- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, ելույթ ունենալով Կամբոջայում Հարավարևելյան Ասիայի գագաթնաժողովում, հայտարարել է, որ Ուկրաինայի ազատագրման համար պայքարը շարունակվելու է։
«Մենք հաղթում ենք մարտերում: Բայց պատերազմը շարունակվում է», - ասել է Կուլեբան։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքերով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրեն չի խնդրել հանդիպել գագաթնաժողովի շրջանակներում։
«Եթե դիմի, մենք մանրակրկիտ կքննարկենք խնդրանքը»,- շեշտել է ուկրաինական դիվանագիտության ղեկավարը՝ հավելելով, որ այդ դեպքում պետք է բարեխղճորեն մոտենա բանակցություններին։
«Չկա որևէ նշան, որ Ռուսաստանը անկեղծորեն բանակցություններ է վարում»,- ասել է Կուլեբան։
«Սեղանի շուրջ նստենք գեղեցիկ լուսանկարի համար. դա արդեն եղել է, մենք դա արել ենք, մենք դա էլ ենք փորձել », - ավելացրել է Ուկրաինայի արտգործնախարարը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Պաշտոնական Մոսկվան ԱՄՆ ևս 200 քաղաքացու նկատմամբ Ռուսաստան մուտքի արգելք է սահմանել, այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության մամլո ծառայությունը։
Ռուսաստանյան «սև ցուցակում» ներառվել են ամերիկյան իշխանությունների և օրենսդիրների ներկայացուցիչներ, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականները, ռազմարդյունաբերական ոլորտի ղեկավար պաշտոնյաներ, փորձագետներ։
Նրանց թվում են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկու եղբայրներն ու քույրը, ԱՄՆ ազդեցիկ սենատոր Բոբ Մենենդեսի հայազգի կինը՝ Նադին Արսլանյանը։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ նրանք «աջակցում են Կիևի ռեժիմին և ռուսաֆոբ քարոզարշավին»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Գենիչեսկը ժամանակավորապես կդառնա բռնակցված Խերսոնի շրջանի վարչական մայրաքաղաքը, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի կողմից նշանակված կառավարության խոսնակ Ալեքսանդր Ֆոմինը։
«Այսօր Խերսոնի շրջանի ժամանակավոր վարչական մայրաքաղաքը Գենիչեսկն է, այնտեղ կենտրոնացած են իշխանության բոլոր հիմնական մարմինները»,- ասել է Ֆոմինը։
Փետրվարից ռուսական ուժերի կողմից օկուպացված Գենիչեսկը առողջարանային և նավահանգստային քաղաք է, որը գտնվում է Խերսոնի շրջանի հարավում՝ Ազովի ծովի ափին: Խերսոնն ու ուկրաինական երեք այլ շրջաններ Մոսկվան բռնակցել էր սեպտեմբերի վերջին, դրանից մեկ ամիս անց Ռուսաստանի պաշտպանության նախարարը հրահանգել էր դուրս բերել զորքերը։
Երեկ Կիևը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները արդեն Խերսոնում են, քաղաքում բարձրացվել է ուկրաինական դրոշը։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ուկրաինական զորքերը մտել են ամիսներ առաջ Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոն։
«Սա ևս մեկ կարևոր հաղթանակ է, որ ընդգծում է, որ Ուկրաինան կհաղթի, ինչ էլ որ Ռուսաստանն ասի կամ անի», - «Թվիթեր»-ում գրել է արտգործնախարարը։
Դմիտրի Կուլեբան նաև տեսանյութ է տարածել, որտեղ երևում է՝ ինչպես են քաղաքի բնակիչները ապամոնտաժում ցուցանակը՝ «Ռուսաստանն այստեղ է ընդմիշտ» գրառմամբ։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Միացյալ Նահանգները հավելյալ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինա, հայտարարել է Պենտագոնը։
Ըստ հաղորդագրության, փաթեթը ներառում է մեծ քանակությամբ ռազմամթերք և հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ Avenger տեսակի չորս համակարգ։
«Այս օգնությունը կենսական անհրաժեշտություն ունի Ուկրաինայի համար, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է կիրառել մահաբեր հրթիռներն ու իրանական արտադրության անօդաչուները՝ խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների դեմ», - հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Խերսոնից ռուսական զինուժի դուրսբերումն ու տեղափոխումը Դնեպրի ձախ ափ այսօր ամբողջությամբ ավարտվել է, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Զորքերի նահանջի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի սանձազերծումից հետո գրավված շրջանային միակ կենտրոնը հանձնելու որոշումը կայացվել էր երկու օր առաջ։
Նախարարությունը միաժամանակ հայտարարել է, թե բանակը կորուստներ չի ունեցել, զինտեխնիկա ետևում չի թողել։
Ուկրաինական կողմը պաշտոնապես այս հայտարարությունը դեռ չի մեկնաբանել։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Խերսոնում գտնվող ռուսական զորքերի մեծ մասը տեղափոխվել է Դնեպրի ձախ ափ, նահանջողներն իրենց ետևից կամուրջներ են պայթեցնում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցներն ու Տելեգրամ ալիքները։
Ուկրաինական կողմը հաստատում է, որ ռուսական բանակը նահանջում է, մանրամասներ, սակայն, չի հրապարակում։
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարը Reuters-ին ասել էր, որ մարզից ռուսական ողջ բանակի դուրսբերումը կտևի առնվազն մեկ շաբաթ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունն ուսումնասիրության արդյունքում որոշել է, որ Ռուսաստանն այլևս չի կարող համարվել շուկայական տնտեսություն ունեցող երկիր, և Ռուսաստանի տնտեսության կարգավիճակը կվերադասակարգվի որպես ոչ-շուկայական։
ԱՄՆ-ը Ռուսաստանին շուկայական տնտեսության կարգավիճակ էր շնորհել 2002 թվականի ապրիլին։
Շուկայական տնտեսության կարգավիճակը կարևոր է արտահանողների համար, քանի որ այն զգալիորեն բարդացնում է նրանց նկատմամբ հակադեմպինգային տուրքեր սահմանելու հնարավորությունը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այս գիշեր Ուկրաինայի մի քանի քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել։ Հաղորդվում է նաև Վիննիցայում պայթյունների մասին։
Վիննիցայի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորզովն իր Տելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներից մեկի վնասվելու մասին։ Նա չի հստակեցրել, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։
Բորզովի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինացի զինվորականները հայտարարում են Խերսոնի ուղղությամբ առաջխաղացման մասին։ Ուկրաինայի հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակված տեսանյութում երևում են երկրի պետական դրոշը պարզած մի խումբ զինվորականներ, որոնք պնդում են, որ գտնվում են Նիկոլաևի մարզի Սնիգիրյովկա քաղաքի կենտրոնում։
«Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Սնիգիրյովկան ազատագրվել է 13-րդ առանձին հետախուզական գումարտակի կողմից», - հայտարարել է ուկրաինացի զինվորականներից մեկը։
Սնիգիրյովկա քաղաքը Նիկոլաևի մարզի վերջին խոշոր բնակավայրն էր, որ գտնվում էր ռուսական ուժերի վերահսկողության ներքո։ Այն գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների հատման կետում՝ Խերսոնից ընդամենը 40 կիլոմետր հյուսիս։