Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

18:20 10.4.2022

Խոսելով այն աջակցության մասին, որն այժմ ստանում է Ուկրաինան արևմտյան երկրներից՝ Զելենսկին ևս մեկ անգամ կշտամբել է ՆԱՏՕ-ի երկրներին, որ չեն հասկանում այն սպառնալիքները, որոնք Ռուսաստանը (երկար ժամանակ) կրում էր իր հետ. «Եթե մենք լինեինք ՆԱՏՕ-ում, այս պատերազմը չէր լինի, կամ էլ ամեն ինչ այնպես չէր լինի, ինչպես հիմա է»:

16:06 10.4.2022

Կիևի մերձակայքում գտնվող Բուզովայա գյուղում տասնյակ ուկրաինացի խաղաղ բնակիչների մարմիններով գերեզման է հայտնաբերվել։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բուզովայան ընդգրկող Դմիտրով գյուղական համայնքի ղեկավար Տարաս Դիդիչին։ Դիդիչը հայտնել է, որ գազալցակայանի մոտ հայտնաբերվել է զանգվածային գերեզման՝ տասնյակ մահացածներով։ Գերեզմանում դիակների ստույգ թիվը դեռ պարզված չէ։

16:06 10.4.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով` դաշինքը նոր ծրագրեր է մշակում արևելքում մշտական զինված ուժերի տեղակայման համար։

Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն գտնվում է «ֆունդամենտալ վերափոխման» մեջ, որը տեղի է ունենում Ռուսաստանի ռազմական գործողության արդյունքում։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը կարծում է, որ կառույցի առաջնորդները կորոշեն այդ հարցը, երբ հանդիպեն Մադրիդում հունիսին կայանալիք գագաթնաժողովին։

16:05 10.4.2022

Նախապես չհայտարարված այցով Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը հետզհետե հզորացնելու է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:

«Մեր գործընկերների հետ միասին մենք ուժեղացնելու ենք տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա: Մենք ամեն շաբաթ ենք սաստկացնելու սանկցիաները: Մենք ոչ միայն սառեցնելու ենք ակտիվներն ու պատժամիջոցներ ընդունելու օլիգարխների դեմ, մենք նաև հրաժարվելու ենք ռուսական ածխաջրածնային էներգակիրներից»,- ասել է Ջոնսոնը:

18:36 9.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ենթադրում է, որ առաջիկայում տեղի կունենան ծանր մարտեր, քանի որ ռուսներն ուժերը կուտակում են արևելյան հատվածում: Այդ մասին նա խոսել է Կիև այցելած Ավսրտիայի կանցլեր Կարմ Նեհամերի հետ համատեղ ասուլիսում:

Ավստրիայի կանցլերն ընդգծել է, որ Եվրոպական միությունը կշարունակի սաստկացնել սանկցիաների քաղաքականությունն այնքան ժամանակ մինչև Պուտինը դադարեցնի պատերազմը:

16:46 9.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Republic TV հնդկական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Հնդկաստանը և Չինաստանը կարող են միանալ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող երկրներին:

Հարցազրույցում Ուկրաինայի ղեկավարը նաև նշել է, որ պատրաստ է ցանկացած պահին հանդիպել ռուսաստանցի պաշտոնակցի հետ:

«Պատրաստ եմ Վլադիմիր Պուտինի հետ հենց հիմա դեմ առ դեմ հանդիպել, պատրաստ եմ ցանկացած պահին, պատրաստ եմ քննարկել ցանկացած հարց, բայց դա պետք է Ռուսաստանի նախագահը լինի»,- ասել է Զելենսկին:

Հնդկական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը կռվելու է բոլոր քաղաքների համար, «կռվելու է այնքան, մինչև չվերականգնի տարածքային ամբողջականությունը»:

15:34 9.4.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինայի վրա հարձակման կապակցությամբ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների երկու օրինագիծ:

Առաջին օրենքով արգելք է դրվում Ռուսաստանի Դաշնությունից նավթ և այլ էներգակիրներ ներկրելու վրա: Մյուս օրենքով դադարեցվում է Ռուսաստանի և Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունների ռեժիմը:

14:36 9.4.2022

Ռուսաստանը պնդում է, որ Կրամատորսկի կայարանը հրթիռակոծել են ուկրաինական ուժերը: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա պնդմամբ, հրթիռի բեկորների վերլուծությունը և գետնի վրա ընկած պոչի դիրքը վկայում են, որ այն արձակվել է Կրամատորսկից 45 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող տարածքից:

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի, այդ տարածքում տեղակայված է Ուկրաինայի զինված ուժերի 19-րդ հրթիռային բրիգադը:

13:39 9.4.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է օգնել Ուկրաինային Կրամատորսկի երկաթուղային կայարանի սարսափելի հրթիռակոծման հանգամանքները քննելու հարցում:

Երեկ այդ գրոհի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, կան մեծ թվով վիրավորներ: Կայարանում հրթիռակոծման պահին եղել են կանայք, երեխաներ, տարեցներ, ովքեր մտադիր էին գնացքով հեռանալ քաղաքից:

Ուկրաինան պնդում է, որ կայարանը ռուսներն են հրթիռակոծել: Սպիտակ տան խոսնակը տեղի ունեցածն անվանել է «Ռուսաստանի կողմից կատարված ևս մեկ վայրագություն»:

13:38 9.4.2022

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախօրեին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է արագացնել Միությանն Ուկրաինայի անդամակցության մեկնարկի գործընթացը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահը Զելենսկուն փոխանցել է պաշտոնական հարցաթերթիկը, որը համարվում է գործընթացի ելակետ և ասել է, թե դրա քննարկումը սովորականի պես երկար չի լինի:

Հանդիպմանը ներկա Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը նշել է, որ էներգակիրների հարցում պետք է առավել զգույշ գործել, քանի որ դա կարող է հանգեցնել էական գնաճի:

Նա ասել է, որ թեման կքննարկվի առաջիկա երկուշաբթի օրը Բրյուսելում: Բորելը նաև հայտնել է, որ Եվրոպական միությունն Ուկրաինային կտրամադրի ևս 500 միլիոն եվրո զենք գնելու համար:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG