Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. «Կիևին «Փեթրիոթ» հրթիռներ փոխանցելու որոշումը պետք է ընդունեն ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրներ»


Patriot տեսակի ամերիկյան արտադության ՀՕՊ համակարգը, արխիվ

Ուկրաինա «Փեթրիոթ» տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռներ ուղարկելու որոշումը կախված է ՆԱՏՕ-ի անդամ կոնկրետ երկրներից: Այդ հայտարարությամբ այսօր Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն արձագանքել ուկրաինացիներին «Փեթրիոթներ» տրամադրելու Գերմանիային հասցեագրված Լեհաստանի կոչին:

«Մենք արդեն նշանակալից ՀՕՊ համակարգեր ենք փոխանցել Ուկրաինային: Գերմանիան տվել է արդիական համակարգեր, և ես՝ հաջորդ շաբաթ, ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ժողովում, բոլորին կոչ կանեմ լրացուցիչ օգնություն տալ Կիևին, բայց կոնկրետ տեսակի սպառազենի վերաբերյալ վճիռները պետք է կոնկրետ երկրները կայացնեն»,- ասել է Ստոլտենբերգը:

Բեռլինը Վարշավային «Փեթրիոթներ» է առաջարկել այն բանից հետո, երբ վերջերս թիրախից շեղված ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիռն ընկել է Լեհաստանի տարածքում և դրա պայթյունից երկու տեղացի ֆերմեր է զոհվել:

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակն ավելի ուշ գերմանացիներին խնդրել է այդ համակարգերն ուղարկել Ուկրաինա:

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտն առարկել է, նշելով, որ «Փեթրիոթները» ստեղծվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքը պաշտպանելու համար, ուստի, դրանք դաշինքից դուրս գտնվողներին փոխանցելու հարցը նախ պետք է քննարկվի դաշինքի ներսում:

Հաջորդ երեքշաբթի օրը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նախատեսված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG