Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

17:51 1.10.2022

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հավաստիացրել է, որ մասնակի զորահավաքի ընթացքում կանանց զորակոչելու մտադրություն չկա:

«Նման ծրագիր չկար և ապագայում էլ չի լինի: Կանանց չենք զորակոչելու»,- ասել է նախարարը:

Այդ մասին նա լրագրողների հետ խոսել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ընկերակցությամբ այցելելով Կուբինկա՝ «Պատրիոտ» և «Ավանգարդ» համալիրներ, որտեղ ծանոթացել է զորակոչիկների և կամավորների ժամանակավոր բնակության պայմաններին:

17:06 1.10.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վավերացրել է կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին օրենքը, որով ի շարս այլ հատկացումների, նախատեսվում է Ուկրաինային տրամադրել 12 միլիարդ 300 միլիոն դոլարի օգնություն:

Այս գումարն ուղղվելու է Ուկրաինայի ռազմական ծախսերը հոգալու և կառավարության գործունեությունն ապահովելու համար:

Ավելի վաղ օրինագիծը ստացել է Կոնգրեսի հավանությունը: Ներկայացուցիչների պալատում օրենսդիր Ռոզա Դե Լաուրոն ասել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Կիևին:

16:52 1.10.2022

Ուկրաինացի զինծառայողները մտել են Դոնեցկի շրջանում գտնվող Լիման ավանը, որը ռուսներն այս տարվա մայիսին են գրավել:

Ռուսական իշխանամետ տելեգրամ-ալիքները հայտնում են, որ Դաշնության զորքն արդեն հեռացել է Լիմանից, սակայն ոչ Ուկրաինայի գլխավոր շտաբը և ոչ էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չեն հաստատել այդ լուրը:

Ուկրաինայի բանակի «Արևելք» խմբավորման հրամանատարության ներկայացուցիչ Սերգեյ Չրևատին այսօր ասել է, թե Լիմանում գտնվել է մոտ 5 և կես հազար ռուսաստանցի զինծառայող: Ուկրաինացիները ռուսներին առաջարկել են միջանցք տրամադրել նրանց դուրս հանելու համար, սակայն ռուսները մերժել են առաջարկը:

Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ հիմա այդ զինծառայողները «կա՛մ պետք է փորձեն ճեղքել ուկրաինացիների դիրքերը և հեռանալ, կա՛մ զոհվեն, կա՛մ հանձնվեն»:

14:07 1.10.2022

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, թե վետոյի ենթարկելով ուկրաինական չորս շրջանների անեքսիան դատապարտող Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը՝ Ռուսաստանն էլ ավելի է մեկուսացել:

«Միայն Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան է ձեռքը բարձրացրել նախագծի դեմ, դա մեր բոլորիս հավատարմությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը չեղարկելու, իրականության հետ հաշվի չնստելու հուսահատ փորձ է: Պուտինի բանագնացն ընդամենը կատարում է Մոսկվայում տիկնիկային թատրոնի շոուներ սարքած իր տիրոջ հրահանգը, նա փորձում է հերքել այն, որ ագրեսիվ և արկածախնդիր ռեժիմով ղեկավարվող Ռուսաստանը սլանում է դեպի պարտություն»,- ասել է Ուկրաինայի դեսպանը:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի ավանդական դաշնակից Չինաստանը ձեռնպահ է մնացել, բայց դեսպանը հստակ ներկայացրել է Պեկինի դիրքորոշումը:

«Բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք երաշխավորվի, ՄԱԿ-ի Կանոնադրության բոլոր դրույթները պետք է պահպանվեն: Անվտանգության հարցերում բոլոր կողմերի օրինական մտահոգությունները է պետք է հաշվի առնվեն: 7 ամիս տևող այս հակամարտության ազդեցությունը և դրա ընդարձակումը չափազանց մտահոգիչ են»,- ասել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:

«Ապօրինի հանրաքվեները և ուժով ուկրաինական տարածքների բռնակցումը միանշանակ հակասում են ՄԱԿ-ի Կանոնադրությանը և միջազգային իրավունքին: Բայց դրանցով Ուկրաինայի կարգավիճակը կամ պետական սահմանները չեն փոխվի, սա Միացյալ Նահանգների ամուր համոզմունքն է: Սա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ամուր համոզմունքն է, սա նաև Անվտանգության խորհրդի անդամների համոզմունքն է, իհարկե, բացառությամբ Ռուսաստանի»,- ասել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

12:59 1.10.2022

Թուրքիան չի ընդունի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ընդունումը Ռուսաստանի կազմ, ասվում է այդ երկրի արտաքին գերատեսչության այսօրվա հայտարարությունում:

«Թուրքիան չի ճանաչել 2014-ին Ղրիմի ապօրինի բռնակցումը և ամեն առիթով ընդգծել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքը պահպանելու կարևորությունը, ուստի, մենք մերժում ենք այս չորս շրջանները Ռուսաստանին միացնելու որոշումը: Այն հակասում է միջազգային օրենքին և չի կարող ընդունելի լինել: Մենք վերստին ընդգծում ենք արդար խաղաղության սկզբունքով և բանակցային գործընթացով այս հետզհետե ահագնացող պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում:

22:53 30.9.2022

Ուկրաինայի զինված ուժերի, ազգային գվարդիայի ու սահմանապահ ծառայության ստորաբաժանումները Բելառուսի սահմանի մոտ զորավարժություն են անցկացնում։

22:51 30.9.2022

Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա ցանկության է հայտնել, որ դա լինի «արագացված ընթացակարգի» համապատասխան։

«Գործնականում մենք արդեն ապացուցել ենք համապատասխանությունը դաշինքի չափանիշներին։ Դրանք իրական են Ուկրաինայի համար, իրական են մարտի դաշտում, և մեր փոխգործակցության բոլոր ասպեկտներում։ Մենք վստահում ենք միմյանց, մենք օգնում ենք միմյանց և պաշտպանում ենք միմյանց։ Սա դաշինք է», - այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

18:46 30.9.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ տեղի է ունեցել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ։

Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ քննարկվել են անհրաժեշտ միջոցները, որոնք հարկավոր է ձեռնարկել՝ ապահովելու Եվրաատլանտյան տարածության և Ուկրաինայի անվտանգությունը։ Նշված է, որ այդ միջոցները պետք է ներառեն Ուկրաինայի դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ միջուկային զսպման ռազմավարության իրականացում։

17:51 30.9.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրելով Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միացնելու փաստաթուղթը՝ Կիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։

Նա ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է բանակցությունների, բայց միաժամանակ ընդգծել, որ այդ Ուկրաինայի այդ չորս շրջաններում անցկացված այսպես կոչված «հանրաքվեների» արդյունքները քննարկման ենթակա չեն։

Նրա խոսքերով՝ Դոնբասի, Խերսոնի ու Զապորոժիեի բնակիչները դառնում են Ռուսաստանի քաղաքացիներ։

17:10 30.9.2022

Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց չորս համաձայնագրերը՝ ուկրաինական օկուպացված տարածքները` Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միավորելու մասին։

«Վստահ եմ՝ այս որոշումները կհաստատվեն նաև Դաշնային խորհրդում, քանի որ դա միլիոնավոր մարդկանց ցանկությունն է արտահայտում», -ասել է Կրեմլի ղեկավարը՝ հիշեցնելով օկուպացված տարածքներում անցկացված հանրաքվեները։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG