Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

19:39 11.9.2022

Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլը` նշելով, որ այն կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնն անդրադարձել են Ուկրաինայում տիրող իրավիճակին` շեշտը դնելով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման վրա։

Ռուսաստանի նախագահը, ըստ հաղորդման, տեղեկացրել է կայանի ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար ռուս մասնագետների ձեռնարկած միջոցառումների մասին և ընդգծել «Կիևի իշխանությունների վրա ազդելու անհրաժեշտությունը, որպեսզի կայանի հրետակոծությունն անմիջապես դադարեցվի»։ Երկու երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել ՄԱԳԱՏԷ-ի մասնակցությամբ ԶԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ չքաղաքականացված փոխգործակցության համար։

Համաշխարհային պարենային անվտանգության խնդիրները քննարկելիս հաստատվել է այն դիրքորոշումը, որ սևծովյան նավահանգիստներից արտահանվող հացահատիկը պետք է առաջին հերթին ուղղվի զարգացող երկրների կարիքներին, ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

13:44 11.9.2022

Զապորոժիեի ԱԷԿ-ում աշխատող վերջին` վեցերորդ էներգաբլոկը կանգնեցվել է, ռուսական ՌԻԱ Նովոստիին ասել է շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

Նրա խոսքով՝ ռեակտորների ու տուրբինների աշխատանքի անընդհատ փոփոխվող ռեժիմը կարող է վթարի հանգեցնել։ Այս դեպքում անջատման ռեժիմը, ինչպես նշված է, թույլ է տալիս վերագործարկել էներգաբլոկը:

«Ռոսէներգոատոմ» կոնցեռնի ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան էլ ասել է, որ ռեակտորի անջատումը ամբողջապես չի վերացնում «միջուկային աղետի սպառնալիքը շարունակվող հարվածների պայմաններում»։

Զապորոժիեն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով և հզորությամբ։ Այն գտնվում է Էներգոդար քաղաքում:

17:37 10.9.2022

«Վերջին 24 ժամերին Ռուսաստանի Զինված ուժերը Ուկրաինայի տարածքում վեց զինապահեստ և յոթ հրամանատարական կետ են ոչնչացրել», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ ոչնչացված զինապահեստները գտնվել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում։ Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, Նիկոլաևի մարզի Կալուգա գյուղի մոտ ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ռադարային կայաններից մեկը, որն օգտագործվում էր օդային թիրախների հայտնաբերման նպատակով։

16:13 10.9.2022

«Վերջին օրերին Խարկովի մարզում ձեռնարկած հակահարձակման ընթացքում ուկրաինական զորքերին հաջողվել է շուրջ երեք տասնյակ բնակավայր ազատագրել», - այսօր հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը։

«Ընդհանուր առմամբ վերջին մի քանի օրերին Ուկրաինայի տարածքից շուրջ հազար քառակուսի կիլոմետր ազատագրվել է զավթիչներից։ Որոշ ուղղություններում Պաշտպանության ուժերի ստորաբաժանումները թշնամու դիրքերում խորացել են ավելի քան 50 կիլոմետրով։ Խարկովի մարզի ավելի քան 30 բնակավայրեր, որոնք ժամանակավորապես գրավվել էին Ռուսաստանի կողմից, ազատագրվել են կամ անցել են մեր վերահսկողության տակ», - հայտարարել է Շտուպունը։

16:11 10.9.2022

Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախօրեին, Չեխիա կատարած այցի ընթացքում հաստատել է, որ վերջին օրերին ուկրաինական բանակին հաջողվել է որոշակի հաջողություններ արձանագրել ռազմի դաշտում։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ դա հնարավոր է դարձել Ուկրաինա մատակարարված արևմտյան սպառազինության կիրառման շնորհիվ։

«HIMARS հրթիռային համակարգերը շատ առանձնահատուկ դեր են խաղացել՝ թույլ տալով ուկրաինացիներին հարվածել երկրի ներսում գտնվող այն թիրախներին, որոնք կարևոր նշանակություն ունեին։ Այդ իսկ պատճառով նրանք այդ սպառազինությունը, ինչպես նաև HARM տեսակի հրթիռները կիրառել են ռազմի դաշտում դինամիկան փոխելու նպատակով։ Մենք հաջողություններ ենք տեսնում Խերսոնում, որոշակի հաջողություններ կան նաև Խարկովի մարզում և դա շատ հուսադրող է», -հայտարարում էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը։

16:09 10.9.2022

«Սեպտեմբերի 9-ի դրությամբ Խարկովի մարզում իրականացված հակահարձակման ընթացքում ուկրաինական բանակին հաջողվել է շուրջ 2500 քառակուսի կիոլմետր տարածք վերագրավել», - պնդում են Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) փորձագետները։

Ամերիկացի մասնագետների պնդմամբ` ուկրաինական զորքերին հաջողվել է հասնել Կուպյանսկ քաղաքի մերձակայքին։

13:11 10.9.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում Baykar գործարանի կառուցման մանրամասները, հանդիպումից հետո սոցցանցում կատարած գրառմամբ հայտնել է Զելենսկին։

Հանդիպմանն անդրադարձել են ընկերության հետ Ուկրաինայի հետագա համագործակցությունը՝ ուկրաինական բանակի պաշտպանական կարողությունների ամրապնդման նպատակով, հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։

16:47 9.9.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնանկությունը պահանջող՝ Սանկտ Պետերբուրգի 7 պատգամավորները հրավիրվել են ոստիկանություն՝ բանակը վարկաբեկելու մեղադրանքով։

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի Սմոլնի մունիցիպալ կազմավորման 7 օրենսդիրները հայտարարել էին, որ դիմել են Պետդումա Պուտինին պետական դավաճանության համար մեղադրանք առաջադրելու ու նրան պաշտոնանկ անելու պահանջով։

Որոշումը ստորագրած պատգամավորներից Դմիտրի Պալյուգան Թվիթերում հրապարակել ՌԴ օրենսդիր մարմնին դիմելու վերաբերյալ իրենց որոշումը։

Պատգամավորների կարծիքով՝ Ուկրաինա ներխուժելու Պուտինի որոշումը վնաս է հացնում Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգությանը, նպաստել է ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ու Ուկրաինայի ռազմականացմանը՝ այլ երկրների օգնությամբ, հակառակ «հատուկ ռազմական գործողության» հռչակված նպատակների:

16:45 9.9.2022

Լատվիայի Սեյմը հրատապ օրենք է ընդունել Մոսկվայի Պատրիարքարանի Ռուս ուղղափառ եկեղեցուց Լատվիական ուղղափառ եկեղեցու անկախության մասին։ Այն ներկայացրել է երկրի նախագահ Էգիլս Լևիտսը։

«Լատվիայի անկախ, ժողովրդավարական և իրավական պետության մեջ մեր ուղղափառներին անհրաժեշտ է իրենց ինքնուրույն և անկախ եկեղեցին», - ասել է Լատվիայի նախագահը։

Լատվիայի իշխանություններն ավելի վաղ դատապարտել էին Մոսկվայի Պատրիարքարանին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի գործողություններին աջակցելու համար։ Օրերս Լևիտսը հայտարարել էր, որ Ռիգան ցանկանում է բացառել Մոսկվայի Պատրիարքարանի ցանկացած ազդեցություն Լատվիայի եկեղեցու վրա։

Ընդունված փոփոխությունները հաստատում են Լատվիայի Ուղղափառ եկեղեցու լիակատար ինքնուրույն և անկախ կարգավիճակը՝ իր բոլոր թեմերով և հաստատություններով։ Օրենսդրական փոփոխությունները չեն վերաբերում կանոնական խնդիրներին։

Լատվիայի Ուղղափառ եկեղեցին մինչև հոկտեմբերի 31-ը պետք է իր կանոնադրությունը համապատասխանեցնի օրենքի նոր պահանջներին։

Լատվիական Ուղղափառ եկեղեցին Ռուս ուղղափառ եկեղեցու կազմում ինքնակառավարման կարգավիճակ է ստացել 1992 թվականին։

11:16 9.9.2022

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի օգնության 20-րդ փաթեթը։ Օգնության ընդհանուր գումարը կհասնի 13 մլրդ դոլարի, սեպտեմբերի 8-ին Կիևում, Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ ուկրաինացիները Ռուսաստանի դեմ զենքը՝ «հրթիռներն ու հրետանին» արդյունավետ են օգտագործում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG