Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:40 24.8.2022

Միացյալ նահանգները Կիևին շուրջ 3 միլիարդ դոլարի զինամթերք և սարքավորումներ կտրամադրի, Ուկրաինայի անկախության օրվան նվիրված ուղերձում հայտնել է նախագահ Ջո Բայդենը։

Ըստ նրա՝ սա ռուսական ներխուժումից ի վեր Ուկրաինային տրամադրվող ռազմական ամենամեծ օգնության փաթեթն է։

Ուկրաինան երկարաժամկետ պաշտպանության համար Վաշինգտոնից կստանա հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային միջոցներ ու ռադարներ։ Թե ինչ քանակի զինամթերքի մասին է խոսքը, Բայդենը չի հստակեցրել։

08:28 24.8.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, երեկ ելույթ ունենալով առցանց անցկացված «Ղրիմի պլատֆորմ» համաժողովում, հիշեցրել է, որ Անկարան չի ճանաչել Ղրիմի բռնազավթումը, որի մասին բաց հայտարարել է առաջին օրվանից։

«Ղրիմի հարցով մեր երկրի դիրքորոշումը հիմնված է ոչ միայն օրենքի տառի վրա, այլև արտացոլում է Անկարայի սկզբունքային բարոյական դիրքորոշումը։ Ղրիմի վերադարձը Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական միասնության պահպանումը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև գլոբալ անվտանգության և կայունության համար»,- հայտարարել է Էրդողանը։

«Ղրիմի պլատֆորմ» առցանց համաժողովին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Բրիտանիայի վարչապետը, Վրաստանի նախագահը։

Ռուսաստանը Ղրիմը բռնակցել է 2014 թվականին։

08:22 24.8.2022

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը օգոստոսի 22-ի ճեպազրույցում պատասխանելով Թուրքիայի միջոցով պատժամիջոցներից խուսափելու Ռուսաստանի հնարավոր քայլերին, ինչի մասին թուրք գործընկերներին նախազգուշացրել էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը՝ ասել է․ «Բարձրաստիճան պաշտոնյաները կանոնավոր փոխգործակցում են իրենց գործընկերների հետ, այդ թվում՝ անհատապես, որպեսզի կիսվեն տեղեկատվությամբ, համոզվեն, որ հավաքական կերպով մենք անում ենք հնարավորը' պահպանելու պատժամիջոցների գործող ռեժիմը և փակելու սողանցքները»։

Շարունակելով թեման՝ լրագրողը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները և անհատները նույն գործունեությամբ զբաղվում են նաև Հարավային Կովկասում՝ Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում, պատրա՞ստ է նույն նախազգուշացումն անել։

Նեդ Փրայսը պատասխանել է․ «Սրանք քննարկումներ են, որոնք մենք ունեցել ենք աշխարհի շատ վայրերում»։

14:50 23.8.2022

Ուկրաինայի զինված ուժերն այսօր հրետակոծել են Դոնեցկի վարչակազմի շենքը։ Ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության իշխանությունները հայտնել են, որ վնասվել է շենքի աջ թևն ու վերին հարկը։

«Շենքում հրդեհ է բռնկվել։ Ամենուր ջարդված աղյուսներ են թափված, երեսապատման սալիկներ ու մետաղական կոնստրուկցիաներ», - հայտնում է Դոնեցկի լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հրետակոծման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։

14:25 23.8.2022

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև՝ քննարկելու Ուկրաինային հետագա աջակցությունը, ներառյալ՝ ռազմական օգնությունը։

«Այցը կներառի հանդիպում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ և բանակցություններ Ուկրաինայի պաշտպանության և ռազմական աջակցության վերաբերյալ՝ տնտեսական, հումանիտար և քաղաքական իմաստով», - լրագրողներին ասել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը:

14:22 23.8.2022

Ուկրաինական Չերնոմորսկ նավահանգստից սննդամթերքով բեռնված ևս մեկ նավ է դուրս եկել։

«Այսօր ստուգվելու են նաև Ուկրաինայից եկող և մեկնող երեք նավեր», - հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։

14:21 23.8.2022

Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակի վերաբերյալ այսօր նիստ անցկացնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկուն:

Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը ռուսները գրավել են մարտին՝ Ուկրաինա ներխուժելուց անմիջապես հետո: Վերջին շաբաթների ընթացքում այն բազմիցս կրակի տակ է հայտնվել, ինչը միջուկային աղետի սպառնալիք է առաջացնում։

Ռուսաստանի խորհրդարանի պաշտոնական հաղորդագրությունում էլ ասվում է, որ օգոստոսի 25-ին կկայանա Պետդումայի խորհրդի նիստ՝ քննարկելու «Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությանը սպառնացող վտանգը»։

14:18 23.8.2022

Ռուսական ուժերն այս գիշեր ևս շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի արևելյան և հարավային հատվածներին:

Ուկրաինայի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական հրետանային և հրթիռային համակարգերի կրակոցները վնասներ են հասցրել Սոլեդար, Զայցևե և Բիլոհորիվկա բնակավայրերին։ Ռուսական ուժերը շարունակում են կենտրոնացնել իրենց ջանքերը Դոնբասի արևելյան տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու, ինչպես նաև գրավված Խերսոնի շրջանը, Զապորոժիեի, Խարկովի ու Նիկոլաևի շրջանների՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածները պահպանելու համար:

Ամերիկացի պաշտոնյան նախազգուշացրել է, որ Ռուսաստանը ծրագրում է շուտով նոր հարձակումներ իրականացնել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների և կառավարական օբյեկտների վրա։

Կիևն արգելել է այս շաբաթ Անկախության օրվա տոնակատարությունները՝ որպես պատճառ նշելով հարձակման բարձր սպառնալիքը։ Ուկրաինայի Անկախության օրը՝ օգոստոսի 24-ին, լրանում է փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժման կես տարին։

23:22 22.8.2022

Ուկրաինական ուժերը հերթական անգամ հարվածել են Դնեպրի վրայով կառուցված Անտոնովսկի կամրջին, որով իրականացվում է Խերսոնում գտնվող ռուսական ուժերի մատակարարումը:

Ուկրաինայի բանակը հարվածը հասցրել է HIMARS տեսակի ամերիկյան համակարգի հրթիռներով՝ այն պահին, երբ մասնագետները զբաղված են եղել նախորդ հարվածներից տուժած կամուրջը նորոգելու աշխատանքով:

Զոհեր չկան, բայց տուժել են նորոգման աշխատանքը կատարող առնվազն 15 քաղաքացիական անձինք:

«Դնեպրով բնակիչների փոխադրումն իրականացնող աշխատողների և ուղևորների շրջանում տուժածներ չկան»,- ռուսական մամուլին ասել է տեղական վարչակազմի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:

Անտոնովսկի կամուրջը վեց անգամ հարվածների է ենթարկվել հուլիսին և արդեն երեք անգամ՝ օգոստոսին:

21:01 22.8.2022

180-րդ օրը ռուսները հուժկու հրետակոծության են ենթարկել ուկրաինական թիրախները: Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոյի փոխանցմամբ, միայն Նիկոպոլ քաղաք «Գրադի» 42 արկ է հասել, տուժել են մի քանի տարեցներ, 2 հազար մարդ զրկվել է էլեկտրականությունից:

Կրիվորոժսկի շրջանին ռուսները հարվածել են «ուրագաններով»: Սինելնիկովսկի շրջանում հրթիռակոծությունից ավերվել են գյուղհիմնարկի, դպրոցի և մշակույթի տան շենքերը:

Բացի այդ, հերթական անգամ հրետակոծվել է Խարկովը, Դոնեցկի շրջանում էլ հրետակոծվել է Կոնստանտինովկա գյուղի դպրոցի շենքը, տուժածներ չկան:

Ռուսները երեկ հայտնել են, թե Օդեսայի շրջանում ոչնչացրել են HIMARS ամերիկյան համակարգերի հրթիռների պահեստ, իսկ Խերսոնի շրջանում ոչնչացրել են ամերիկյան արտադրության M777 տեսակի երկու հաուբից:

Բացի այդ, ըստ Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովի, ռուսական ուժերը պայթեցրել են Ուկրաինայի 102-րդ տարածքային պաշտպանության բրիգադի վառելիքի պահեստը:

Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբն, իր հերթին, պնդում է, որ ուկրաինացիները հաջողությամբ ետ են մղել ռուսների գրոհները Սկլովյանսկի, Բախմուտի և Ավդեևկայի շրջաններում:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG