- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանը հայտնել է, որ վերադառնում է Սևծովյան նախաձեռնությանը, որն անվանում են նաև «հացահատիկի միջանցք»:
Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ հուլիսի 22-ին կնքված գործարքն ընձեռել է ռուսների կողմից արգելափակված նավահանգիստների պահեստներից հացահատիկ, եգիպտացորեն, բուսական յուղ և այլ մթերք արտահանելու հնարավորություն:
Հոկտեմբերի 29-ին Սևաստոպոլում անօդաչուների հարվածների են ենթարկվել Ռուաստանի Սևծովյան ռազմական նավատորմի, ինչպես նաև քաղաքացիական նավերը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայում սպանվել է ռազմական գործողություններին մասնակցող ևս մեկ վրացի։ Լևան Սախելաշվիլիի մահվան լուրը հաստատել է Վրաստանի արտգործնախարարությունը։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ աշխատանքներ են տարվում նրա մարմինը հայրենիք հասցնելու ուղղությամբ:
Վրացական մի շարք աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայում՝ այդ երկրի զինված ուժերի կազմում պատերազմին մասնակցում են մի քանի հարյուր վրացի կամավորներ։ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինայում սպանվել է 24 վրացի զինվոր։
Վրաստանի իշխանությունները փորձում են կանխել վրաց կամավորականների խմբերի Ուկրաինա մեկնումը։ Ի պատասխան՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի մեկնարկից մի քանի օր անց հետ կանչեց Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին՝ վրացական իշխանություններին քննադատելով Կիևին բավարար աջակցություն չցուցաբերելու համար։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգները ենթադրում է, որ Հյուսիսային Կորեան գաղտնի խողովակներով զենք ու զինամթերք է տրամադրում Ռուսաստանին:
Այդ մասին հայտնել է CNN ամերիկյան հեռուստակայանը, որը վկայակոչում է ամերիկյան հետախուզության ծառայողներին և նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի պաշտոնյաներին:
Ըստ ամերիկացի հետախույզների, Հյուսիսային Կորեան փորձում է այնպես ներկայացնել, թե սպառազենն, իբր, ուղարկվում է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, բայց իրականում այն փոխադրվում է Ռուսաստան:
Սեպտեմբերին ամերիկյան հետախուզությունը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեան հրետանու արկեր և չկառավարվող հրթիռներ է վաճառել Ռուսաստանին:
Մոսկվան և Փհենյանը չեն մեկնաբանում զենքի մատակարարման գործարքների մասին տեղեկությունները:
Ըստ Արևմուտքի փորձագետների, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանում զենքի և զինամթերքի պակաս է առաջացել:
Հյուսիսային Կորեայի զինված ուժերի հրետանային խմբավորումն ամենախոշորներից մեկն է աշխարհում:
Հյուսիսկորեական հրետանու արկերի մեծ մասի տրամաչափը հիմնականում համընկնում է խորհրդային և ռուսական հրետանու արկերի տրամաչափին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Կալիֆորնիայի Tetra Tech ընկերության հետ 46,7 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ուկրաինային ականազերծման հարցում օգնելու համար։
Պետդեպարտամենտը նշում է, որ Tetra Tech-ը ուկրաինացի սակրավորների թիմերին կպատրաստի միջազգային չափանիշներին համապատասխան և նրանց կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ։
«Այս նախագիծը 91,5 միլիոն դոլար արժողությամբ աջակցության ծրագրի մի մասն է, որը նախատեսված է հաջորդ տարվա համար: Այս ծրագրի շրջանակում Պետդեպարտամենտը կօգնի Ուկրաինայի իշխանություններին հաղթահարել հումանիտար խնդիրը», - ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Թուրքիայի դրոշով նավերը կկարողանան առանց որևէ խնդրի շարունակել հացահատիկի արտահանումն ուկրաինական նավահանգիստներից՝ չնայած Ռուսաստանի մասնակցության կասեցմանը, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Հուլուսի Աքարը նաև հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան պայմանավորվել հացահատիկի վերաբերյալ համաձայնագրի կատարման շուրջ ամբողջ ծավալով:
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովոնն էլ հայտարարել է, որ նոյեմբերի 3-ին, մեկօրյա դադարից հետո, ուկրաինական գյուղատնտեսական մթերքներով բեռնված նավերի տեղաշարժը կվերսկսվի։ Վաղը միջանցքով անցնելու է 8 նավ։ «Մենք ստացել ենք հաստատում ՄԱԿ-ից»,- հավելել է նախարարը։
Շաբաթ օրը Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ կնքած հացահատիկի գործարքը կասեցնելու մասին։ Կրեմլը պնդում է, որ այլևս չի կարող երաշխավորել Ուկրաինայից նավերի անվտանգ անցումը Սև ծովով՝ դա բացատրելով Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի վրա հարձակմամբ։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Խերսոնի մարզը զավթած ռուսների տեղական վարչակազմը հայտնել է Կախովսկի շրջանի խաղաղ բնակիչներին նոյեմբերի 6-ից պարտադիր տարհանելու մասին: Ռուսական վարչակազմը դա պատճառաբանում է ռազմական վտանգով:
Ռուսների վարչակազմի այդ հայտարարությունը տարածել է տեղական Տելեգրամ ալիքը:
«Բոլոր բնակիչներին: Անհապաղ լքել բնակավայրը: Կա ռազմական վտանգի բարձր հավանականություն: Տարհանումն իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով: Գնացեք տարհանման կետեր: Ձեզ հետ վերցրեք փաստաթղթերը, փող, արժեքավոր իրերը և տաք հագուստ: Շրջանում մնացող բնակիչների նկատմամբ նոյեմբերի 6-ից կկիրառվեն հարկադիր տարհանման միջոցներ»,- ասվում է հրամանագրում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
CNN ամերիկյան հեռուստատեսության հաղորդագրության համաձայն, Իրանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել մոտ հազար միավոր զենք:
CNN-ը վկայակոչում է «արևմտյան երկրներից մեկի անանուն պաշտոնական ներկայացուցչին», ով ասել է, որ Թեհրանը Մոսկվային կարող է փոխանցել «երկիր-երկիր» տեսակի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ և հարվածային ԱԹՍ-ներ:
Ռուսաստանին Իրանի փոխանցած սպառազենի վերջին խմբաքանակը ներառել է մոտ 450 ԱԹՍ-ներ:
Ռուսաստանն այդ անօդաչուներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին, գրոհների ընթացքում նաև խաղաղ բնակիչներ են զոհվել:
CNN-ի փոխանցմամբ, այդ սպառազենը մինչև տարեվերջ պետք է հասնի Ռուսաստան:
Կիևում ենթադրում են, որ Ռուսաստանն Ուկրաինայի հյուսիսային սահմանի մոտ կտեղակայի իրանական բալիստիկ հրթիռները: Դրանք տեխնիկական չափորոշիչներով մոտ են ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռներին:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսական ուժերի զանգվածային հարվածների հետևանքով խաթարված ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիևում ամբողջությամբ վերականգնվել է, հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Հոկտեմբերի 31-ին ռուսական ուժերը կրկին հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով Խարկովում, Զապորոժիեում, Կիևի մարզում, Բուկովինայում, Կիրովոգրադի և Չերկասիի մարզերում վնասվել են կարևորագույն, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքներ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանում զորահավաքի պաշտոնական ավարտից անմիջապես հետո երեկվանից մեկնարկել է աշնանային զորակոչը, որի ընթացքում նախատեսվում է շուրջ 120 հազար մարդ զորակոչել ռուսական բանակ։
Ռուսաստանի Գլխավոր շտաբը նախօրեին հայտարարել էր, որ զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները չեն ուղարկվի Ռուսաստանին բռնակցված ուկրաինական շրջաններ։ Այդուհանդերձ, զինծառայության գործող կանոնակարգը թույլ է տալիս զորակոչից չորս ամիս անց զինծառայողին ուղարկել հակամարտության գոտի։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուս զինվորականները գիշերը կամիկաձե անօդաչու սարքերով հարվածել են Պոլտավային, Դնեպրին և Նիկոլաևին, հայտնում են Ուկրաինայի իշխանությունները։
Կան ավերածություններ, տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։
ՌԴ պաշտպանության նախարարությունն այս կապակցությամբ դեռ մեկնաբանություններ չի արել:
«Նովոստի Նիկոլաևը» Telegram ալիքը հրապարակել է այս գիշեր հրթիռակոծությունից ավերածությունների լուսանկարները։
Ըստ հաղորդագրության՝ հարված է հասցվել բնակելի թաղամասում, նաև քաղաքի կենտրոնում գտնվող ուսումնական հաստոտություններից մեկին։ «Փրկարարները տեղում աշխատում են»,- գրում է «Նովոստի Նիկոլաևը»։