Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ուկրաինայում զոհված զինծառայողների մայրերին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է որդիներին Ուկրաինայում կորցրած մայրերին, Նովո-Օգարևո, 25 նոյեմբերի, 2022թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է որդիներին Ուկրաինայում կորցրած մայրերին, Նովո-Օգարևո, 25 նոյեմբերի, 2022թ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Նովո-Օգարևոյի ամառանոցային նստավայրում հանդիպել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքում զոհված զինծառայողների մայրերին:

(Ռուսաստանում պետական պաշտոնյաները և մամուլը սկզբունքորեն չեն կիրառում «պատերազմ» եզրույթը):

Նա հավաստիացրել է, որ ինքը և Դաշնության մյուս ղեկավարները կիսում են մարտերում զոհված զինծառայողների մայրերի ցավը:

«Ով որդուն է կորցրել, այստեղ լեզուն չի պտտվում ինչ-որ պաշտոնական ընդունված բաներ ասել, ցավակցություն հայտնել: Բայց ուզում եմ, որ իմանաք, որ անձամբ ես, երկրի ամբողջ ղեկավարությունը, մենք կիսում ենք ձեր ցավը: Մենք գիտակցում ենք, որ ոչինչ չի կարող փոխարինել որդուն, երեխայի կորուստը, հատկապես մայրների համար, որոնց պարտական ենք այս աշխարհ գալով, որոնք ծնել, կերակրել, պահել են զավակներին»,- ասել է Պուտինը հանդիպման ընթացքում:

Նա հավաստիացրել է, թե Ռուսաստանի Դաշնության իշխանությունն ամեն բան կանի, որ զոհված զինծառայողների մայրերն իրենց երբեք մոռացված չզգան:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 21-ին ասել է, թե Ուկրաինայում զոհվել է 5937 ռուսաստանցի զինծառայող: Վերլուծաբանների համոզմամբ, իրական թիվն անհամեմատ ավելի մեծ է:

Միացյալ Նահանգների ռազմական հետախուզության փորձագետների կարծիքով, Ուկրաինայում ռուսաստանցի զոհված և վիրավոր զինծառայողների թիվը հասնում է 100 հազարին: Ենթադրվում է, որ Ուկրաինան մոտավորապես նույն կորուստներն ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG