- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Պատերազմի գրեթե ինը ամիսների ընթացքում Ուկրաինայում զոհվել է 437 երեխա, ավելի քան 800-ը՝ վիրավորվել, հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։
Նախագահ Զելենսկին էլ ասում է, թե այս ընթացքում Ռուսաստանը ավելի քան 4700 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Հեռավար դիմելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին՝ Զելենսկին կրկին օգնություն է խնդրել միջազգային հանրությունից խաղաղության ուկրաինական բանաձևն իրագործելու համար։ Դա ենթադրում է, որ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն ուկրաինական տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից. - «Այն բավականին կառուցողական է և իրատեսական, ի տարբերություն բանակցություններ վերսկսելու մասին ռուսական դատարկ և կեղծ հռետորաբանության։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի աշխարհը ընդունի խաղաղության ուկրաինական բանաձևը»։
Եթե ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են, որ պատերազմին փոխարինեն բանակցությունները, ուրեմն պետք է շարունակել ռազմական աջակցությունը Կիևին, հայտարարել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը։ Յենս Ստոլտենբերգի խոսքով, ինչ-որ փուլում բանակցություններ սկսվելու են, և այդ բանակցությունների արդյունքը կախված է լինելու ճակատում ստեղծված իրվիճակից. - «Այսպիսով, եթե մենք ցանկանում ենք Ուկրաինայի համար ընդունելի արդյունք, արդյունք, որը երաշխավորում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և ժողովրդավարությունը, դրան հասնելու լավագույն միջոցը Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելն է»:
Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեքորնյուն իր հերթին Le Journal du Dimanche-ին ասել է, որ պատերազմը կավարտվի բանակցային սեղանի շուրջ, սակայն Ուկրաինա՛ն պետք է որոշի, թե երբ է բանակցութունները վերսկսելու ճիշտ ժամանակը. - «Այս պատերազմում կա ագրեսոր։ Եթե մենք հավատում ենք միջազգային իրավունքին և հարգում ենք սահմանները, ապա հարձակման ենթարկված պետությունն է որոշում բանակցությունների ժամանակացույցը։ Կգա մի պահ, երբ հարկ կլինի նստել բանակցային սեղանի շուրջ»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
«Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով «Նովայա գազետա. Եվրոպա» պարբերականին, հաղորդում է, որ առնվազն 159 ռուսաստանցի երեխաներ կորցրել են մասնակի զորահավաքով Ուկրաինա ուղարկված իրենց հայրերին:
Հայրերից զրկվել են առնվազն 91 ընտանիքների զավակներ: Այդ ընտանիքներից 15-ը բազմազավակ են:
Սեպտեմբերի 21-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքից հետո Ուկրաինայում զոհվել է առնվազն 217 զորակոչված:
«Նովայա գազետա. Եվրոպա» պարբերականը վերլուծել է միայն բաց աղբյուրների հրապարակած տվյալները, հետևաբար, զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել:
Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում այդ զինծառայողների կյանքը ռազմաճակատ հասնելուց հետո միջինը տևել է 23.5 օր:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Պաշտոնական Բեռլինը Վարշավային Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր է առաջարկել՝ օգնելու նրան պաշտպանել իր օդային տարածքը, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը։
Գերմանիայի կառավարությունն արդեն հայտարարել էր, որ անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպից հետո իր հարևանին կառաջարկի լրացուցիչ օգնություն օդային տարածքը պաշտպանելու համար:
«Մենք Լեհաստանին առաջարկել ենք հակաօդային պաշտպանության օգնություն՝ մեր Eurofighters և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերով», - ասել է Լամբրեխտը գերմանական թերթերին տված հարցազրույցում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում ավելի քան տասը հզոր պայթյունների մասին: Դրանք տեղի են ունեցել երեկ երեկոյան և այսօր առավոտյան:
ԱԷՄԳ-ն նշել է, որ ԱԷԿ-ի առանցքային համակարգերը չեն վտանգվել: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ռուսաստանն այդ հրետանային հարվածների համար Ուկրաինային է մեղադրել: «Ռոսներգոատոմ» դաշնային գործակալությունը պնդում է, որ արկերից մեկը հարվածել է թարմ միջուկային վառելիքի պահեստավորման հատուկ շինության տանիքին:
Ուկրաինայի «Էներգոատոմը» պնդում է, որ ԱԷԿ-ը հրետակոծել են ռուսները, որոնց նպատակն է շարքից հանել 5-րդ և 6-րդ էներգաբլոկների վերագործարկման համար կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքը:
Կիևը նշում է, որ ռուսական կողմը ցանկանում է այդպես ուկրաինացիներին զրկել ԱԷԿ-ի արտադրելիք էլեկտրաէներգիան օգտագործելու հնարավորությունից:
Ռուսական բանակը վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամեն օր հրթիռակոծում է Ուկրաինայի էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման համակարգերը և ձմռան ամիսներին անտանելի պայմաններ է ստեղծում բնակչության համար:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ուկրաինան սկսել է Խերսոնի և Նիկոլաևի շրջանների ազատագրված շրջանների բնակիչների կամավոր տարհանումը։ Այս մասին Նիկոլաևում կայացած ճեպազրույցում հայտարարել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները:
Նրանց ներկայացմամբ՝ ժամանակավոր տեղափոխումը տեղի կունենա պետության հաշվին։
Ռուսական զորքերից ազատագրված շրջանների բնակիչներին առաջարկում են ժամանակավորապես մեկնել Կրիվոյ Ռոգ կամ Ուկրաինայի արևմտյան շրջաններ։ Դա պայմանավորված է զավթված տարածքներում, հատկապես ձմեռային պայմաններում, դժվար կենսապայմաններով, նշում են իշխանությունները։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Այսօր կայացել է Ուկրաինայի և Թուրքիայի նախագահնել Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, զրույցի ընթացքում էրդողանն իր երախտագիտությունն է հայտնել Զելենսկուն՝ ուկրաինական գյուղմթերքի արտահանման գործարքի երկարաձգման շուրջ բանակցությունների ընթացքում ցուցաբերած կառուցողական մոտեցման համար։
Հիշատակելով հացահատիկի գործարքի և գերիների փոխանակման շուրջ բանակցությունների ընթացքում առկա փոխըմբռնումը՝ Էրդողանն ընդգծել է․ - «Այդ փոխըմբռնումը բանակցային ողջ գործընթացի, մասնավորաբար, հրադադարի կնքման վրա տարածելը կբխի բոլոր կողմերի շահերից»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ վերջին 24 ժամերի ընթացքում բանակային ստորաբաժանումները հարձակողական գործողություններ են ձեռնարկել Դոնեցկի մերձակայքում։
«Դոնեցկի հանրապետությունում իրականացված հարձակողական գործողությունների ընթացքում ռուսական զորքերին հաջողվել է 120 ուկրաինացի զինծառայող, երկու տանկ, երեք զրահամեքենա և յոթ ավտոմեքենա ոչնչացնել», - այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը։
Ռուսաստանի ՊՆ խոսնակը նաև տեղեկացրել է, որ ռուսական զորքերին հաջողվել է հետ մղել Լուգանսկի և Խարկովի ուղղություններում ձեռնարկված ուկրաինական հարձակումները, ինչպես նաև ոչնչացնել Խարկովի մարզում գտնվող 9 հրամանատարական կետեր, որոնց միջոցով ուկրաինական բանակը համակարգում էր ռազմական գործողությունների ընթացքը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը պնդում է, որ Ռուսաստանը պատերազմի այս փուլում նպատակ ունի նվազեցնել ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի կարողությունները։
«Հրթիռային հարվածների ինտենսիվությունը մեծացնելով՝ ռուսները փորձում են գերծանրաբեռնել և հյուծել ուկրաինական ՀՕՊ համակարգը։ Նրանք հույս ունեն, որ այդ դեպքում ուկրաինացիները կսպառեն հակաօդային պաշտպանության համար նախատեսված հրթիռներ, ինչը ռուսներին հնարավորություն կտա Ուկրաինայի երկնքում գերակայության հասնել», - ամերիկացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը։
Պենտագոնի ղեկավարի տեղակալի խոսքով՝ Վաշինգտոնում ռուսական կողմի այս մտադրության մասին տեղյակ են։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Կիևը կրկին պնդում է, որ Ուկրաինայում փետրվարից ծավալված ռազմական գործողությունները կդադարեն միայն ռուսական զորքերի՝ երկրի բոլոր գրավյալ շրջաններից, այդ թվում՝ Ղրիմից դուրսբերման դեպքում։
Այս մասին Telegram-ի իր օգտահաշվում այսօր գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ մենք ջախջախենք Ուկրաինայում գտնվող ռուսական բանակի ստորաբաժանումները և վերականգնենք 1991 թվականի սահմանները», - գրել է Երմակը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի ներկայացուցիչները, հավանաբար, կստանան Լեհաստանում՝ Լյուբլինի մարզի Պշևոդուվ բնակավայրի տարածքում հրթիռի ընկնելու վայր այցելելու հնարավորություն: Միջադեպի հետևանքով երկու լեհ գյուղացի է զոհվել:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երեկ նշել է, որ համաձայնությունը կտրվի, եթե դրան հավանություն տան միջադեպի հանգամանքները քննող երկու երկրները՝ Լեհաստանը և Միացյալ Նահանգները:
«Նախագահ Անջեյ Դուդան առարկություններ չունի ուկրաինացի փորձագետների այցի վերաբերյալ, բայց դա որոշակի ընթացակարգ է ենթադրում և դաշնակիցների հետ համաձայնեցում»,- ասել է Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յացեկ Սիևիերան:
Վարշավան հայտնել է, թե, ամենայն հավանականությամբ, Պշևոդուվ գյուղի ֆերմայի մոտ պայթել է ուկրաինական հակաօդային պաշտպանության Ս-300 տեսակի խորհրդային արտադրության հին հրթիռը, որի թիրախն են եղել Ուկրաինայի ուղղությամբ ռուսների արձակած հրթիռները: