Մատչելիության հղումներ

Լուգանսկում, Դոնեցկում և Խերսոնի և Զապորոժիեի շրջանների որոշ բնակավայրերում սկսվել են ՌԴ-ին միանալու հարցով «հանրաքվեները»


Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններում, ինչպես նաև Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ռուսական օկուպացիայի տակ գտնվող բնակավայրերում այսօր սկսվել են Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ «հանրաքվեները»։ Քվեարկությունը կտևի մինչև սեպտեմբերի 27-ը։

Ուկրաինան և արևմտյան գերտերությունները արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում դրանց արդյունքները։ «Ահաբեկման և բռնի տեղահանման պայմաններում որևէ հանրաքվե չի կարող լինել ազատ կամ արդար», - Մեծ յոթնյակի հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բուրբոկը՝ հավելելով, որ այդ հանրաքվեների համար Ռուսաստանը նոր պատժամիջոցների կարժանանա։

Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը ասում է, որ այսօր մեկնարկած «հանրաքվեները» հակասում են անգամ Ռուսաստանի օրենսդրությանը. - «Միակ բանը, որ Մոսկվան ուզում է ստանալ դրանցով, Արևմուտքին և Եվրոպային ևս մեկ անգամ ատոմային ռումբով վախեցնելն է։ Մոսկվան, այդ տարածքները հայտարարելով ռուսական, ասում է, թե այսուհետ ատոմային ռումբ օգտագործելու իրավունք ունի իր վրա հարձակման ժամանակ»:

Մինչ այդ մարտերը Ուկրաինայի տարածքում շարունակվում են։ Անցած երեք օրվա ընթացքում ուկրաինական ուժերը շարունակել են հակահարձակումները՝ ազատագրելով Խարկովի շրջանում գտվող Օսկոլ գետի կամուրջները։ Դոնեցկի մարզի հարավում էլ, ըստ հաղորդումների, ուկրաինական ուժերը մոտենում են ռուսների կողմից դեռևս մայիսին օկուպացված Լիման քաղաքին:

Մարտադաշտում ակնհայտորեն թուլացած դիրքերը ամրապնդելու համար Ռուսաստանի նախագահը երկու օր առաջ մասնակի մոբիլիզացիա հայտարարեց՝ լուրջ դժգոհություն առաջացնելով երկրի ներսում։

Թեև զորահավաքը, ըստ Կրեմլի, մասնակի է, սակայն իրականում Պաշտպանության նախարարությանը տրվել են շատ լայն լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս զորակոչել ցանկացած ռուսաստանցու՝ բացառությամբ նրանց, ովքեր տարկետման իրավունք ունեն օրենքով։ Ավելին, մոբիլիզացիայի մասին Պուտինի հրամանագրում կա 7-րդ՝ գաղտնի կետ։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, այն վերաբերում է մոբիլիզացվածների թվին։ Համացանցում ակտիվ տարածվում են բազմաթիվ տեսագրություններ, որոնցում մարդիկ պատմում են, թե ինչպես են նրանց հապճեպ զորակոչել։

«Ես չէի սպասում, որ այսօր պետք է պատերազմ գնամ։ Առավոտյան ոչ ոք ինձ ոչինչ չասաց: Նրանք ինձ զորակոչեցին, որ ես պետք է գամ այստեղ ժամը 15:00-ին։ Մենք սպասեցինք մեկ ու կես ժամ, հետո աշխատակիցը եկավ և ասաց, որ մենք հիմա գնում ենք։ Դուրս եկա և սկսեցի զանգահարել ծնողներիս, եղբորս, բոլոր ընկերներիս, որ ասեմ, որ ինձ տանում են։ Իսկ ես, ի դեպ, դեռ սովորում եմ», - պատմեց մի երիտասարդ:

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահը կոչ է արել ռուսաստանցիներին մոբիլիզացիայի դեմ բողոքի ակցիաների դորս գալ, փախչել երկրից կամ հանձնվել ուկրաինական կողմին. - «Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստվում է բանակ տանել մինչև մեկ միլիոն տղամարդու։ Սա է գլխավորը, որի մասին հիմա լռում են։ Գիտենք, որ բոլորին անխտիր տանելու են։ Ռուս մայրեր, համոզված եղեք, որ ձեր պետության ղեկավարության երեխաները չեն մասնակցի Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նրանք, ովքեր որոշումներ են կայացնում ձեր երկրում, հոգ են տանում իրենց երեխաների մասին։ Իսկ ձեր երեխաներին նույնիսկ չեն թաղում»։

Ռուսաստանի տարբեր քաղաքներում շարունակվում են դեռևս ոչ մարդաշատ ակցիաները

Կրեմլը խոստովանել է, որ երկրում որոշակի խուճապային տրամադրություններ կան։ Նախագահ Պուտինի մամուլի խոսնակը կոչ է արել սթափ լինել մասնակից մոբիլիզացիայի մասին կեղծիքների վերաբերյալ։ Դմիտրի Պեսկովը հասկանալի է անվանել մոբիլիզացիայի առաջին օրվա «հիստերիկ արձագանքը»՝ պնդելով, որ այժմ իշխանությունների կողմից պարզաբանումների պակաս չկա։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո հայտարարել է, թե Չեչնյայում մոբիլիզացիա չի լինելու՝ պնդելով, որ Ուկրաինայի դեմ պատերազմում իրենք «գերակատարել են պլանը՝ ռազմաճակատ ուղարկելով 20 հազար մարդու։ Թե ինչ պլանի մասին է խոսքը, ում կողմից և ինչպես է այն հաստատվել, Կադիրովը չի հստակեցրել, միաժամանակ սպառնացել է ճակատ ուղարկել բողոքի ակցիային մասնակցող կանանց նրանց ամուսիններին և որդիներին։

Ռուսաստանից ստացվող տեղեկությունների համաձայն, տղամարդկանց ելքը երկրից դեռ արգելված չէ, սակայն նրանց օդանավակայաններում լրացուցիչ հարցեր են տալիս: Ռուսաստանի հետ սահմանակից երկրների՝ Ֆինլանդիայի, Վրաստանի և Ղազախստանի անցակետերում ավտոմեքենաների հսկայական հերթեր են գոյանում:

Այս ֆոնին ընդդիմադիր «Վեսնա» շարժումը պատրաստվում է վաղը ողջ երկրով մեկ բողոքի նոր ցույցեր անցկացնել՝ «Պուտինին տարեք խրամատ», «Ո'չ պատերազմին» կարգախոսներով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG