- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ֆրանսիական Socie՛te՛ Generale-ը եվրոպական խոշոր ֆինանսական խմբերից առաջինն է, որը հայտարարեց ռուսական շուկայից դուրս գալու մասին։
Ռուսաստանում Socie՛te՛ Generale-ի հիմնական ակտիվը՝ «Ռոսբանկ»-ը, ինչպես նաև ապահովագրական բիզնեսը կվաճառվի «Ինտերռոս» խմբին, որը նախկինում արդեն իսկ եղել է «Ռոսբանկ»-ի համասեփականատեր։
Socie՛te՛ Generale-ն ավստրիական Raiffeisen Bank International-ի և իտալական UniCredit-ի հետ միասին Ռուսաստանի նկատմամբ ամենաբարձր ռիսկով եվրոպական բանկերից է:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Անցած գիշեր Ռուսաստանի զինված ուժերը նոր հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք շրջաններում գտնվող ռազմական օբյեկտներին։ Այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ խոցված թիրախների թվում նշելով Նիկոլաևի մարզում գտնվող երկու զինապահեստները, ինչպես նաև Ուսպենովկա ավանի մերձակայքում տեղակայված C-300 հակաօդային պաշտպանության համակարգի բաղադրիչներից մեկը։
Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, «գիշերային հարվածների հետևանքով օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով ուկրաինական զինված ուժերին պատկանող «Բուկ-Մ1» և «ՕՍԱ» տեսակի զենիթային հրթիռային համակարգեր են ոչնչացվել»։
Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի պնդմամբ՝ Դոնեցկի մարզի տարածքում ռուսական ուժերին հաջողվել է 9 տանկ և 5 «Գրադ» կայանք ոչնչացնել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային տրամադրել «անհրաժեշտ զենք»՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար, կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Սալիվանն ասել է, որ Բայդենի վարչակազմն ավելի շատ զենք կուղարկի Ուկրաինա, որպեսզի թույլ չտա Ռուսաստանին նոր տարածքներ գրավել և հարձակվել խաղաղ բնակչության վրա:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը սկսել է Ուկրաինայի արևելքից վիրավորների և տարեցների տարհանումը։ Տարհանման գնացքը վերածվել է հիվանդանոցի։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Associated Press-ի հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցություններից՝ ասելով, թե դրանք կարող են արագացնել հրադադարը և կյանքեր փրկել, ու հենց այդ պատճառով ուկրաինական կողմը պատրաստ է նույնիսկ այսօր շարունակել բանակցությունները ռուսական կողմի հետ։
«Այնուամենայնիվ, կընդունենք խաղաղությունը, քանի որ ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի՝ մեր պայմաններով, անկախության պայմաններով, Ուկրաինայի պայմաններով։ Ոչ ոք չի ցանկանում բանակցել այն մարդկանց հետ, ովքեր խոշտանգել են մեր մարդկանց, բայց մենք չենք կարող կորցնել դիվանագիտական լուծման հնարավորությունը, եթե դա ունենք», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Associated Press-ի հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին բողոքել է արևմտյան երկրներից՝ ասելով, թե որոշ զինատեսակներ, որոնք տրամադրվել են արևմտյան երկրների կողմից, շատ ուշ են հասել Ուկրաինա։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ մի շարք եվրոպական երկրներ 100 տոկոս աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, մինչդեռ մյուսները փոխել են իրենց դիրքորոշումը։ Զելենսկին չի ասել, թե եվրոպական հատկապես որ երկրներից է դժգոհ։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ապրիլի 9-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպած Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերն ապրիլի 11-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հաղորդում է Kronen Zeitung ավստրիական պարբերականը:
Ըստ պարբերականի, կանցլերն իր այցը համաձայնեցրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նեհամերն ասել է, թե ցանկանում է «կամուրջ գցել կողմերի միջև և փորձել մի փոքր մոտեցնել խաղաղությունը»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ վաղը տեսակապով քննարկելու է Ուկրաինայի պատերազմի խնդիրը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ ապրիլի 10-ի դրությամբ ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 4 և կես միլիոնը: Մեկ օրում այդ թիվն ավելացել է ավելի քան 62 հազարով:
Ուկրաինայի վրա փետրվարի 24-ին Ռուսաստանի նախաձեռնած ռազմական հարձակումից փախչող մարդիկ՝ հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ, ապաստանում են հարևան պետություններում: