևանքով մոտ 1,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Ավելի ուշ Մելիտոպոլի վտարանդի ուկրաինացի քաղաքապետը հայտարարել է, որ հարված է հասցվել Ռուսաստանի կողմից վերահսկվող քաղաքին։
Ուկրաինայի Օդեսա նավահանգստային քաղաքի վրա Ռուսաստանը հիմնականում իրականական արտադրության անօդաչու թռչող սարքեր է կիրառել, ասել են ուկրաինացի պաշտոնյաները:
«Իրավիճակը Օդեսայի մարզում շատ ծանր է»,- իր գիշերային տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ցավոք սրտի, հարվածները կրիտիկական էին, ուստի էլեկտրաէներգիան վերականգնելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում: Դա ոչ թե ժամեր է պահանջում, այլ մի քանի օր»:
Հոկտեմբերից Մոսկվան հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների մեծ ալիքներով թիրախավորում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Եվրամիության խորհուրդը համաձայնության է եկել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու մասին, ասվում է շաբաթ օրը Բրյուսելում հրապարակված կոմյունիկեում։
«Խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել օրենսդրական փաթեթի շուրջ, որը թույլ կտա ԵՄ-ին 2023 թվականի ընթացքում 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային: Առաջարկն ընդունվել է այսօր խորհրդի կողմից գրավոր և կներկայացվի Եվրախորհրդարանին հաջորդ շաբաթ հնարավոր ընդունման համար»,- ասված է խորհրդի հաղորդագրության մեջ։
Ուկրաինան կարող է հույս դնել ԵՄ-ի վրա, հավելել է ԵՄ խորհրդում նախագահող Չեխիայի ֆինանսների նախարարը:
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ ֆինանսապես, քանի դեռ դա կպահանջվի»,- ասել է նա:
Ըստ հաղորդագրության՝ նպատակն է տրամադրել կարճաժամկետ ֆինանսական օգնություն, ֆինանսավորել Ուկրաինայի անմիջական կարիքները, վերակառուցել կարևոր ենթակառուցվածքները:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Օսլոյում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ Այս տարի այն ստացել են ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոնը», ռուսական «Մեմորիալը», ինչպես նաև քաղբանտարկյալ ճանաչված «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի բելառուսցի նախագահ Ալես Բելյացկին։
Ռուսաստանում դատարանի որոշմամբ լուծարված և նախկինում «օտարերկրյա գործակալ» ճանաչված «Մեմորիալը» ներկայացնում էր խորհրդի նախագահ Յան Ռաչինսկին։ Իր ելույթում նա նշել է, որ Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո Ռուսաստանի նոր ղեկավարությունը և նրա գաղափարական սպասավորները սկսեցին ագրեսիվ պատերազմներ «իրենց հարևանների դեմ՝ ոչնչացնելով պատմական ճշմարտությունը հանուն իրենց քաղաքական շահերի»։
Ուկրաինական Քաղաքացիական ազատությունների կենտրոնը մրցանակաբաշխությանը ներկայացնում էր նրա ղեկավար, իրավապաշտպան Օլեքսանդրա Մատվիյչուկը։ Նա կոչ է արել դադարեցնել պատերազմը և օգնել Ուկրաինային:
Բելառուս իրավապաշտպան Բյալյացկու փոխարեն, որը կալանավայրում է, Օսլոյում արարողությանը մասնակցել է նրա կինը՝ Նատալյա Պինչուկը։ Իր ելույթում նա խոսել է «միջազգային բռնապետի» դեմ պայքարելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով Ռուսաստանի նախագահին։
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901 թվականից՝ «խաղաղության ամրապնդման գործում ակնառու ավանդի համար»։ 120 տարվա ընթացքում այն շնորհվել է 109 անհատի և 25 կազմակերպության:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի հարավային շրջանները անցած գիշեր կամիկաձե անօդաչու սարքերի հարձակումների են ենթարկվել։ Օդեսայի շրջանի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածների հետևանքով հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի Յուգ օպերատիվ հրամանատարությունը։
Ըստ պաշտոնական Կիևի՝ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը չորս «Շահիդ-136» անօդաչու թռչող սարք է խոցել Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում, ևս երկուսը՝ Օդեսայի շրջանում։
Պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներից չի հաջողվում օպերատիվ կերպով ճշտել հակամարտող կողմերի պնդումները։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի այսօրվա տեղեկագրում փորձագետները ընդգծում են, որ ռուս զինվորականներն ավելի շատ են ապավինում իրանական արտադրության սպառազինությանը։ Մեծ Բրիտանիայի հետախուզությունն էլ հայտարարել է, որ Մոսկվան փորձում է Իրանից ավելի շատ զենքեր ձեռք բերել, այդ թվում՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռներ:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքի նախկին հաղորդավար Ալեքսեյ Կորոստելյովին արգելել են մուտք գործել Լատվիա։ Այս մասին գրում է Delfi պարբերականը։
Հաղորդվում է, որ ռուսաստանցի լրագրողի անունը ներառվել է «սև ցուցակում»։ Դեկտեմբերի 1-ին Կորոստելյովը «Դոժդի» ուղիղ եթերում դիմելով հեռուստադիտողներին խնդրել է տեղեկություններ ուղարկել ռուսների մոբիլիզացիայի գործընթացի հնարավոր խախտումների մասին և հավելել․ «Մենք հույս ունենք, որ նաև օգնել ենք շատ զինվորների, օրինակ, անհրաժեշտ սարքավորումների համալրումներով կամ ուղղակի ռազմաճակատում տարրական հարմարություններով»։
Այս հայտարարությունից հետո Լատվիայի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել հեռուստաալիքի կողմից ռուսական բանակին օգնություն ցուցաբերելու կասկածանքով։
Դեկտեմբերի 2-ին Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը ռուսաստանյան հեռուստաընկերությանը տուգանել է 10 հազար եվրոյով՝ Ռուսաստանի կազմում կցված Ղրիմի քարտեզն օգտագործելու և ռուսական բանակի մասին խոսելիս «մեր» բառն օգտագործելու համար։ Մի քանի օր առաջ Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը չեղարկել է «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակման լիցենզիան՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի հիմնավորմամբ:
«Դոժդ» հեռուստաընկերությունը դադարել է աշխատել Ռուսաստանում մարտի սկզբից՝ լրագրողների նկատմամբ քրեական գործեր հարուցելու վտանգի պատճառով: Ավելի ուշ հեռուստաընկերությունն աշխատելու թույլտվություն էր ստացել Լատվիայում, որտեղ արգելված են ռուսական պետական հեռուստաալիքները:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
«Հատուկ ռազմական գործողությունն ընթանում է իր հունով։ Մեզ մոտ ամեն ինչ կայուն է։ Այնտեղ այսօր որեւէ հարց եւ խնդիր չկա», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում։
Կրեմլի ղեկավարի գնահատմամբ՝ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը «բավական թափանցիկ է» գործում: Նրա խոսքերով՝ այն ամենն, ինչ տեղի է ունենում գետնի վրա, Պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրում արտացոլված է։
Ռուսաստանյան անկախ աղբյուրները կասկածի տակ են դնում Ուկրաինայում մասնավորապես մարդկային ուժի կորուստների մասին պաշտոնական Մոսկվայի հրապարակած տվյալները։ Վերջին անգամ ՌԴ պաշտպանության նախարարությունը սեփական կորուստների մասին հաղորդել է սեպտեմբերի 21-ին, նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է 5937 զոհի մասին։
Պենտագոնը նոյեմբերին հայտարարել է, որ իր գնահատականներով Ուկրաինայում ռուսաստանյան զորքի շրջանում զոհերի թիվը մոտ 100 հազար է։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է Ռուսաստանի Հերոսի կոչմանն արժանացած քաղաքացիներին: Հերոսի մեդալները շնորհելու հանդիսավոր արարողությունից հետո Պուտինը նրանց հետ զրույցում հաստատել է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի էներգետիկայի համակարգին:
«Հենց հիմա ամբողջ աշխարհով աղմուկ են բարձրացրել, թե տեսեք՝ ինչ են անում ռուսները: Այո, հարվածում ենք, բայց ո՞վ առաջինը սկսեց, ո՞վ հարվածեց Ղրիմի կամրջին, ո՞վ պայթեցրեց Կուրսկի ատոմակայանից էլեկտրահաղորդման գծերը»,- հռետորական հարց է տվել Պուտինը և հավաստիացրել, որ նշված աղմուկը բանակին չի խանգարի մինչև վերջ կատարել առաջադրանքը:
Այսօրվա հանդիպման ընթացքում նա ասել է, թե հերոս է համարում յուրաքանչյուրին, ով հիմա կռվում է Ուկրաինայում:
Ռուսաստանն անցած ամիսներին գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում Ուկրաինայում հոսանքի, ջրի, ջեռուցման և կապի մատակարարման հիմնարկներին:
Ըստ վերլուծաբանների, Կրեմլի նպատակն է Ուկրաինայում մարդկանց կյանքն անտանելի դարձնել ձմռան ամիսներին և դրանով թուլացնել երկրի դիմադրությունը:
Ուկրաինան և արևմտյան պետությունները քաղաքացիական ենթակառուցվածքի միտումնավոր թիրախավորումը պատերազմի հանցագործություն են որակում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր աղոթում է Ուկրաինայում խաղաղության համար: Նա ասել է, թե կգնա Հռոմում Սանտա Մարիա Մաջորե եկեղեցի, որտեղ կաղոթի Տիրամոր և մանուկ Հիսուսի բյուզանդական սրբապատկերի առաջ, ապա դրանից հետո կգնա Իսպանական աստիճանի մոտ՝ Անարատ Հղության արձանի առաջ աղոթելու համար:
«Այստեղ ես կխնդրեմ, որ դուք հոգով միանաք ինձ, և մենք, դիմելով մեր Մորը, աղոթենք աշխարհում խաղաղության համար, հատկապես նահատակվող Ուկրաինայի համար, որն այդքան տառապանք է կրում: Աստծո համար անհնարին բան չկա: Աստծո կամոք հնարավոր է խաղաղությունը, հնարավոր է հրաժարումը զենքից»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Հռոմի քահանայապետը փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի ավելի քան 10 ամիսների ընթացքում գրեթե ամեն շաբաթ աղոթել է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար, դատապարտել է Ռուսաստանի հարձակումը և Մոսկվային կոչ է արել դադարեցնել պատերազմը: