- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆրանսիայում ուսումնական պատրաստություն կանցնեն մինչև երկու հազար ուկրաինացի զինծառայողներ: Այդ մասին Le Parisien օրաթերթին այսօր ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն:
«Հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնը հաստատել է ծրագիրը, որը թույլ կտա ֆրանսիական զորամասերում մի քանի շաբաթով տեղակայել ուկրաինացի զինծառայողներին», - ասել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Ֆրանսիան Ուկրաինային է տրամադրել Caesar տեսակի ֆրանսիական արտադրության 18 հաուբից: Ֆրանսիայում պատրաստություն են անցել դրանք սպասարկող ուկրաինացի հրետանավորները: Ըստ նախարարի, Ֆրանսիան ևս 6 Caesar կտրամադրի Ուկրաինային:
«Մենք {Ռուսաստանի հետ} պատերազմի մեջ չենք, մենք օգնում ենք պատերազմող երկրին», - ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Այսօր առավոտյան Կիևի մարզում ուժեղ պայթյունների ձայներ են լսվել։ «Ուկրէներգո» ընկերությունը հաղորդում է, որ ռուսական ուժերի հրետակոծության հետևանքով լրջորեն վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները, մասնագետները սկսել են վերականգնման աշխատանքները։
Այսօր առավոտյան ու անցած գիշերը հրետակոծվել է Զապորոժիեի մարզը ու մարզկենտրոնը։ Տեղական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխն ասել է, որ վնասվել են էներգետիկ և արդյունաբերական ենթակառուցվածքներ։
Դնեպրոպետրովսկի մարզում հրետակոծվել են երեք բնակավայրեր։ Մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիկովի ասելով՝ հրետակոծության տակ են ընկել բազմահարկ շենքեր, մասնավոր տներ, տրանսպորտային ձեռնարկություններ, մի քանի խանութ ու ավտոմեքենաներ։
Զոհերի մասին հաղորդագրություններ չկան, վնասների չափերը ճշգրտվում են։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի Բելգորոդ մարզում նավթի բազա է հրդեհվել։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն ասել է, որ հրդեհը բռնկվել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով։ Տելեգրամի իր էջում նա գրել է, որ արկերից մեկն ընկել է նավթաբազայի վրա, ինքը գտնվում է միջադեպի վայրում, արտակարգ իրավիճակների ծառայությունը արդեն պայքարում է հրդեհի դեմ, տարածվելու վտանգներ չկան։
Նավթաբազան գտնվում է Ռազումնոյե ավանի մոտ, որը 11 կիլոմետր է հեռու Բելգորոդ շրջկենտրոնից։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Սաուդյան Արաբիայի SPA պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիան 400 միլիոն դոլարի հումանիտար օգնություն է հատկացրել Ուկրաինային։ Հաղորդագրությունում նաև նշված է, որ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Նա ընդգծել է միջնորդական ջանքերը շարունակելու Սաուդյան Արաբիայի պատրաստակամությունը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսական ռազմական ստորաբաժանումների առաջին էշելոնները ժամանել են Բելառուս։ Բելառուսի պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարներում և տեսանյութում նրանց դիմավորում են աղ ու հացով։ Ռուս զինվորականներից մեկը հայտարարում է, թե պատրաստ են կատարելու հրամանատարության ցանկացած առաջադրանքները։
Բելառուսի պաշտպանության նախարարության հայտարարությունում նշված է․ «Զորքերի ռեգիոնալ խմբավորում ստեղծելու որոշումը ընդունվել և իրականացվում է բացառապես Բելառուսի տարածքում Միութենական պետության պետական սահմանների պաշտպանությունն ու պահպանությունը ուժեղացնելու համար և թելադրված է մեզ սահմանամերձ շրջաններում չդադարող ակտիվությամբ»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշերվա իր տեսաուղերձում ասել է, որ Ռուսաստանը պարտության և հուսահատության մթնոլորտի մեջ է։
«Ռուսաստանն արդեն գտնում է իր պարտության, արդեն իսկ իր համար հուսահատության մթնոլորտում։ Այո, նրանք դեռ ունեն մարդիկ, որոնց նետում են հարձակումների, նրանք ունեն զենք, հրթիռներ և Շահիդներ (իրանական դրոններ), որոնք օգտագործում են Ուկրաինայի դեմ։
Նրանք դեռ հնարավորություն ունեն ահաբեկելու մեր քաղաքները և բոլոր եվրոպացիներին, շանտաժի ենթարկելու աշխարհը, բայց նրան շանս չունեն և չեն ունենա, որովհետև Ուկրաինան առաջ է գնում»,- հայտարարել է Զելենսկին։
Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ նոր ռազմական օգնության մասին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը և Պենտագոնը հոկտեմբերի 14-ին հայտարարել են, որ փաթեթը ներառում է լրացուցիչ շարժական HIMARS հրթիռային համակարգեր, զինամթերք, զրահատեխնիկա և բժշկական պարագաներ:
ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը նշել է, որ այս նոր փաթեթը նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման սկզբից ի վեր ԱՄՆ-ի ընդհանուր ռազմական օգնությունը Ուկրաինային հասցնում է ավելի քան 18,3 միլիարդ դոլարի:
Օգնության մեծ մասը տրամադրվել է, երբ Ռուսաստանը փետրվարի 24-ին սկսեց պատերազմ Ուկրաինայի դեմ:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
«Ռուսաստանի բանակի հետ ՆԱՏՕ-ի զորքերի ուղիղ բախումները շատ վտանգավոր քայլ է, որը կհանգեցնի համաշխարհային աղետի», - եկույթ ունենալով Աստանայում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Թե ինչ նկատի ունի «համաշխարհային աղետ» ասելով, Կրեմլի ղեկավարը չի հստակեցրել։ Նախագահ Պուտինը միայն հավելել է․ «Հույս ունեմ՝ այնքան խելամիտ կգտնվեն, որպեսզի նման վտանգավոր որոշում չկայացնեն»:
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Նախագահ Պուտինը հայտարարել է, թե շուտով՝ մոտավորապես առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, Ռուսաստանում մոբիլիզացիոն միջոցառումները կավարտվեն։ Նրա խոսքով, արդեն զորակոչվել է ավելի քան 220 հազար մարդ։
Նախօրեին պաշտոնապես հաղորդվել էր, որ նորակոչիկներից մի քանիսը արդեն զոհվել են Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այսօր Աստանայում՝ ԱՊՀ գագաթնաժողովում, անդրադառնալով այս լուրերին, Պուտինն ասել է, թե դա չի հակասում ավելի վաղ տրված խոստումներին, որոնց համաձայն զորակոչիկները նախ վարժանքների պետք է մասնակցեին՝ ռազմաճակատ ուղարկվելուց առաջ։
«Վարժանքները մի քանի օր են տևում», -ասել է Կրեմլի ղեկավարը, թեև իշխանության ներկայացուցիչներն ավելի վաղ պնդել էին, թե դրանք շարունակվելու են առնվազն մեկ ամիս։
Պուտինը նաև պնդել է, թե Ռուսաստանը Ուկրաինայի պետականությունը վերացնելու ծրագիր չունի, և որ այժմ կարիք չկա կրկնել այն զանգվածային հարվածները, որոնք Ոուսաստանը հասցրել էր Ուկրաինային այս շաբաթասկզբին՝ Ղրիմի կամուրջը պայթեցնելուց հետո։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանը 15 օրվա վարչական կալանքի և 50 հազար ռուբլու տուգանքի է դատապարտել մի մոսկվացու՝ մեքենայում ուկրաինական երգ լսելու համար: Այդ մասին հայտնել է РБК լրատվական գործակալությունը:
Ըստ հաղորդագրության, մոսկվացին, որի անունը չի նշվում, մեղավոր է ճանաչվել ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և Զինված ուժերի վարկաբեկման հոդվածներով: