- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Բրյուսելում գումարված Եվրամիության գագաթնաժողովի որոշումները հաստատում են, որ կառույցն ընտրել է առճակատման ճանապարհը:
«Եվրամիության խորհրդի նիստում ընդունված որոշումները ևս մեկ անգամ հաստատում են Եվրամիության առճակատման քաղաքականությունը», - նշվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված Զախարովայի հայտարարության տեքստում:
Խոսնակի պնդմամբ, Եվրամիությունը չի դրսևորում Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ կարգավորելու մտադրություն:
«Եվրոպական միությունը շարունակում է անխոհեմաբար մեծ ներդրումներ կատարել ռազմական գործողությունները երկարացնելու համար: Այդ նպատակով ԵՄ-ն որոշել է Ուկրաինային տրամադրել ևս 500 միլիոն եվրո, ֆինանսավորում է զենքի մատակարարումը և ստեղծում է Ուկրաինային ռազմական օգնության հարցով ԵՄ հատուկ առաքելություն», - ասվում է հայտարարությունում:
Խոսնակի փոխանցմամբ՝ ԵՄ-ն վարժելու և հանդերձանք է տալու ուկրաինացի զինյալներին, «ովքեր կշարունակեն սպանել խաղաղ բնակիչներին և ոչնչացնել քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը»:
«Պատրա՞ստ է Եվրամիությունը պատասխանատվություն ստանձնել այդ հանցանքների համար»,- հռետորական հարց է տալիս Զախարովան:
Նրա պնդմամբ, Եվրամիությունը չունի Ռուսաստանին քննադատելու բարոյական իրավունք, «քանի որ 8 տարի շարունակ անտեսել է Դոնբասի բնակիչների սպանությունները և տառապանքները»:
ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ուկրաինայում հոկտեմբերի 2-ի դրությամբ սպանվել է 6 հազար 114 և վիրավորվել է 9 հազար 132 խաղաղ բնակիչ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսների կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառումը կլինի մարդկության դեմ թշնամական գործողություն:
«Միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին ակնարկները համաշխարհային անվտանգության և խաղաղության լուրջ սպառնալիք են և բացարձակապես անընդունելի են»,- ասել է Կիշիդան:
«Այդ զենքի կիրառումը մարդկության դեմ թշնամական գործողություն է: 77 տարի այն չի գործադրվել, միջազգային համայնքը պետք է այնպես անի, որ միջուկային զենք այլևս երբեք չօգտագործվի»,- ասել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի առիթներով ակնարկել է որոշակի հանգամանքներում մարտավարական միջուկային սպառազեն օգտագործելու հնարավորության մասին, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել աշխարհում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Խերսոնի զավթված շրջանի ռուսական վարչակազմը շրջկենտրոն Խերսոնի բնակիչներից պահանջել է անհապաղ հեռանալ քաղաքից:
«Խաղաղ բնակիչները և քաղաքացիական վարչակազմի բոլոր աշխատակիցները պարտավոր են այսօր տեղափոխվել Դնեպրի ձախ ափ, մի մոռացեք վերցնել ձեր անձնական իրերը և փաստաթղթերը»,- նշված է ռուսական իշխանության Տելեգրամ ալիքում տեղադրված հաղորդագրությունում:
Ռուսական վարչակազմը պարտադիր տարհանման պահանջը պատճառաբանել է ռազմաճակատում ստեղծված լարված իրավիճակով, հրետակոծությունների և ահաբեկչական գործողությունների վտանգով:
Ռուսաստանի կողմից նշանակված վարչակազմը դեռ նախանցած շաբաթվա ընթացքում է բնակիչներին հորդորել հեռանալ Խերսոնից և խոստացել է ժամանակավոր կացարաններ տրամադրել զավթված Ղրիմում կամ ռուսաստանյան այլ շրջաններում, սակայն անհապաղ կատարում ենթադրող պահանջով առաջին անգամ է դիմել մարդկանց:
Պատերազմի ընթացքում ռուսական իշխանությունները տևական ժամանակ պնդել են, թե Խերսոնի շրջանի բնակիչներին որևէ վտանգ չի սպառնում:
Ուկրաինական աղբյուրները հաղորդում են, որ Խերսոնում ռուսական բոլոր պետական գրասենյակներն արդեն փակ են, իսկ քաղաքային վարչակազմն ավելի շուտ է հեռացել:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունը 2023 թվականից ամեն ամիս Ուկրաինային կհատկացնի 1.5 միլիարդ եվրո Ռուսաստանի հարձակմանը դիմակայելու համար:
Այդ մասին երեկ հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել Բրյուսելում՝ Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովում՝ ռուս-ուկրաինական պատերազմի 240-րդ օրը:
«Շատ կարևոր է, որ Ուկրաինան ունենա կանխատեսելի և կայուն եկամուտ: Ուկրաինան մեզ փոխանցել է, որ ամեն ամիս պետք է 3-ից 4 միլիարդ եվրո տարրական կարիքները հոգալու համար»,- ասել է Ուրսուլա ֆոն դր Լայենը:
Ենթադրվում է, որ պահանջված գումարի մնացած մասն Ուկրաինային կտրամադրի Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Եվրոպական հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, Եվրոպական միությունն այսօրվա դրությամբ Ուկրաինային արդեն տրամադրել է 19 միլիարդ եվրոյի օգնություն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան երեկ ՄԱԿ-ին կոչ են արել քննել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրանական արտադրության անօդաչուներ կիրառելու հարցը:
Եթե այդ հանգամանքն ապացուցվի, դա կհամարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած բանաձևի խախտում: Խոսքը թիվ 2231 բանաձևի մասին է, որն Անվտանգության խորհուրդն ընդունել է 2015 թվականի միջուկային ծրագրին հավանություն տալու համար:
«Հիմնովին փաստագրված է, որ ռուսական ուժերն Ուկրաինայում օգտագործել են իրանական անօդաչուներ քաղաքացիական ենթակառուցվածքներն անխտիր ռմբակոծելու համար։ Մենք և մեր գերմանացի ու բրիտանացի գործընկերներն այդ մասին նամակ ենք կազմել: Նախօրեին Եվրամիությունն է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: Ֆրանսիան սատարում է այդ հարցը հետաքննելու ՄԱԿ-ի քարտուղարությանն ուղղված Ուկրաինայի պահանջը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը:
- Հեղինակ՝ Հասմիկ Գրիգորյան
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը երկրի հարավում հոկտեմբերի լույս 22-ի գիշերը տասը Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարք է խոցել, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
«Հարավային» ռազմաօդային հրամանատարության հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է տասը Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրությունում։
Հոկտեմբերի 22-ի վաղ առավոտյան Օդեսայի տարածաշրջանի ռազմական վարչակազմի խոսնակ Սերհի Բրատչուկն էլ հայտնել է, որ երկրի հարավում ռուսական Orlan-10 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան Տելեգրամում գրել է, որ տարածաշրջանում աշխատում է հակաօդային պաշտպանությունը՝ կոչ անելով քաղաքացիներին մնալ ապաստարաններում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիությունը քննարկում է Ուկրաինային ամսական 1,5 միլիարդ եվրո հատկացնելու գաղափարը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ընդհանուր առմամբ հաջորդ տարվա համար այդ թիվը կկազմի 18 միլիարդ դոլար եվրո», - նշել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։
Նա կարծիք է հայտնել, որ այդ քայլ թույլ կտա միջոցների կայուն և հուսալի հոսք ապահովել Ուկրաինայի համար։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուրբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնակից Լլոյդ Օսթինի հետ, քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, միջազգային անվտանգությունը, հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը` առանց հավելյալ մանրամասների:
Պենտագոնի հաղորդագրության համաձայն՝ նախարար Լլոյդ Օսթինն ընդգծել է ուկրաինական պատերազմի պայմաններում հաղորդակցության գծերի պահպանման կարևորությունը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ ապագայում Կիևը «վրացիներին փրկելուց» բացի, կփրկի նաև «Հայաստանը, Մոլդովան»։
«Մենք պետք է փրկենք վրացիներին։ Փրկել Մոլդովան, Հայաստանը։ Բոլորին փրկել։ Սա լավ պատմություն է, քանի որ մեր միլիոնավոր տղաների և աղջիկների համար, որոնք պատերազմել են, հետխորհրդային տարածքում միշտ աշխատանք կգտնվի մոտ ապագայում», - հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան՝ հավելելով, որ նկատի ունի «խաղաղապահներ, կայունացնող գործողություններ, մարդասիրական գործողություն»։
Արեստովիչը հերթական անգամ անդրադառնալով Վրաստանին՝ այդ երկրի կառավարությանն անվանել է «ռուսամետ, որը ունակ չէ որոշումներ կայացնելու, որը ոչնչացրել է այն ամենը, ինչը ստեղծել է Սաակաշվիլին»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կնոջ՝ Գալինա Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոց սահմանելու Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը:
Այդ փաստաթղթի համաձայն, Գալինա Լուկաշենկոյի անունը սանկցիոն ցուցակում է ներառվում 10 տարի ժամկետով:
Սանկցիան ենթադրում է 13 սահմանափակող դրույթներ, այդ թվում՝ բանկային միջոցների արգելափակում և Ուկրաինայում անշարժ գույք գնելու արգելք:
Գալինա Լուկաշենկոյից զատ պատժամիջոցների ցուցակում են Բելառուսի 2507 քաղաքացիներ, այդ թվում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև 1347 բելառուսական ընկերություններ: