- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված հավատացյալներին ասել է, որ աղոթում է Ուկրաինայի ժողովրդի համար։ «Իմ մտքերն ուղղված են տանջահար Ուկրաինային, որն այնքան տառապում է, և այն խեղճ մարդկանց, որոնց դաժանորեն դատում են», -ասել է նա։
Հռոմի պապը նաև հայտնել է, որ Ուկրաինային մարդասիրական օգնություն առաքող իր բարեգործական կազմակերպության ղեկավար կարդինալ Կոնրադ Կրայևսկին, ով անցած շաբաթ թեթև հրաձգության տակ էր ընկել, իրեն «սարսափելի բաներ» է պատմել։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի օրենսդիրները և իրավական համակարգը պատրաստ են հավանական փոփոխությունների, որոնք հնարավոր Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետություններում», ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներից հետո:
«Մեր օրենսդրությունը նախատեսում է տարբերակներ, բնականաբար, մեր օրենսդիրները և իրավական համակարգը պատրաստ են», - ասել է Պեսկովը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այցելել է Կիև, որտեղ հանդիպել է իր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրո Կուլեբային:
Կոլոննան հավաստիացրել է, որ Ֆրանսիան անվերապահորեն կշարունակի աջակցել Ուկրաինային:
Փարիզը Կիևին արդեն տրամադրել է ավելի քան 2 միլիարդ դոլարի մարդասիրական, ռազմական, ֆինանսական, դիվանագիտական և տնտեսական օգնություն:
«Մենք լայնածավալ աջակցություն ենք հատկացնում և դրա համար մոբիլիզացրել ենք Ֆրանսիայի պետության բոլոր կարողությունները: Այս օգնությունը կշարունակվի»,- ասել է Կոլոննան:
Երկու նախարարները նաև նշել են, որ միջազգային համայնքը ոչ մի պարագայում չի ճանաչի ռուսների կողմից Ուկրաինայի զավթված տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով կեղծ հանրաքվեների արդյունքները:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե չի դիմել Վրաստանի, Ղազախստանի և որևէ այլ երկրի իշխանություններին՝ այնտեղ ապաստանած ռուսաստանցի զորակոչիկներին Ռուսաստան վերադարձնելու խնդրանքով:
«Պաշտպանության նախարարությունը մասնակի զորահավաքի իրականացման շրջանակներում ուրիշ պետություններին չի դիմել ռուսաստանցիներին ուժով Ռուսաստան վերադարձնելու խնդրանքով, նման հնարավորություն չի ծրագրել և չի ծրագրում», - ասվում է պաշտպանական գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մասնավոր զորահավաքի մասին: Այդ օրվանից առ այսօր Ղազախստան է ժամանել 98 հազար ռուսաստանցի, իսկ Ղազախստանից դուրս է մեկնել 64 հազար 234 ռուսաստանցի:
Պուտինի հրամանագրից հետո հազարավոր ռուսաստանցիներ փորձել են տեղափոխվել Վրաստան, Ղազախստան, Հայաստան, Ղրղըզստան և այլ երկրներ: Ռուս-ղազախական սահմանային անցակետերի մոտ՝ ռուսական տարածքի կողմից, ավտոմեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր են առաջացել:
Ղազախստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, 2018-19 թվականներին մոտ 3 միլիոն ռուսաստանցի է այցելել Ղազախստան, մինչդեռ, 2022 թվականի 9 ամիսների ընթացքում Ղազախստան ժամանած ռուսաստանցիների թիվը հասել է 1 միլիոն 700 հազարի:
Նախագահ Կասիմ-Ժոնարտ Տոկաևն ասել է, որ երկրում գտնվում են մեծ թվով ռուսաստանցիներ, «ովքեր Ռուսաստանից դուրս են մեկնել այնտեղ ստեղծված անհուսալի վիճակի բերումով»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Վլադիկավկազից ստացված հաղորդագրության համաձայն, Ռուսաստանը Հյուսիսային Օսիայում՝ Վերին Լարսի անցակետում կտեղակայի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կենտրոն, հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությունը:
Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանին երեք օրում գոյացել է մոտ երկու հազար ավտոմեքենաների հերթ: Ոտքով սահմանն անցնելու արգելք դեռ չկա:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Աշխարհի ամենաազդեցիկ միջազգային տնտեսական կառույցներից մեկը՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) այսօր հրապարակված զեկույցում պնդում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները համաշխարհային տնտեսության համար շատ ավելի ծանր են լինելու, քան ակնկալվում էր։
Կազմակերպության փորձագետների պնդմամբ՝ 2023 թվականին համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշը չի գերազանցի 2.2 նախկինում կանխատեսված 2.8-ի դիմաց։ «Համաշխարհային տնտեսությունը բարձր գին է վճարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ոչնչով չարդարացված և անօրինական ագրեսիայի համար», - նշում են զեկույցի հեղինակները։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինան կրկին հայտարարում է Ռուսաստանի կողմից իրանական դրոնների կիրառման մասին։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Օդեսայի ռազմական վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը։
«Ռուսները ակտիվորեն կիրառում են Իրանում արտադրվող ինքնաոչնչացվող անօդաչու սարքերը։ Դրանք կոչվում են Shaheed 136, սակայն ռուսները այն վերանվանել են «Գերան-2»։ Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող հինգ հարձակում է եղել այդ դրոններով», - հայտարարել է Բարտչուկը՝ պնդելով, որ ռուսական կողմը իրանական անօդաչու սարքերի կիրառմանն է անցել դրանց համեմատաբար ցածր գնի և թանկարժեք հրթիռները տնտեսելու անհրաժեշտությունից դրդված։
Առաջին անգամ իրանական դրոնների կիրառման փաստը նախորդ ուրբաթ պաշտոնապես հաստատեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հայտարարելով Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու մասին։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Այս պահի դրությամբ զորակոչային տարիքի տղամարդկանց համար սահմանը փակելու մասին որևէ որոշում չի կայացվել», - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով կիրակի օրվանից մամուլում շրջանառվող լուրերը։
Դրանց համաձայն, Ռուսաստանի՝ օտար պետություններին սահմանակից մի շարք մարզերում և ազգային հանրապետություններում կարող է ռազմական դրություն հայտարարվել, ինչը կհանգեցնի նաև սահմանների փակմանը։
«Հարկավոր է շատ զգուշորեն վերաբերվել նման արտահոսքերին։ Մեր հակառակորդներն ու թշնամիները աշխատում են, մեր տնային հիստերիկները ևս այդ գործի վրա են, ուստի պետք է շատ զգուշորեն ամեն ինչ ընկալել՝ ֆեյքերն այսօր ավելի շատ են, քան ճշմարիտ խոսքը», - նշել է Կրեմլի խոսնակը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների պետքարտուղարը Ռուսաստանի նախագահի՝ միջուկային զենքի հետ կապված հռետորաբանությունն անվանել է «անպատասխանատու»։
Ամերիկյան CBS հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում Էնթոնի Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը մշակել է գործողությունների ծրագիր Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու դեպքում։ Պետքարտուղարը մանրամասներ չի ներկայացրել։
Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը մասնավոր կապ է հաստատել Կրեմլի հետ միջուկային պատերազմի սպառնալիքի առնչությամբ, Բլինքենը դրական է պատասխանել. - «Այո։ Շատ կարևոր է, որ Մոսկվան մեզնից լսի և մեզնից տեղեկանա, որ նման քայլի հետևանքները սարսափելի կլինեն։ Եվ մենք դա շատ պարզ հասկացրեցինք»: