- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Պաշտոնական Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են համատեղ զորք տեղակայել, այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության հարցերով նիստի ժամանակ։
«Միութենական պետության արևմտյան սահմաններին լարված իրադրության պատճառով մենք որոշել ենք համատեղ՝ Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի Հանրապետության զորք տեղակայել։ Ամեն ինչ արվում է առկա փաստաթղթերի համաձայն․ եթե վտանգի աստիճանը հասնում է ներկայիս մակարդակին, մենք սկսում ենք Միութենական պետության խմբավորում տեղակայել», - ասել է Լուկաշենկոն։
Վերջինիս խոսքով՝ այս մասին ինքն ու Պուտինը պայմանավորվել են անցած շաբաթավերջին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո։
«Համատեղ այդ խմբավորման հիմքը բանակն է՝ Բելառուսի զինված ուժերը։ Պետք է ձեզ տեղեկացնեմ, որ ես հանձնարարական եմ տվել, և մենք արդեն երկու օր է՝ սկսել ենք կազմավորել այդ խմբավորումը»,- ասել է Լուկաշենկոն։
Թե ինչ կազմ է ունենալու համատեղ զորախումբը, կոնկրետ որտեղ և երբ է տեղակայվելու, Բելառուսի նախագահը չի հստակեցրել։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Ռուսաստանն իր երկրին հարվածներ հասցնելով, ցանկանում է հնարավորինս մեծ թվով մարդկանց սպանել և ոչնչացնել էներգետիկ համակարգը:
Այդ մասին Զելենսկին ասել է հատուկ ուղերձում, որը տեսագրել է նախագահական նստավայրի շենքի մոտ:
«Ուկրաինացիներ, ուկրաինուհիներ, այսօր դժվար առավոտ է, մենք գործ ունենք ահաբեկիչների հետ, նրանք երկու թիրախ են ընտրել: Առաջինը մեր քաղաքների էներգահամակարգն է, երկրորդը՝ մարդիկ: Նրանք փորձում են մեզ հնարավորինս մեծ կորուստներ պատճառել, ջնջել երկրի երեեսից: Բայց մենք ուկրաինացիներ ենք, օգնում ենք իրար, հավատում ենք մեզ»,- ասել է Զելենսկին, ավելացնելով, թե ուկրաինացիները կվերականգնեն ամեն բան, ինչն ավերվել է:
«Նրանք կարող ենք ժամանակավոր խափանել հոսանքի մատակարարումը, բայց երբեք չեն խափանի մեր վստահություընը, մեր հավատն առ հաղթանակ»,- ասել է Զելենսկին:
Նախագահը բնակիչներին կոչ է արել մնալ ռմբապաստարաններում և պահպանել անվտանգության կանոնները:
«Հիշեք, Ուկրաինան կար մինչև այս թշնամու հայտնվելը և կլինի նաև նրանից հետո: Փառք Ուկրաինանին»,- ասել է Զելենսկին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանը վաղ առավոտից հարվածներ է հասցնում ուկրաինական քաղաքներին, այդ թվում` մայրաքաղաք Կիևին:
Նախօրեին Կրեմլն ուկրաինացիներին է մեղադրել Ռուսաստանը և Ղրիմի թերակղզին կապող կամուրջը պայթեցնելու համար:
Ուկրաինական քաղաքների հրթիռակոծությունների հետևանքով կա առնվազն 5 զոհ, մոտ 30 քաղաքացի վիրավորվել է: Ավերվել են մեծ թվով շինություններ: Կիևից զատ հարվածների են ենթարկվել Դնեպրը, Խարկովը, Ժիտոմիրը, Նիկոլաևը և Արևմտյան Ուկրաինայի մի շարք բնակավայրեր:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, որ ռուսներն ուկրաինական թիրախների վրա արձակել են առնվազն 75 հրթիռ: Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանությունը կարողացել է ոչնչացնել դրանցից ավելի քան 40-ը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել, հաղորդում են Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները:
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Տելեգրամ ալիքում տեղեկացնում է, որ «մի քանի պայթյուն» է որոտացել Կիևի Շևչենկոյի շրջանում։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչ Սվետլանա Վոդոլագան հեռուստաալիքներից մեկին հայտնել է, որ Կիևի հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ և զոհեր։ Ներքին գործերի նախարարի խորհրդական Ռոստիսլավ Սմիրնովի խոսքով՝ մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանում զոհվել է 8 մարդ, ևս 24 խաղաղ բնակիչ վիրավորվել է։
Վերջին անգամ Կիևը հրթիռակոծվել էր հունիսի վերջին` 14 հրթիռներից մեկը Շևչենկոյի շրջանում հարվածել էր բարձրահարկ շենքին, մեկ մարդ մահացել էր, վեցը՝ վիրավորվել։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է Ուկրաինայի հատուկ ծառայություններին Ղրիմի (Կերչ) կամրջի վրա հոկտեմբերի 8-ին պայթյուն կազմակերպելու մեջ։
Ռուսական հեռուստաալիքները ցուցադրել են կիրակի երեկոյան Պուտինի հանդիպումը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Պուտինի հետ հանդիպմանը Բաստրիկինը հայտարարել է, թե պայթյունին ներգրավված են եղել ոչ միայն Ուկրաինայի հատուկ ծառայությունները, այլ նաև Ռուսաստանի և արտասահմանյան երկրների որոշ քաղաքացիներ։
Ըստ նրա՝ պայթյունի գործը հարուցվել է «ահաբեկչություն» հոդվածով, իսկ մեղավորներն արդեն բացահայտվել են։ Անուններ, սակայն, այդ հանդիպմանը չեն հնչել։ Պուտինը Ղրիմի կամրջի պայթյունն, իր հերթին, անվանել է «ահաբեկչական հարձակում, որի նպատակն է ոչնչացնել կարևոր ենթակառուցվածքները»։
«Հեղինակները, կատարողները, հաճախորդները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են»,- հավելել է Պուտինը։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտարարել է Հունաստանից և Սլովակիայից Ուկրաինային հակաօդային պաշտպանության ժամանակակից «IRIS-T» համակարգի և 100 տանկ մատակարարելու մասին։
Նա կառավարության ծրագրերի մասին խոսել է Լիտվա կատարած այցի ժամանակ:
Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է նաև նոր բրիգադի ստեղծման մասին, որն անհրաժեշտության դեպքում կարող է արագ տեղափոխվել Լիտվա։
«Մենք ապրում ենք լուրջ ժամանակներում, և նման ժամանակներում կարևոր է նաև իմանալ, թե պաշտպանության մեջ որտեղ ունենք բացեր: ՀՕՊ-ն այն ոլորտներից է, որտեղ անհրաժեշտ է գործել»,- ասել է Լամբրեխտը գերմանացի զինվորականների հետ հանդիպման ժամանակ:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Զապորոժիեում գիշերային հրետակոծության հետևանքով կա առնվազն 12 զոհ, ևս 49 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում՝ վեց երեխա։
Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխի խոսքով՝ ռուս զինվորականները 12 հրթիռ են արձակել քաղաքի վրա, որոնց մեծ մասը խոցել է բնակելի շենքերը, դրանք լրջորեն տուժել են: Նրա փոխանցմամբ՝ մասնակի ավերվել է մասնավոր հատվածում գտնվող ինը հարկանի շենքը և հինգ տուն, հարվածներ են հասցվել ենթակառուցվածքային օբյեկտներին:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում ռազմական գործողություններում ներգրավված ռուսական զորքերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել գեներալ Սերգեյ Սուրովիկինին, ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Սուրովիկինը 2017 թվականի հոկտեմբերից գլխավորում էր Ռուսաստանի օդատիեզերական ուժերը։ Ռուսաստանցի գեներալը նախկինում մասնակցել է Տաջիկստանում զինված հակամարտությանը, Չեչնիայի երկրորդ պատերազմին և Սիրիայի ռազմական գործողություններին
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Անցած գիշեր հերթական գնդակոծությունից հետո, Զապորոժիեի ատոմակայանն ամբողջովին հոսանքազրկվել է էներգահամակարգի հետ կապի վերջին գծի վնասման պատճառով։ Ատոմակայանն այժմ աշխատում է դիզելային գեներատորներով։
Ուկրաինական «Էներգոատոմի» տվյալներով՝ վառելիքի պաշարները այս ռեժիմով գեներատորների աշխատանքի համար կբավականացնեն ընդամենը տասը օր։
«Գնդակոծությունների և գծերի վնասման պայմաններում էներգաբլոկները միացնելու ծրագրերն անիրատեսական են»,- հայտարարել է ընկերությունը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ըստ որի Ուկրաինան ճանաչում է Կուրիլյան լեռնաշղթայի հարավային կղզիները՝ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայը, որպես Ճապոնիայի տարածքներ, որոնք օկուպացված են Ռուսաստանի կողմից։ Գերագույն Ռադան ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նախագահի որոշմանը։
Զելենսկին միջազգային հանրությանը կոչ է արել հետևել իր օրինակին՝ համոզմունք հայտնելով, որ «Ռուսաստանի կողմից օկուպացրած բոլոր տարածքների ազատագրումը զուտ ժամանակի հարց է»։