- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և քաղաքական հարցերով նրա տեղակալ Վիկտորիա Նուլանդը երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելությունների պաշտոնյաների հետ՝ կոչ անելով նրանց աջակցել ՄԱԿ-ի բանաձևին, որը դատապարտում է Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը:
Առցանց հանդիպմանը մասնակցել են ավելի քան 100 պետություններ ներկայացնող 165 դիվանագետներ։
Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա առաջիկա օրերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստի շրջանակում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ամերիկյան վարչակազմը քննարկել է Միացյալ Նահանգների պատասխանը, եթե Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կիրառի Ուկրաինայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ընդգծելով, որ չի պատրաստվում խոսել այդ մասին։
«Դրա մասին քննարկումներ են եղել, բայց անպատասխանատու կլինի խոսել այն մասին, թե ինչ կարող ենք և ինչ չենք կարող անել», - ասել է Բայդենը CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է երեքշաբթի երեկոյան։
Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռացիոնալ խաղացող», ով, այնուամենայնիվ, սխալ է հաշվարկել Ուկրաինա ներխուժումը՝ ճիշտ չգնահատելով ուկրաինացի ժողովրդի դիմադրությունը ճնշելու իր կարողությունը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի իշխանությունները ահաբեկչական կազմակերպությունների ցանկում են ներառել Meta կորպորացիան, որին են պատկանում Facebook և Instagram սոցիալական ցանցերը։ Այդ ցուցակում ընդգրկվել է նաև «Վեսնա» հակապատերազմական երիտասարդական շարժումը, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։
«Վեսնա»-ն ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու և դրա գործունեությունը երկրում արգելելու պահանջով է հանդես եկել Սանկտ Պետերբուրգի դատախազությունը։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր երիտասարդական շարժումը ակտիվ մասնակցում է հակապատերազմական ցույցերին և ակցիաներին։
Անցած մայիսին շարժման մի խումբ ակտիվիստների դեմ քրեական գործեր են հարուցվել, նրանց երկարամյա ազատազրկում է սպառնում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսական ուժերը հոկտեմբերի 11-ին շարունակել են հրթիռային հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքներին։
Լվովի շրջանում և Լվով քաղաքում վնասվել է երկու կրիտիկական նշանակության ենթակառուցվածք, հայտնել է Լվովի ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի խոսքով՝ հրթիռակոծության հետևանքով քաղաքի 30 տոկոսը մնացել է առանց էլեկտրականության, խափանումներ կան նաև ջրամատակարարման հետ կապված։
Հաղորդվում է, որ պայթյուններ են հնչում նաև Խմելնիցկի և Օդեսայի շրջաններում, իշխանությունները մարդկանց հորդորում են մնալ ապաստարաններում։ Օդեսայի Պրիմորսկի շրջանը ևս առանց հոսանքի է մնացել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսաստանյան զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման և էներգետիկ կառույցներին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ճապոնական Nissan ավտոարտադրողը լքում է Ռուսաստանի շուկան՝ ռուսական ակտիվները փոխանցելով ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությանը ենթակա ձեռնարկությանը։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի կառավարությունը:
Նույն սխեմայով անցած ամիսներին Ռուսաստանից հեռացավ նաև ֆրանսիական Renault-ն։
Սանկտ Պետերբուրգի Nissan գործարանը մեքենաների արտադրությունը սկսել է 2009 թվականին։ 2021 թվականին գործարանն արտադրությունն ավելացրել է 17 տոկոսով՝ հասցնելով մինչև 45 հազար մեքենայի։ Անցյալ տարի Ռուսաստանում Nissan մակնիշի մոտ 51,5 հազար ավտոմեքենա է վաճառվել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ յոթնյակի (G7) առաջնորդներն այսօր առցանց հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Կիևին աջակցելու իրենց հանձնառությունը երեկ ուկրաինական քաղաքներին հասցված հրթիռային հարվածների ֆոնին, հայտարարել է Սպիտակ տունը:
Հանդիպմանը կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով երկուշաբթի երեկոյան ելույթի ժամանակ ասաց, որ Ռուսաստանի կողմից քանդված բոլոր օբյեկտները կվերականգնվեն, և արևմտյան գործընկերները կարագացնեն Կիևին հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգերի տրամադրումը հարձակումներից պաշտպանվելու համար։
Սպիտակ տան հայտարարությունում նշված է, որ G7-ի ղեկավարների այսօրվա հանդիպումը կլինի առաջինը ուկրաինական զորքերի հակահարձակման մեկնարկից ի վեր։ Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը ՆԱՏՕ-ի ղեկավարների հրատապ հանդիպման կոչ կանի։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Նախնական տվյալներով՝ ռուսական կողմից ուկրաինական քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 105-ը վիրավորվել է, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ուկրաինայի 12 շրջաններում և մայրաքաղաք Կիևում հարվածների հետևանքով մի քանի տասնյակ հրդեհ է բռնկվել, որոնք մարվել են։
Կիևի, Լվովի, Սումիի, Տերնոպոլի և Խմելնիցկիի մարզերում 301 բնակավայր դեռ հոսանքազրկված է, 3571 բնակավայրերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:
Անցած մեկ օրվա ընթացքում հրթիռակոծությունից տուժել են ավելի քան 30 քաղաքներ և գյուղեր, այդ թվում՝ Կիևը, Լվովը, Ռովնոն, Ժիտոմիրը, Տերնոպոլը, Խմելնիցկին, Իվանո-Ֆրանկովսկը, Վիննիցան:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Նոր Զելանդիան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանից 51 գործարարների, Ռուսաստանին ուկրաինական տարածքների բռնակցմանն առնչվող 24 պաշտոնյաների և 2 ռուսական ընկերությունների:
Արտգործնախարարության հրապարակած թարմացված ցուցակի համաձայն՝ պատժամիջոցների նոր ցուցակում են «Գազպրոմբանկ»-ի խորհրդի նախագահը, «Լուկօյլ»-ի նախկին նախագահ և նախկին գլխավոր տնօրենը, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում նշանակված մի շարք պաշտոնյաներ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում խոստացել է շարունակել Կիևին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր, հաղորդում է Սպիտակ տունը։
Բայդենը նաև մատնանշել է դաշնակիցների և գործընկերների հետ շարունակվող աշխատանքը՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցներ կիրառելուն։ Բացի այդ, նա խոստացել է աջակցել Ուկրաինային անվտանգության ոլորտում, հատկացնել տնտեսական ու հումանիտար օգնություն։
Ուկրաինային հավելյալ սպառազինություն տրամադրելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունները, այդ թվում՝ վերջինը, հաստատում են այն փաստը, որ Վաշինգտոնը ամրապնդվել է հակամարտության մասնակցի կարգավիճակում, հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
«Նման օգնությունը, ինչպես նաև Կիևին ռազմական գործողությունների վարման համար հետախուզական, հրահանգիչների և ցուցումներով օգնությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախման ռիսկի հետագա սրման և մեծացման ճանապարհն է», - ընդգծել է Անտոնովը՝ կոչ անելով «ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին չհատել այն կարմիր գծերը, որոնց մոտեցել են»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի անվտանգության խորհուրդը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախկին նախագահ և նախկին վարչապետ, ներկայում Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ:
Նա մեղադրվում է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 110 հոդվածի երկրորդ մասով (Ուկրաինայի սահմանադրական կարգի բռնի ուժով փոփոխությանը, պետական իշանության զավթմանը, տարածքների սահմանների և պետական սահմանի փոփոխությանն ուղղված գործողությունների ֆինանսավորում):
Հոկտեմբերի 10-ին առավոտյան Ուկրաինայի մի շարք քաղաքներ ռուսների կողմից ենթարկվել են հրթիռային հարվածների, կա առնավազն 10 զոհ և մոտ 60 վիրավոր:
«Ուկրաինական ներկայիս պետությունն իր նացիստական քաղաքական ռեժիմով մշտապես ուղիղ սպառնալիք է լինելու Ռուսաստանի համար: Ուստի, Ռուսաստանի նպատակը պետք է լինի Ուկրաինայի քաղաքական ռեժիմի լիակատար ապամոնտաժումը»,- Տելեգրամ-ալիքում գրել է Դմիտրի Մեդվեդևը: