Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է պահանջում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակի վերաբերյալ այսօր նիստ անցկացնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկուն:

Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը ռուսները գրավել են մարտին՝ Ուկրաինա ներխուժելուց անմիջապես հետո: Վերջին շաբաթների ընթացքում այն բազմիցս կրակի տակ է հայտնվել, ինչը միջուկային աղետի սպառնալիք է առաջացնում։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ էին արել ռազմական զսպվածություն ցուցաբերել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ և հնարավորինս արագ թույլ տալ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել գործարան։

Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարում են, որ Ռուսաստանն ուշադրությունն չի դարձրել նախազգուշացմանը և գիշերը կրկին հրթիռակոծել է ատոմակայանին մերձակա տարածքները:

Ռուսաստանի խորհրդարանի պաշտոնական հաղորդագրությունում էլ ասվում է, որ օգոստոսի 25-ին կկայանա Պետդումայի խորհրդի նիստ՝ քննարկելու «Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությանը սպառնացող վտանգը»։

Ռուսաստանը չի հերքում, որ իր զորքերը տեղակայված են ատոմակայանում, սակայն վիճարկում է այն պնդումները, թե հրթիռակոծել է տարածքը: Մոսկվան, իր հերթին, ուկրաինական ուժերին է մեղադրում այդ տարածքում հրետանային արկեր արձակելու մեջ, ինչն էլ Կիևի պաշտոնյաներն են հերքում:

XS
SM
MD
LG