- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Վաշինգտոնը շարունակում է սատարել Կիևին:
«Նախագահ Բայդենը զանգահարել է նախագահ Զելենսկուն, որ հայտնի նրան ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի շարունակական աջակցության մասին», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Ուկրաինայի նախագահն, իր հերթին, հայտնել է, որ շարունակում է «մշտական երկխոսությունը նախագահ Բայդենի հետ»:
«Քննարկել ենք ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային պաշտպանության և մակրոֆինանսական բնագավառներում օգնության լրացուցիչ փաթեթներ հատկացնելու հնարավորությունները: Պայմանավորվել ենք խստացնել [Ռուսաստանի նկատմամբ] սանկցիաները», - գրել է Զելենսկին Թվիթերում:
Բայդենը Զելենսկուն ասել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային կփոխանցի ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ ուղղաթիռներ, զրահամեքենաներ և հրետանի:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետերը Ստոկհոլմում այսօր կայացած հանդիպմանը քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակահարմարությունը։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումն ու շարունակվող պատերազմը այս չեզոք երկրներին ստիպում է մտածել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին։
Ստոկհոլմում տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը ասել է, որ պատերազմը արմատապես փոխել է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, և նշել, որ դա Ֆինլանդիային ստիպել է վերլուծել ՆԱՏՕ-ի հանդեպ դիրքորոշումը։
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել է. «Մենք իսկապես պետք է մտածենք՝ ինչն է լավ Շվեդիայի, մեր անվտանգության և մեր աշխարհի համար այս նոր իրավիճակում»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ Ռուսաստանը իր հարուստ էներգակիրները Արևմուտքի փոխարեն կարող է հեշտությամբ ուղղել դրանց կարիքն ունեցող այլ երկրներ, ինպես նաև ավելացնել նավթի, գազի և քարածխի ներքին սպառման ու վերամշակման ծավալները։
Ուկրաինա ներխուժելու պատճառով Միացյալ Նահանգները, Կանադան, Բրիտանիան և Ավստրալիան արգելք են դրել ռուսական էներգակիրների ներմուծման վրա։ Եվրոպական երկրները քննարկում են ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու հնարավորությունը։
Պուտինն ասել է, որ էներգետիկ ճգնաժամի համար Արևմուտքն է մեղավոր, որովհետև չի ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ ծրագրում է առաջիկա օրերին նոր հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին նա հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում։
Մակրոնը հավելել է, որ կգործադրի «առավելագույն ջանքերը՝ այս մարտերը դադարեցնելու կարողությունը պահպանելու համար»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Լեհաստանի, Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի նախագահներն Ուկրաինայում են և Կիևում կհանդիպեն երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Ինչպես կարելի է եզրակացնել լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից, չորս պետությունների ղեկավարները Կիև են մեկնում ուկրաինական գնացքով։
Անջեյ Դուդան, Գիտանաս Նաուսեդան, Էգիլս Լևիցը և Ալար Կարիսը կհանդիպեն Զելենսկու հետ՝ նրան «քաղաքական և ռազմական աջակցության խոսքեր փոխանցելու համար», - գրել է Նաուսեդան Twitter-ում։ «Միասին մինչև հաղթանակ», - հավելել է Լիտվայի նախագահը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ավելի քան 1000 ուկրաինացի զինծառայող կամավոր հանձնվել է Մարիուպոլում, այդ թվում՝ 162 սպա և 47 կին զինվորական։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Գեներալը հայտնել է, որ 151 վիրավոր ուկրաինացի զինծառայողներ առաջնային բուժօգնություն են ստացել տեղում, ինչից հետո բոլորը տեղափոխվել են Մարիուպոլի քաղաքային հիվանդանոց՝ բուժման։
Պաշտոնական Կիևն այս կապակցությամբ առայժմ որևէ բան չի հաղորդում:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան հաղորդել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 191 ուկրաինացի երեխա, տուժել է 350-ը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունների կապակցությամբ առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» բառը։
ԱՄՆ նախագահն ասել է. - «Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ գնալով ավելի պարզ է դառնում, որ Պուտինը փորձում է երկրի երեսից ջնջել ուկրաինացի լինելու գաղափարը»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում արձագանքել է Բայդենի խոսքերին՝ գրելով. - «Չարին դիմակայելու հարցում իրերն իրենց անուններով կոչելը շատ կարևոր է»: «Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից մինչ այժմ ցուցաբերված օգնության համար, և մեզ շտապ անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն՝ կանխելու ռուսական հետագա վայրագությունները», - հավելել է Զելենսկին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Վիկտոր Մեդվեդչուկին փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ։
«Ես առաջարկում եմ Ռուսաստանի Դաշնությանը փոխանակել [Մեդվեդչուկին] ռուսական գերության մեջ գտնվող մեր տղաների հետ: Ուստի կարևոր է, որ մեր իրավապահ մարմինները և զինվորականները նույնպես դիտարկեն այդ հնարավորությունը»,- ասել է Զելենսկին չորեքշաբթի օրը տեսաուղերձում։