- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
Ռուսական «Գազպրոմ»-ը այսօր երեք օրով դադարեցրել է գազամատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով՝ պատճառաբանելով դա անհրաժեշտ տեխնիկական սպասարկմամբ:
Ընկերությունից հայտարարել են, որ յուրաքանչյուր 1000 ժամ աշխատանքից հետո եռօրյա դադարներ անելն անհրաժեշտություն է:
Սակայն Գերմանիայի էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ, կապով և երկաթուղով զբաղվող դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերն այս դադարն անվանել է տեխնիկապես անհասկանալի որոշում, մտավախություն հայտնելով, թե հավանական է դա պարզապես Մոսկվայի կողմից պատրվակ է՝ հերթական անգամ ցույց տալու «գազային մահակը»:
- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
Ուկրաինան շարունակում է պնդել, որ Ռուսաստանի քաղաքացիների համար արգելվի շենգեն վիզաների տրամադրումը, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, հավելելով, որ բացառություններ կարող են արվել միայն մարդասիրական նպատակներով՝ Ռուսաստանի իշխանությունների դեմ ակտիվ պայքարողներին փախստականի կարգավիճակ տրամադրելու համար:
Կուլեբան ասել է, որ չի կարծում, թե բացարձակապես բոլոր ռուսաստանցիները պատասխանատվություն են կրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների համար, սակայն նաև չի կարծում, թե տեղի ունեցողը միայն «Պուտինի պատերազմն է»:
Ըստ Ուկրաինայի արտգործնախարարի՝ Ռուսաստանի հասարակության մեծ մասն աջակցում է Պուտինին:
Ռուսաստանիցներին շենգեն վիզաներից զրկելու հարցը քննարկվել է նաև Եվրամիության արտգործնախարարների հավաքի ընթացքում՝ Պրահայում:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի 14 փորձագետներից բաղկացած թիմը ժամանել է Կիև, որտեղից էլ պետք է ուղևորվի Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայան։
Այցը տեղի է ունենում ատոմակայանի տարածքում ահագնացող գնդակոծությունների և հնարավոր միջուկային վթարի հետ կապված աճող մտահոգությունների ֆոնին: Բացի ատոմակայանում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելուց, վտանգները չեզոքացնելուց, միջազգային մասնագետները մտադիր են նաև տեղում գնդակոծության փաստերը հետաքննել, ինչի համար Կիևն ու Մոսկվան միմյանց են մեղադրում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի 14 փորձագետներից բաղկացած թիմը ժամանել է Կիև, որտեղից էլ պետք է ուղևորվի Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայան։
Այցը տեղի է ունենում ատոմակայանի տարածքում ահագնացող գնդակոծությունների և հնարավոր միջուկային վթարի հետ կապված աճող մտահոգությունների ֆոնին: Բացի ատոմակայանում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելուց, վտանգները չեզոքացնելուց, միջազգային մասնագետները մտադիր են նաև տեղում գնդակոծության փաստերը հետաքննել, ինչի համար Կիևն ու Մոսկվան միմյանց են մեղադրում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինական հացահատիկի՝ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին խմբաքանակը ծովով հասել է Աֆրիկա։ BBC-ի փոխանցմամբ՝ մոտ 23 հազար տոննա ցորենը Ջիբութի նավահանգիստ է հասել Լիբանանի դրոշի ներքո՝ հետագայում Եթովպիա առաքելու նպատակով:
Նավը ուկրաինական Յուժնի նավահանգստից դուրս էր եկել օգոստոսի 16-ին: Ջիբութի հասած ցորենի խմբաքանակի առաքումը վճարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։ Գործակալության հաշվարկներով՝ մոտ մեկ շաբաթ կպահանջվի, որպեսզի ցորենը փաթեթավորվի և ցամաքով տեղափոխվի Եթովպիա, որտեղ 20 միլիոն մարդ պարենային աջակցության կարիք ունի։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսական ուժերին հեռանալ՝ հայտարարելով, թե ուկրաինական բանակը վերադարձնում է կորսված տարածքները։
Ժամեր առաջ հանդես գալով տեսաուղերձով՝ Զելենսկին հավաստիացրել է, թե ուկրաինական ուժերը հետ են մղելու ռուսական զորամիավորումներին մինչև սահման։ «Եթե ցանկանում են ողջ մնալ, ժամանակն է, որպեսզի ռուսական զինուժը փախչի։ Գնացե՛ք տուն։ Ուկրաինան վերադարձնում է իրենը», - ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Երեկ հայտարարվեց հարավային՝ Խերսոնի ուղղությամբ ուկրաինական բանակի հարձակման մեկնարկի մասին։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ ուկրաինական հարձակումն արդեն իսկ իր ազդեցությունն է ունեցել՝ ռուսական ուժերը հարկադրված վերադիրքավորվել են և Ուկրաինայի հարավ են ուղարկել արևելքում տեղակայված զորամիավորումների մի մասը։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ռուսաստանը խնդիրների է բախվել Ուկրաինայում պատերազմող իր զորամիավորումները մարդուժով համալրելու գործում, զորակոչիկները հաճախ ավագ սերնդի ներկայացուցչներ են և վատ պատրաստված՝ հայտնել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ավագ պաշտոնյան։
Պենտագոնի՝ անանուն մնալ ցանկացող ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաճախ նորակոչիկներ է փնտրում բանտերում՝ ռազմաճակատ մարդ ուղարկելու համար։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ռուսական զինված ուժերը «բազմիցս ձախողվել են» Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման ժամանակ, Reuters-ին փոխանցել է ԱՄՆ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը։
Իր անունը հրապարակել չցանկացող պաշտոնյան նշել է, որ այս ամսվա ընթացքում տարբեր օրերի Մոսկվան Թեհրանից ստացել է Mohajer-6 և Shahed տեսակի անօդաչուներ, որոնք կարող են հարվածել ցամաքային թիրախներին, վարել էլեկտրոնային պատերազմ և հրետանու համար տեղորոշել թիրախները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրեմլը ծրագրում է ձեռք բերել նման մի քանի հարյուր դրոններ։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանն անցած ամիս հայտարարեց՝ Վաշինգտոնը տեղեկություն ունի, թե Իրանը պատրաստվում է հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ռուսաստանին։ Այնուհետև ամերիկյան կողմը հրապարակեց արբանյակային լուսանկարներ, որոնք, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, պատկերում էին այս հունիսի 8-ին և հուլիսի 5-ին ռուսաստանցի պաշտոնյաների այցը իրանական «Քաշան» օդակայան՝ ծանոթանալու իրանական դրոններին։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ուկրաինայի զինված ուժերը մի քանի ուղղություններով ճեղքել են ռուսական օկուպացիոն ուժերի պաշտպանական գիծը երկրի հարավային՝ Խերսոն քաղաքի հատվածում, հայտարարել է Ուկրաինայի նախագահի ավագ խորհրդականը։
Ժամեր առաջ հրապարակված տեսաուղերձում Օլեքսի Արեստովիչն ասել է, որ ուկրաինական բանակը հրետակոծության տակ է պահել Խերսոնի մարզում՝ դեպի Դնեպր գետի արևմտյան ափ ուղղություն բռնած լաստանավերը, որոնք մատակարարում էին այդ հատվածում դիրքավորված ռուսական զորամիավորումներին։
Երեկ Կիևը հայտարարեց, թե իր զինված ուժերը հարձակում են սկսել հարավի մի քանի ճակատներում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր հարձակումը, սակայն պնդում է, որ այն ձախողվել է, և ուկրաինական զինուժը մեծ կորուստներ է կրել:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ուկրաինայի զինված ուժերը այսօր հարձակում են սկսել երկրի հարավում` ռուսական բանակի կողմից բռնազավթված Խերսոնում:
«Այսօր մենք հարձակողական գործողություններ ենք սկսել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Խերսոնում», - ըստ տեղական լրատվամիջոցների` հայտարարել է Զինված ուժերի խոսնակը՝ զերծ մնալով հավելյալ մանրամասներից։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի հարավային պաշտպանության ուժերի խոսնակ Նատալյա Գումենչուկը կոչ է արել նվազեցնել ռազմաճակատից լուրերի շուրջ աղմուկը։
«Ռազմական գործողությունը լռություն է պահանջում, հիբրիդային պատերազմի, տեղեկատվական պատերազմի պայմաններում այս իրարանցումը ճիշտ չէ։ Ցանկացած գործողություն, թեկուզ ոգեշնչող, պետք է իրականացվի և ունենա տրամաբանական ավարտ, և միայն այդ դեպքում դա կարող է արդյունավետ համարվել», - ասել է նա:
Այսօր ավելի վաղ իր Տելեգրամ ալիքում Օդեսայի շրջանային ռազմական վարչության փոխնախագահ Ալեքսեյ Մացուլևիչը գրել էր․ «Խերսոնի համար մարտերը սկսվել են»:
Սակայն կարճ ժամանակ անց պաշտոնյան ջնջել էր գրառումը։