Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:52 29.8.2022

Եվրամիությունում նախագահող Չեխիան սեպտեմբերի 9-ին գումարել է անդամ երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ հանդիպում՝ քննարկելու էներգակիրների գների աճը, հայտարարել է Չեխիայի արդյունաբերության նախարար Ժոսեֆ Սիկելան։

Ավելի վաղ չեխական կողմի մտադրության մասին երկրի վարչապետ Պետր Ֆիալան էր հայտնել: Իսկ արդարադատության նախարար Պավել Բլաժեկը խորհրդարանի ստորին՝ Դեպուտատների պալատում հայտարարել էր, որ Եվրոպական միությունում էներգակիրների սրընթաց գնաճը սպառնում է հանրությանը և մասնավորապես Չեխիայում ձևավորված քաղաքական համակարգին:

16:27 29.8.2022

Շվեդիան խոստացել է հավելյալ կես միլիարդ կրոնի (մոտ 47 միլիոն դոլար) ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ Ռուսաստանի հարձակմանը դիմակայելու համար։ Որոշման մասին հայտնել է երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո։

«Սահմանները չպետք է փոխվեն ուժի գործադրմամբ», - BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է Շվեդիայի վարչապետը։

«Դուք պաշտպանում եք մեր եվրոպական արժեքներն ու միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը։ Ձեզ աջակցելը մեզ համար պատիվ է և պարտականություն։ Եվ հենց դրա համար էլ իմ կառավարությունը Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի՝ 1 մլրդ կրոն ծավալով», - ասել է Անդերսոնը։

Շվեդիայի վարչապետի խոսքով՝ Ուկրաինան սկզբում կստանա 500 մլն կրոն ռազմական աջակցություն։

16:25 29.8.2022

Գերմանիան կշարունակի օժանդակել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, Պրահայի Կառլի համալսարանում ելույթի ընթացքում հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կանցլերն ասել է, որ Գերմանիան կարող է նաև պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի հրետանու և հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացման համար։

Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան հանձնառու է Եվրամիության ընդլայնմանը, հավելելով՝ Արևմտյան Բալկանների երկրները, Ուկրաինան, Մոլդովան և ի վերջո նաև Վրաստանը պետք է միանան դաշինքին։

16:24 29.8.2022

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարում է, որ բացահայտել է երկրորդ ուկրաինացու ինքնությունը, ով ենթադրաբար առնչություն ունի ռուս ազգայնական գաղափարախոս, Արևմուտքի կողմից «Պուտինի ուղեղ» անվան արժանացած Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարյա Դուգինայի սպանությանը։

ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ Բոգդան Ցիգանենկոն օգնել է Դուգինայի սպանության նախապատրաստմանը։ Ըստ այդ վարկածի՝ Ցիգանենկոն գլխավոր կասկածյալին՝ Նատալյա Վովկին, անձը հաստատող կեղծ փաստաթուղթ և ավտոմեքենայի կեղծ պետհամարանիշեր է տրամադրել, նա օգնել է նաև հավաքել պայթուցիկ սարքը, որը դրվել էր Դուգինայի մեքենայում:

Վովկը, ըստ ԱԴԾ-ի, հուլիսին Ռուսաստան է ժամանել 12-ամյա դստեր հետ և բնակարան է վարձել այն շենքում, որտեղ ապրում էր Դուգինան։ Նույն վարկածի համաձայն՝ 44-ամյա Ցիգանենկոն Էստոնիայի տարածքով Ռուսաստան է ժամանել հուլիսի 30-ին և լքել երկիրը սպանությունից մեկ օր առաջ։

Ըստ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ Դուգինայի սպանությունը «պատրաստվել և իրականացվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից», ինչը Կիևը կտրականապես հերքում է:

16:21 29.8.2022

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է, որ գործակալության առաքելությունն այս շաբաթ կայցելի Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայան։

«Եկել է օրը, ՄԱԳԱՏԷ-ի աջակցությունն ու առաքելությունը Զապորոժիեի ճանապարհին է», - Թվիթերում գրել է Ռաֆայել Գրոսսին։

Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը մնում է անփոփոխ՝ չնայած Ռուսաստանի «ցինիկ խոչընդոտմանը», ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի երեկվա հայտարարությունում։

Ռուսաստանը ՄԱԿ-ի համաժողովում արգելափակել էր միջուկային զենքի չտարածման պայմանագիրը կատարելու մասին ամփոփիչ փաստաթղթի ընդունումը, քանի որ այնտեղ խոսք կար Ուկրաինայում իրավիճակի մասին։ Փաստաթուղթը լուրջ մտահոգություն էր հայտնում Ուկրաինայի էլեկտրակայանների, ներառյալ պատերազմի՝ սկզբում ռուսական ուժերի կողմից գրաված Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ռազմական գործողությունների կապակցությամբ։

16:19 29.8.2022

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է, որ գործակալության առաքելությունն այս շաբաթ կայցելի Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայան։

«Եկել է օրը, ՄԱԳԱՏԷ-ի աջակցությունն ու առաքելությունը Զապորոժիեի ճանապարհին է», - Թվիթերում գրել է Ռաֆայել Գրոսսին։

«Մենք պետք է պաշտպանենք Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունը։ Հպարտ եմ՝ ղեկավարել այս առաքելությունը», - ասել է Գրոսսին:

16:17 29.8.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այսօր կմեկնի Շվեդիա, իսկ հաջորդ օրը՝ Չեխիա՝ ամրապնդելու միջազգային աջակցությունը Կիևին։

Պրահայում Կուլեբան կմասնակցի Եվրամիության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ քննարկելու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները և ռուս զբոսաշրջիկների համար ԵՄ ամբողջ տարածքում վիզային ռեժիմի հնարավոր արգելքը։

16:14 29.8.2022

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են կասեցնել Ռուսաստանի` Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի պաշտպանությունը ճեղքելու ջանքերը։

Շաբաթներ առաջ գրավելով Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը և վերահսկողություն հաստատելով Լուգանսկի մարզի նկատմամբ՝ ռուսական ուժերը կենտրոնացել են ռազմավարական նշանակություն ունեցող Բախմուտի վրա: Քաղաքը, որը մինչ պատերազմը մոտ 70 հազար բնակիչ ուներ, շաբաթվա վերջին կրկին հրետակոծվել է, հարվածներ են հասցվել նաև մոտակայքում գտնվող Սոլեդար և Զայցևե քաղաքներին։

Ուկրաինական ռազմական զեկույցում նշվում է, նաև որ Ուկրաինան դադարեցրել է ռուսական առաջխաղացումը Դոնեցի մարզի երկու այլ խոշոր քաղաքների՝ Սլովյանսկի և Կրամատորսկի մոտ: Ուկրաինացի զինվորականները նաև հայտնել են, որ ածուխ արտադրող Ավդիևկա քաղաքում իրենց զորքերը կարողացել են հետ մղել ռուսական հարձակումը՝ չնայած հակառակորդի հրետանային և օդային հարվածներին:

08:19 29.8.2022

ԵՄ արտաքին գործերի նախարարները ծրագրում են աջակցել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի կասեցմանը, որպեսզի կրճատեն ռուսաստանցիներին տրվող շենգենյան վիզաների թիվը, կիրակի գրում է Financial Times-ը։

Բացի այդ, ըստ FT-ի աղբյուրներից մեկի, մինչև տարեվերջ կարող են ավելի արմատական որոշումներ կայացվել ռուսների համար վիզաների հետ կապված։

Ռուսներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի հնարավորությունը նախկինում քննարկվել է Էստոնիայում, Ֆինլանդիայում, Լատվիայում և Լիտվայում, սակայն Եվրամիությունում այս հարցում կոնսենսուս չկա. Գերմանիան Հունաստանի և Կիպրոսի հետ անհամաձայնություն է հայտնել սրան:

15:05 28.8.2022

Dell Technologies ամերիկյան ընկերությունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը ռուսաստանյան շուկայում:

«Օգոստոսի կեսին մենք փակել ենք մեր բոլոր գրասենյակները և ավարտել ենք բոլոր գործառույթները Ռուսաստանում: Դեռ փետրվարին մենք որոշել ենք չվաճառել և չսպասարկել մեր արտադրանքը Ռուսաստանում, Բելառուսում, ինչպես նաև Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում»,- հայտարարել է Dell ընկերության ներկայացուցիչ Մայքլ Սիեմանսը, հավելելով, որ բռնազավթված Ղրիմի վերաբերյալ այդ որոշումը շատ ավելի վաղ է ընդունվել:

Dell-ը կրճատել է ռուսական գրասենյակների բոլոր աշխատակիցնեին` նրանց վճարելով 8 ամսվա աշխատավարձ: Մոսկվայում Dell-ն ուներ վաճառքի գրասենյակ, որտեղ մոտ 50 մարդ է աշխատել, իսկ Սանկտ Պետերբուրգում գործել է զարգացման կենտրոն, որտեղ մոտ 400 մասնագետ է աշխատել:

Dell-ը համակարգիչներ արտադրող աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկն է և սերվերների ամենախոշոր մատակարարը ռուսական շուկա:

Յեյլի համալսարանի մասնագետների հաշվարկով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան հազար արտասահմանյան ընկերություններ հայտնել են Ռուսաստանից հեռանալու կամ Ռուսաստանում գործունեությունը սահմանափակելու մասին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG