- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Հանրային հեռուստաընկերության նախկին խմբագիր, ուղիղ եթերում պատերազմի դեմ բողոքի ակցիա կազմակերպած Մարինա Օվսյաննիկովայի նկատմամբ:
Օվսյաննիկովայի համար դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը:
Հանրային հեռուստաընկերության «Վրեմյա» լրատվական ծրագրի թողարկման ընթացքում «Ոչ պատերազմին, այստեղ ձեզ խաբում են» պաստառով ուղիղ եթերում հայտնվելու համար նա տուգանք է վճարել:
Դրանից հետո նա Մոսկվայում բողոքի ցույց է անցկացրել, ինչի համար մեղադրվել է «Ռուսաստանի զինված ուժերի մասին վարկաբեկող տեղեկություններ տարածելու» հոդվածով, որով կարող է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման:
Այժմ Օվսյաննիկովան հետախուզման մեջ է, քանի որ խախտել է տնային կալանքի պայմանները և անհետացել է տնից: Նրա անհետանալու մասին հայտնել է նախկին ամուսինը՝ Իգոր Օվսյաննիկովը, ով ասել է, որ «Մարինան և 11-ամյա դուստրը տնից հեռացել են անհայտ ուղղությամբ»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին կոչ է արել անվտանգության իրավիճակի հավանական վատթարացման և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքացիներին սպառնացող հանգամանքների բերումով անհապաղ հեռանալ Դաշնությունից:
Չեխիայի այն քաղաքացիներին, ովքեր կորոշեն մնալ Ռուսաստանում, արտաքին գերատեսչությունը հորդորում է առավել զգոն լինել, տեղեկությունները ստանալ ստուգված լրատվամիջոցներից և կազմել արտակարգ իրավիճակում Ռուսաստանից հեռանալու ծրագիր:
Նախարարությունը նաև զգուշացնում է, որ երկքաղաքացիություն ունեցող Չեխիայի քաղաքացիներին ռուսական իշխանությունները կարող են զորակոչել, քանի որ առաջնայինը կհամարվի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը:
Գերատեսչությունը նշել է, որ զորակոչի ենթարկվելու դեպքում Մոսկվայում Չեխիայի դեսպանությունը չի կարողանա լիարժեք պաշտպանություն տալ այդ քաղաքացուն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Լիտվայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Ռյաբոկոնը հայտարարվել է persona non grata՝ անցանկալի անձ և պետք է հեռանա հանրապետության տարածքից: Այդ մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ գերատեսչության, «վերջին ժամանակաշրջանում ռուսաստանցի ժամանակավոր հավատարմատարի գործունեությունը և նրա մեկնաբանությունները հակասում են դիվանագետի կարգավիճակին և ընդունվում են իբրև միջամտություն հյուրընկալող երկրի ներքին գործերին»:
Սերգեյ Ռյաբոկոնը պարտավոր է հինգ օրում հեռանալ Լիտվայից: Ռուսաստանը հայտարարել է, թե անխուսափելիորեն կընդունի պատասխան որոշում Ռյաբոկոնին անցանկալի անձ հայտարարելու և արտաքսելու կապակցությամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մասնակի զորակոչով զինվորագրված ռուսաստանցիների առաջին խումբը տեղակայվել է Լուգանսկի «ժողովրդական հանրապետության» տարածքում: Այդ մասին Տելեգրամ ալիքում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը նշել է, որ ուսումնական փուլից հետո այդ զինծառայողները կսկսեն «վերահսկել հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում ազատագրված տարածքները»:
Նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին է արձակել Ռուսաստանում մասնակի զորահավաք անցկացնելու հրամանագիրը:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի փոխանցմամբ, այդ զորահավաքով բանակում ծառայության կանցնի մոտ 300 հազար մարդ:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պարզաբանմամբ, զորակոչվում են մինչև 35 տարեկան շարքայինները և սերժանտները, մինչև 50 տարեկան կրտսեր սպաները և մինչև 55 տարեկան բարձրաստիճան սպաները:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատը՝ Պետական դուման, այսօր միաձայն հաստատեց Ուկրաինայի Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ընդգրկումը Ռուսաստանի կազմում:
Դումայի վավերացրած օրենքների համաձայն, այդ շրջանների բնակիչները հետայսու համարվում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Նրանք կարող են մեկ ամսվա ընթացքում ներկայացնել Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներ:
ՌԴ քաղաքացիության ընդունումը հնարավոր է միայն համապատասխան դիմում ներկայացնելու և քաղաքացու երդում տալու եղանակով:
Չորս դաշնային սահմանադրական օրենքների քվեարկության արդյունքներն ընդունվել են ծափողջույններով: Դրանից հետո Պետական դումայի պատգամավորները հոտնկայս լսել են Դաշնության օրհներգը:
Դոնեցկի և Լուգանսկի շրջանները Ռուսաստանի կազմում կունենան հանրապետությունների կարգավիճակ, իսկ Զապորժիեի և Խերսոնի տարածքներն ընդունվում են որպես շրջաններ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի շրջանների ղեկավարներն ունեն իրենց տեսակետները հայտնելու իրավունք, բայց նույնիսկ ամենածանր պահերին պետք չէ տեղի տալ զգացմունքներին: Այդ մեկնաբանությամբ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքում ավելի կոշտ գործողությունների դիմելու, ընդհուպ սահմանամերձ շրջաններում ռազմական դրություն հաստատելու և փոքր հզորության միջուկային զենք կիրառելու անհրաժեշտության մասին Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովի հայտարարությանը:
«Չեչնիան շատ բան է արել և շարունակում է անել այս հատուկ ռազմական օպերացիայի համար,- ասել է խոսնակը:
Նրա փոխանցմամբ, միջուկային զենքի կիրառումը հնարավոր է միայն համապատասխան հաստատված հայեցակարգով նախատեսված պայմաններում, և որևէ այլ մեկնաբանություն այս հարցում հնարավոր չէ:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Խերսոնի մարզի հյուսիսում ուկրաինական ուժերը ամբողջովին վերահսկողության տակ են վերցրել Արխանգելսկոյե և Միրոլյուբովկա բնակավայրերը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշերվա ուղերձում:
Տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ ռուսամետ ուժերից, հայտնում են, որ ուկրաինական ուժերը հետ են գրավել նաև Զոլոտայա Բալկա գյուղը՝ դուրս գալով Դնեպրի ափ։
Ուկրինական զինված ուժերի «Հարավ» խմբավորումը այսօր առավոտվա հաղորդագրությունում իրավիճակի մանրամասներ չի հայտնում, նշելով միայն, որ կան մասնակի հաջողություններ։
Զինվորականները սոցցանցերի օգտատերերին և այլ հարթակների նաև հորդորում են նախապես ոչինչ չհաղորդել ուկրաինական ուժերի հակահարձակումների մասին, նշելով, որ նման տեղեկատվությունը կարող է կյանքի գին լինել զինվորների ու այդ շրջանների խաղաղ բնակիչների համար։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանը կշարունակի խորհրդակցությունները Զապորոժիեի և Խերսոնի բնակիչների հետ Դաշնության մաս կազմած այդ երկու շրջանների սահմանների հստակեցման շուրջ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Չեմ կարող այդ հարցին հենց հիմա պատասխանել, բայց ակնհայտ է, որ որոշումը կապված կլինի բացառապես այդ շրջաններում բնակվող մարդկանց ցանկության հետ»,- ասել է խոսնակը:
Նա ավելացրել է, թե ոչ իրավաբանական լեզվով կարելի է ասել, որ Լուգանսկի և Դոնեցկի «ժողովրդական հանրապետությունների» սահմանները հայտնի են 2014 թվականից, իսկ Խերսոնի և Զապորոժիեի շրջանների սահմանները պետք է հստակեցվեն:
Նա նշել է նաև, թե այդ նոր տարածքներում ներքին սահմանների հստակեցման հարցով հանրաքվեներ նախատեսված չեն:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԵՄ առաջնորդները հաջորդ ուրբաթ հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինային աջակցության ավելացումը և էներգակիրների գները զսպելու հետագա քայլերը:
Երեկ հրապարակված ԵՄ առաջնորդներին ուղղված հրավեր-նամակում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել Եվրամիությանն՝ ուժեղ արձագանքել վերջին զարգացումներին, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական չորս շրջանների միացման մասին հայտարարությանը:
«Մեր հանդիպման ժամանակ մենք կքննարկենք, թե ինչպես շարունակել վճռական տնտեսական, ռազմական, քաղաքական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - ասել է Միշելը, որը նախագահում է ԵՄ առաջնորդների հանդիպումները:
Պրահայում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ առաջնորդները նաև առաջարկություններ կներկայացնեն Բրյուսելին այն քայլերի վերաբերյալ, որոնք ԵՄ-ն պետք է ձեռնարկի էներգակիրների գների աճի խնդրի լուծման համար, ասել է Միշելը:
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Ռուսաստանում սահմանադրական ճանաչվեց Ուկրաինայի չորս տարածաշրջանների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ընդգրկումը Ռուսաստանյան Դաշնության կազմում: Երկրի Սահմանադրական դատարանը հավանություն է տվել փաստաթղթերի փաթեթին, 4 որոշումները հրապարակվել են այսօր, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Սահմանադրական դատարանի որոշումների տեքստերում ասված է, որ այդ պայմանագրերը կիրարկվում են արդեն ստորագրման պահից՝ ուրբաթ օրվանից, նախքան Ռուսաստանի խորհրդարանի կողմից վավերացումը: