- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Մարկ Միլլին ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել աջակցությունն Ուկրաինային, և դա կտևի այնքան, որքան անհրաժեշտ է:
Միլլին նշել է, թե մոտ ապագայում Ուկրաինայի լիակատար հաղթանակ ակնկալելու հիմքեր չկան, քանի որ Ռուսաստանը՝ չնայած ռազմի դաշտում վերջին ժամանակաշրջանի անհաջողություններին, այնուամենայնիվ Ուկրաինայի տարածքում տակավին ունի հզոր կարողություններ։
«Ռուսաստանը թեկուզ այսօր կարող է ավարտել պատերազմը, բայց չի ցանկանում: Նրանք ուզում են շարունակել պատերազմը, հասցնել մինչև ձմեռ, և մենք, Միացյալ Նահանգները, նախագահի ու պաշտպանության նախարարի ղեկավարմամբ կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է այդ երկրի ազատությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը երաշխավորելու համար»,- ասել է գեներալ Միլլին:
Նա նշել է, որ ռուսական կողմի հետ բանակցելու պայմանները պետք է ուկրաինացիներն ընտրեն:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Կիևում, Օդեսայում և Դնեպրում պայթյունների մասին՝ ամբողջ երկրում հայտարարված օդային հարձակման նախազգուշացումից հետո։
Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Օդեսայի մարզում գտնվող ենթակառուցվածքի օբյեկտին, ավելի ուշ հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն։
Ինչպես տեղեկացրել է Նիկոլաևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը, առաջին հրթիռներն արձակվել են առավոտյան ժամը 8-ի սահմաններում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Սպիտակ տունը համաձայն է Լեհաստանի նախագահի գնահատականին, ով ասել է, որ պայթյունը երկրի արևելքում, ըստ երևույթին, եղել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի ընկնելու հետևանք, սակայն դա չի վերացնում Ռուսաստանի պատասխանատվությունը, որը հրթիռներ է արձակել Ուկրաինայի քաղաքացիական բնակչության ենթակառուցվածքների վրա։ Այս մասին երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էդրիեն Ուոթսոնը։
Ուոթսոնի խոսքով՝ Միացյալ Նահանգները լիովին վստահում է Լեհաստանի կառավարության կողմից իրականացվող հետաքննությանը և շնորհակալություն է հայտնում Վարշավային՝ դրա վարմանը պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու համար։
Ըստ խոսնակի՝ ինչպիսին էլ լինեն վերջնական եզրակացությունները, «պարզ է, որ այս ողբերգական միջադեպի վերջնական պատասխանատու կողմը Ռուսաստանն է, որը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացնում Ուկրաինայի վրա՝ հատուկ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելով»: «Ուկրաինան ունեցել է և ունի ինքնապաշտպանության իրավունք», - հայտարարել է Էդրիեն Ուոթսոնը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը զայրացած է իր նկատմամբ սահմանված՝ Եվրոպական միություն այցելելու արգելքից:
«Ընդունվել է աննախադեպ վճիռ՝ Պատրիարքին չթողնել Եվրամիություն: Նման բան նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին չի եղել», - ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու հովիվը Արևելքի Ասորական եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք Մար Ավա երրորդի հետ հանդիպման ընթացքում:
Պատրիարք Կիրիլը չի նշել, թե կոնկրետ ով և ինչ պատճառով է նրան արգելել այցելել Եվրամիություն:
Այս տարվա օգոստոսի 31-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն քննադատել է Պատրիարք Կիրիլին Ուկրաինայի դեմ Կրեմլի նախաձեռնած պատերազմին աջակցելու համար:
Դեռ հունիսի 23-ին Լիտվան արգելել է նրա այցերը: Պաշտոնական Վիլնյուսը հայտարարել է, որ Ռուսաց Պատրիարքը «Ուկրաինայի դեմ պատերազմի ամենաակտիվ ջատագովն է և Վլադիմիր Պուտինի մերձավոր գործընկերն է»:
Հետագայում նմանօրինակ որոշումներ են ընդունել Կանադան և Մեծ Բրիտանիան:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի նկատմամբ:
Գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրությունում Կադիրովը նշված է որպես «իրավապահ ծառայություններից թաքնվող անձ» և կցված է նրա լուսանկարը:
Այս տարվա օգոստոսի 26-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Կադիրովին հեռակա կարգով ներկայացրել է «Ուկրաինայի պետական սահմանների փոփոխությանն ուղված նպատակով միտումնավոր գործողություններ կատարելու» մեղադրանք:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պատրաստ են իրենց տրամադրության տակ եղած բոլոր նյութերը, ինչպես նաև սեփական մասնագետներին տրամադրել Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի քննության ընթացքում», - այսօր տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Իգնատը։
Լեհաստանում տեղի ունեցած միջադեպին այսօր անդրադարձել է նաև Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
«Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կներկայացնեն այս փաստական հիմքերը, որոնցից ելնելով իրենց եզրակացրել են, որ խոսքը ՀՕՊ ուկրաինական հրիթիռների մասին է։ Մենք նաև ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինայի ՊՆ և Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին հնարավորություն տրվի անհապաղ այցելել պայթյունի վայր», - նշել է Դանիլովը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լեհաստանը չի բացառում, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը գործարկելու կարիք չի լինի։ Այս մասին քիչ առաջ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ նշելով, որ իր ղեկավարած նախարարների կաբինետն առայժմ վերլուծում է նման քայլի դիմելու անհրաժեշտությունը։
ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը նախատեսում է դաշինքի անդամ բոլոր պետությունների ներգրավում հարձակման ենթարկված դաշնակցի պաշտպանության գործում։
Նույն ասուլիսի ժամանակ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ երկրի դեմ իրականացված արտաքին հարձակման նշույլներ չկան, և երեքշաբթի երեկոյան Լյուբլինի մարզում պայթած հրթիռները ըստ ամենայնի արձակվել էին Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Մոսկվան կրկին պնդում է, որ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի հետ առնչություն չունի։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարարության մեջ մասնավորաբար նշված է, որ ամենահեռավոր թիրախը, որ հրթիռակոծվել է Ռուսաստանի կողմից, գտնվել է Լեհաստանի հետ սահմանից 35 կիլոմետրի վրա՝ Ուկրաինայի տարածքի խորքում։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ «Լեհաստանի Պշևոդով գյուղում նոյեմբերի 15-ի երեկոյան արված լուսանկարներում պատկերված բեկորները Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության մասնագետների կողմից միանշանակորեն նույնականացվել են որպես Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի կազմում գործող C-300 համակարգերին պատկանող»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինական պատերազմի միակ մեղավորը Ռուսաստանն է, միայն Ռուսաստանն է հարևան երկրների համար աճող ռիսկերի մեղավորը», - մեկնաբանելով Լեհաստանի տարածքին հասցված հարվածները՝ այսօր Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը։
Ուկրաինացի պաշտոնյայի պնդմամբ՝ «արդարացումներ հնչեցնելու կարիք չկա, եկել է Եվրոպայի կողմից Ուկրաինայի օդային տարածքը փակելու պահը»։ «Նաև ձեր իսկ անվտանգության համար», - ընդգծել է Պոդոլյակը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը Բալիում ընթացող գագաթնաժողովի ընթացքում Մեծ յոթնյակի պետությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ երեկ երեկոյան Լեհաստանում պայթած և երկու մարդկանց մահվան պատճառ դարձած հրթիռներն ուկրաինական էին։ Այս մասին Reuters-ի թղթակցին փոխանցել են ՆԱՏՕ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները։
Դրանց փոխանցմամբ՝ Լեհաստանի արևելքում պայթել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռները։