- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կիևում է՝ Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով։
Գուտերեշը ժամանել է երեկ ուշ երեկոյան՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։
«Մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ ընդլայնելու հումանիտար աջակցությունը և ապահովելու խաղաղ բնակչության տարհանումը հակամարտության գոտիներից», - գրել է Գուտերեշը Twitter-ում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից առաջ նա ասել է․ - «Որքան շուտ ավարտվի այս պատերազմը, այնքան լավ՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և աշխարհի համար»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) կողմ է քվեարկել Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելուն՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով:
Ենթադրաբար կանխատեսելով այս կասեցումը՝ Ռուսաստանը նիստի սկզբում էր հայտարարել, որ դուրս է գալիս կազմակերպությունից։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանն ուժեղացնում է հարձակողական գործողության տեմպերը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերն ինտենսիվ կրակում են գրեթե բոլոր ուղղություններով։ Հատկապես ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում Խարկովի և Դոնեցկի շրջաններում։
Ըստ Ուկրաինայի ռազմական գերատեսչության՝ ռուսական զորքերի գլխավոր նպատակը մնում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է բռնագրավել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական որոշ գույք՝ այն վաճառելու և Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար։
Նախագիծը պաշտպանել են 417 կոնգրեսականներ, դեմ են քվեարկել 8-ը:
Ըստ այդ նախաձեռնության՝ ԱՄՆ նախագահը պետք է «ձեռնարկի Սահմանադրությամբ նախատեսված բոլոր քայլերը՝ կալանքի տակ առնելու և բռնագանձելու ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող օտարերկրացիների ակտիվները, որոնց միջոցները մասամբ ձեռք են բերվել կոռուպցիայի միջոցով»:
Օրինագիծը վերաբերում է նաև այն ակտիվներին, որոնք սեփականատերերը ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին աջակցություն տրամադրելու շնորհիվ:
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է ստեղծի միջգերատեսչական խումբ՝ պետքարտուղարի գլխավորությամբ, որը կորոշի փաստաթուղթը կյանքի կոչելու սահմանադրական մեխանիզմները։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆրանսիայի իշխանությունները կալանքի որոշում են կայացրել Լազուրի ափին գտնվող՝ ենթադրաբար ռուսաստանցի մեծահարուստներին պատկանող երեք շքեղ առանձնատների նկատմամբ: Այս մասին հայտնել է BFM ֆրանսիական հեռուստակայանը:
Հաղորդագրության համաձայն՝ խոսքը Սեն-Տրոպե, Բիարից և Սեն-Ժան-Կապ-Ֆերրա ավաններում երեք շքեղ վիլլաների մասին է, որոնք պատկանում են, համապատասխանաբար, Օլեգ Դերիպասկային, Կիրիլ Շամալովին և Մուսա Բաժաևին:
Շամալովը համարվում է Ռուսաստանի ամենաերիտասարդ մեծահարուստներից մեկը, նա ենթադրաբար նախագահ Վլադիմիր Պուտինի դստեր՝ Եկատերինա Տիխոնովայի նախկին ամուսինն է:
BFM հեռուստակայանի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների կապակցությամբ, այսօրվա դրությամբ, Ֆրանսիայում կալանք է դրվել ենթադրաբար ռուս օլիգարխներին պատկանող 4 զբոսանավերի, 6 ուղղաթիռների և մոտ տասնյակ առանձնատների վրա:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
"Медуза" լրատվական կայքի փոխանցմամբ` Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի շրջաններում, որոնք հիմա գտնվում են ռուսական բանակի հսկողության տակ, մայիսի կեսերին կարող են անցկացվել «հանրաքվեներ» Ռուսաստանին միանալու հարցով: Այդ մասին "Медуза"-ին հայտնել է Կրեմլի վարչակազմին մոտ կանգնած մի անանուն աղբյուր:
Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մաս կազմող մի շարք քաղաքներ՝ Սլավյանսկը, Կրամատորսկը և Լիսիչանսկը, տակավին գտնվում են Ուկրաինայի հսկողության ներքո:
Խերսոնի շրջանում հանրաքվեի կարող է ներկայացվել նաև Ուկրաինայից անկախ «Խերսոնի ժողովրդական հանրապետություն» հռչակելու հարցը:
Ըստ անանուն աղբյուրի՝ դա կարող է տեղի ունենալ մայիսի 14-15-ը: "Медуза"-ն նշում է, որ եթե ռուսական բանակը ռազմաճակատում անհաջողություններ կրի, այդ «հանրաքվեների» ժամկետները կարող են հետաձգվել:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆինլանդիան մտադիր չէ կատարել Ռուսաստանի ներկայացրած պահանջը և ռուբլով վճարել գազի համար: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի և սեփականության կառավարման հարցերով Ֆինլանդիայի նախարար Տիուտտի Տուպուրայնենը:
Նրա փոխանցմամբ, դա լիովին համապատասխանում է Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշմանը, ըստ որի՝ ռուբլով վճարելու պահանջը չի կատարվի, քանի որ դրանով կխախտվի Ռուսաստանից գազ ներկրելու գործող պայմանագիրը:
Նախարարն ասել է, որ կառավարության դիրքորոշումը փոխանցվել է գազի ներկրումն ու բաշխումն իրականացնող Gasum պետական ընկերությանը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե դրսից որևէ մեկը միջամտի Ուկրաինայի իրավիճակին, և դա Ռուսաստանի համար ստեղծի անընդունելի սպառնալիքներ, ապա Ռուսաստանն ի զորու է կայծակնային հարվածներ հասցնել: Այդ մասին Պուտինն ասել է Սանկտ Պետերբուրգում Օրենսդիրների խորհրդի նիստում:
«Եթե որևէ մեկը մտադրվի միջամտել տեղի ունեցող իրադարձություններին և ստեղծի Ռուսաստանի համար անընդունելի ռազմավարական սպառնալիքներ, ապա պետք է իմանա, որ մեր պատասխանները հանդիպակած հարվածներիին կայծակնային կլինեն»,- ասել է Պուտինը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միությանը հորդորում է հրաժարվել ռուսական էներգակիրներից:
«Եվրախորհրդարանը Եվրոպական միության պետություններին կոչ է անում անհապաղ էմբարգո սահմանել Կրեմլի կողմից վերահսկվող էներգակիրների մատակարարման վրա: Եկել է բռնապետերից մեր կախվածությանը մեկընդմիշտ վերջ տալու ժամանակը», - Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
Նա աջակցություն է խոստացել Բուլղարիային և Լեհաստանին այն բանից հետո, երբ «Գազպրոմը» դադարեցրել է գազ մղել ռուբլով վճարելու պահանջը մերժող այդ երկու երկրներ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանն անձնական սանկցիաներ է սահմանում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի 287 պատգամավորների նկատմամբ: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Ի պատասխան Ռուսաստանի Պետական դումայի 386 պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Մեծ Բրիտանիայի կառավարության 2022 թվականի մարտի 11-ի որոշման, փոխադարձության սկզբունքով սահմանվում են անձնական պատժամիջոցներ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի 287 անդամների վերաբերյալ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում: