Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:51 16.11.2022

Պաշտոնական Մոսկվան կրկին պնդում է, որ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի հետ առնչություն չունի։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարարության մեջ մասնավորաբար նշված է, որ ամենահեռավոր թիրախը, որ հրթիռակոծվել է Ռուսաստանի կողմից, գտնվել է Լեհաստանի հետ սահմանից 35 կիլոմետրի վրա՝ Ուկրաինայի տարածքի խորքում։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ «Լեհաստանի Պշևոդով գյուղում նոյեմբերի 15-ի երեկոյան արված լուսանկարներում պատկերված բեկորները Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության մասնագետների կողմից միանշանակորեն նույնականացվել են որպես Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի կազմում գործող C-300 համակարգերին պատկանող»։

16:49 16.11.2022

«Ուկրաինական պատերազմի միակ մեղավորը Ռուսաստանն է, միայն Ռուսաստանն է հարևան երկրների համար աճող ռիսկերի մեղավորը», - մեկնաբանելով Լեհաստանի տարածքին հասցված հարվածները՝ այսօր Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը։

Ուկրաինացի պաշտոնյայի պնդմամբ՝ «արդարացումներ հնչեցնելու կարիք չկա, եկել է Եվրոպայի կողմից Ուկրաինայի օդային տարածքը փակելու պահը»։ «Նաև ձեր իսկ անվտանգության համար», - ընդգծել է Պոդոլյակը։

16:48 16.11.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը Բալիում ընթացող գագաթնաժողովի ընթացքում Մեծ յոթնյակի պետությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ երեկ երեկոյան Լեհաստանում պայթած և երկու մարդկանց մահվան պատճառ դարձած հրթիռներն ուկրաինական էին։ Այս մասին Reuters-ի թղթակցին փոխանցել են ՆԱՏՕ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները։

Դրանց փոխանցմամբ՝ Լեհաստանի արևելքում պայթել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռները։

12:52 16.11.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համոզմամբ՝ երեքշաբթի երեկոյան Լեհաստանի արևելքում որոտացած պայթյունները, որոնց հետևանքով երկու մարդ է զոհվել, Ռուսաստանի հետ առնչություն չունեն։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Բալիում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում։

«Մենք պետք է հարգենք Ռուսաստանի կողմից արվող հայտարարությունները։ Մեզ համար կարևոր է, որ Ռուսաստանը պնդում է, թե Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի հետ որևէ կապ չունի։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ նա ևս ընդգծում էր, որ տեղի ունեցածը պետք է մանրակրկիտ հետաքննության ենթարկվի։ Այն հանգամանքը, որ Ռուսաստանը պնդում է,որ այս ամեի հետ կապ չունի, իսկ [ԱՄՆ նախագահ] Բայդենը հայտարարում է, որ հրթիռները ռուսական արտադրության չէին, հնարավոր է վկայում են այն մասին, որ Ռուսաստանն այս միջադեպի հետ իրոք կապ չունի։ Չի բացառվում,որ խոսքը տեխնիկական սխալի մասին է», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպը չպետք է խոչընդոտի նաև ուկրաինական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման փորձերին։

«Կարծում եմ՝ այն պնդումները, թե տեղի ունեցածը հենց Ռուսաստանի մեղքն է, սրելու են իրավիճակը։ Մենք այժմ փորձում ենք շուտափույթ կերպով Ռուսաստանին և Ուկրաինային նստեցնել բանակցային սեղանի շուրջ», - ասել է Թուրքիայի նախագահը։

12:51 16.11.2022

Այս փուլում Միացյալ Նահանգները կարծում է, որ հրթիռը, որը, ըստ Վարշավայի, ընկել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող լեհական բնակավայրի տարածքում, արձակվել է ուկրաինական զորքերի կողմից, որոնք փորձել են խոցել ռուսական հրթիռ, հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

«Ամերիկացի երեք պաշտոնյաներ ասել են, որ նախնական գնահատականներով՝ հրթիռը արձակվել է ուկրաինական ուժերի կողմից ռուսական հրթիռի ուղղությամբ», - հայտնում է AP-ն։

Նշվում է, որ գործակալության զրուցակիցները անանունության պայմանով են հայտնել այս տեղեկությունը, «քանի որ թույլտվություն չունեն հրապարակայնորեն քննարկելու այդ հարցը»։

Պաշտոնական Վարշավան էլ հաղորդում է, որ հրթիռը ռուսական արտադրության էր։

12:50 16.11.2022

Լեհաստանի օդային տարածքում առաքելություն իրականացնող ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը ֆիքսել է երեքշաբթի օրը երկրի արևելքում ընկած հրթիռի թռիչքը։ Այս մասին CNN հեռուստաընկերությանը հայտնել է դաշինքի զինվորականը, ում անունը չի հրապարակվում։

CNN-ի զրուցակիցը չի ասել, թե ով է արձակել այս հրթիռը, ինչպես նաև՝ կոնկրետ որտեղից է այն արձակվել։ Նրա խոսքով՝ հավաքված հետախուզական տվյալները, ներառյալ՝ ռադարի վրա մնացած հրթիռի հետքը, փոխանցվել են ՆԱՏՕ-ին և Լեհաստանին։

12:49 16.11.2022

ՆԱՏՕ-ի և Մեծ յոթնյակի (G7) առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել Ինդոնեզիայում աշխարհի առաջատար տնտեսությունների գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած արտակարգ հանդիպումից հետո:

Հայտարարությունը դատապարտում է «Ռուսաստանի կողմից երեքշաբթի օրը ուկրաինական քաղաքներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված բարբարոսական հրթիռային հարվածները»։

«Մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին՝ ի դեմս շարունակվող ռուսական ագրեսիայի, ինչպես նաև մեր շարունակական պատրաստակամությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին ուկրաինական բնակչության վրա իր անամոթ հարձակումների համար», - ասվում է փաստաթղթում։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Մոսկվան երեկ մոտ 100 հրթիռ է արձակել ուկրաինական քաղաքների ուղղությամբ: Տասնյակից ավելի քաղաքներ ու շրջաններ են ենթարկվել հարվածների։ Սա ամենաինտենսիվ հրթիռային հարձակումն էր Ուկրաինայի վրա հոկտեմբերի 10-ից ի վեր, երբ Ռուսաստանը սկսեց զանգվածային ավիահարվածներ հասցնել երկրի էներգետիկ, ջրային և գազային համակարգերը ոչնչացնելու համար:

12:47 16.11.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դաշնակիցների հետ հանդիպումից հետո ասել է, որ արևմտյան ուժերը կաջակցեն Լեհաստանին՝ հետաքննելու, թե «ինչ է կոնկրետ տեղի ունեցել» այդ երկրի տարածքում հրթիռային հարձակման ժամանակ, հավելելով՝ նախնական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ հրթիռը, հավանաբար, չի արձակվել «Ռուսաստանից»:

«Քիչ հավանական է, որ այն արձակվել է Ռուսաստանից», - ասել է Բայդենը լրագրողներին Բալիում, որտեղ մասնակցում է Մեծ քսանյակի գագաթնաժողովին։ ԱՄՆ նախագահը վկայակոչել է հրթիռի հետագիծը։ «Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի պարզենք, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել», - նշել է Միացյալ Նահանգների նախագահը։

Աշխարհի առաջնորդները, ովքեր հավաքվել են Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի գագաթնաժողովին, չորեքշաբթի օրը արտակարգ հանդիպում են անցկացրել Լեհաստանում հրթիռների պայթյուններից հետո, որոնց հետևանքով երկու քաղաքացի է զոհվել:

Հանդիպումը հրավիրել էր ԱՄՆ նախագահը, հայտնել են Սպիտակ տանը։

09:04 16.11.2022

Վարշավան հաստատում է, որ երեքշաբթի օրն իր տարածքում ռուսական արտադրության երկու հրթիռ է պայթել, զոհվել է երկու մարդ: Կառավարությունը նշում է, թե համապարփակ փաստեր չունի, թե որ երկրից են հրթիռներն արձակվել: Միաժամանակ հաղորդվում է, որ արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպանը` «մանրամասն բացատրություններ ներկայացնելու»:

Պայթյուններից հետո Վարշավան անմիջապես Անվտանգության խորհրդի նիստ էր գումարել և որոշել բարձր պատրաստվածության վիճակի բերել զինված ուժերը: «Մեր հատուկ ծառայություններն այժմ դեպքի վայրում են`մանրամասները պարզելու», - հայտարարել է կառավարության խոսնակը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել լեհ գործընկերոջ հետ ու Ամերիկայի «լիակատար աջակցությունն ու օգնությունն առաջարկել հետաքննության հարցում», - հայտարարել է Սպիտակ տունը: Երկու առաջնորդները պայմանավորվել են «սերտ շփման մեջ մնալ`հետաքննությանը զուգահեռ հետագա քայլերը որոշելու համար»:

Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, որի Կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն հարձակումը դաշինքի անդամներից որևէ մեկի վրա դիտարկվում է որպես հարձակում ընդդեմ բոլորի: Միաժամանակ, արևմտյան աղբյուրները նշում են, որ ռազմական դաշինքի արձագանքը կատարվածին մեծապես կախված կլինի քննության արդյունքներից, մասնավորապես հարցից`միջադեպը միտումնավոր էր, թե պատահական:

ԱՄՆ նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, դաշինքի անդամ երկրների դեսպաններն էլ որոշել են չորեքշաբթի արտակարգ հանդիպում անցկացնել:

09:01 16.11.2022

Լեհաստանում հեռարձակվող ZET ռադիոկայանը երեքշաբթի ուշ երեկոյան հաղորդել է, որ Լեհաստանի տարածքում ընկել և պայթել են ենթադրաբար ռուսական երկու մարտական հրթիռներ: Զոհվել է առնվազն 2 մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել Լեհաստանի Լյուբլինի մարզի Պշևոդուվ գյուղի մոտ՝ Ուկրաինայի սահմանից շուրջ 5 կիլոմետր հեռավորության վրա:

Չի բացառվում, որ ռուսներն այդ հրթիռներն արձակել են Ուկրաինայի ուղղությամբ, սակայն դրանք շեղվել են թիրախից ու հասել են Լեհաստանի տարածք:

Լեհերը դեռ չեն շտապում որևէ եզրակացություն հայտնել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «Զինված ուժերի կողմից այսօր հարվածներ չեն հասցվել լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող թիրախներ»:

Ռուսները «սադրանք» են անվանել լեհական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը:

Միացյալ Նահանգները հայտնել է, որ ուշադրությամբ հետևում է այս խնդրին, և «դրա վերաբերյալ Լեհաստանից ստացվող հաղորդագրությունները մեծ մտահոգություն են առաջացնում»:

Վաշինգտոնը նշել է, որ ակտիվ կապի մեջ է Լեհաստանի իշխանության հետ: ՆԱՏՕ-ն նույնպես հաղորդել է խնդիրը լեհական կողմի հետ քննարկելու մասին:

«Տեղի է ունեցել այն, ինչի մասին մենք վաղուց ենք նախազգուշացրել: Ռուսաստանը շարունակում է ահաբեկչական գործողությունները, դրանք այսօր արդեն հասել են Լեհաստան», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է: Հյուսիսատլանտյան դաշինքի Կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն, հարձակումը որևէ անդամի վրա հավասարազոր է հարձակման ամբողջ դաշինքի վրա:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG