- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծին։ Փաստաթղթին աջակցել է 424 օրենսդիր, դեմ է քվեարկել 8-ը։
Օրինագիծը կփոխանցվի Սենատ:
Նորմալ առևտրային հարաբերությունների կասեցումը նշանակում է, որ Ռուսաստանից և Բելառուսից ներմուծումներն ամերիկյան շուկայում կկորցնեն իրենց բարենպաստ դիրքը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Այսօր Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինպինը պետք է հեռախոսով քննարկեն մի շարք կարևոր միջազգային թեմաներ: Ենթադրվում է, որ առանցքայինը կլինի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը:
Պեկինն առայսօր պաշտոնապես չի դատապարտել ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա և այն չի անվանել «պատերազմ»: Չինացիները չեն ճանաչել Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների անկախությունը:
Պեկինն ափսոսանք է հայտնել պատերազմում մարդկային կորուստների կապակցությամբ և պնդել, որ ռուս-ուկրաինական առճակատումը պետք է կարգավորել միայն բանակցային եղանակով, հատուկ ընդգծելով, որ լուծումը պետք է հիմնվի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա:
Բայց, մյուս կողմից, Պեկինը նշել է, որ ռուս-ուկրաինական առճակատումը նոր ծագած խնդիր չէ, և դրա պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի անդադար ընդարձակումն է դեպի արևելք՝ Ռուսաստանի սահմաններ:
Պեկինն այս կոնֆլիկտի ընթացքում մի քանի անգամ պնդել է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած քաղաքական և տնտեսական պատժամիջոցները միայն վատթարացնում են իրավիճակը և մեծ հարված են հասցնում աշխարհի կայունությանն ու տնտեսական-ֆինանսական համակարգին:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունենալու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Նրանք մտքեր են փոխանակելու ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ։ Քննարկվելու է նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև մրցակցության կարգավորմանը առնչվող հարցեր և այլ թեմաներ։
Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սաքին, նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունենալու ուրբաթ օրը՝ մարտի 18-ին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր առնվազն 780 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 1200 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը հաղորդում է, որ փետրվարի 14-16-ը Ուկրաինայի սահմաններից դուրս է եկել 3 միլիոն 169 հազար 897 մարդ։ Ուկրաինացի փախստականների կեսից ավելին անցել են Լեհաստան։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մարտի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդման համաձայն՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին իրադարձությունները և հումանիտար իրավիճակը տեղերում։
Էրդողանը Պուտինին կրկին հրավիրել է Թուրքիա` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու նպատակով։ Նա ասել է, թե մի շարք հարցեր համաձայնեցնելու համար հավանաբար կարիք կա, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հանդիպում ունենան։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո այսօր Ուկրաինայի Լվով քաղաքում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Բանակցություններին հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Ստոլտենբերգն ասել է, թե ՆԱՏՕ-ն վճռական է կանգնեցնելու Ուկրաինայի պատերազմի հետագա սրացումը։
«ՆԱՏՕ-ն պատասխանատու է կանխելու այդ հակամարտության հետագա սրացումը, որը կլինի ավելի վտանգավոր և կպատճառի ավելի շատ տառապանքներ, մահ ու ավերածություններ»,- ասել է նա։
Օլաֆ Շոլցը կրկնել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի պատերազմին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Մոսկվայից արտասահման մեկնելու համար ամրագրած տոմսերը վկայում են, որ Հայաստանը ռուսաստանցիների նախընտրած երկրներից մեկն է։ «Ինտերֆաքսը», վկայակոչելով «Авиасейлс» ծառայության տվյալները, հաղորդում է, որ մարտի կեսերին մեկ ուղղությունով Մոսկվայից դուրս մեկնելու համար դեպի Թուրքիա ամրագրվել է ընդհանուր արժեքով 38,5 հազար ռուբլու, իսկ դեպի Հայաստան՝ 27,1 հազար ռուբլու տոմսեր։
Մյուս ուղղությունները Կենտրոնական Ասիայի երկրներն են՝ Ուզբեկստան, Ղրղըզստան, Տաջիկստան։ Այդ երկրներ մեկնելու համար ամրագրված տոմսերը համեմատաբար քիչ են՝ 15 հազարից մինչև 21,5 հազար ռուբլի։
Տվյալները վերաբերում են մարտի 10-16-ը տոմսերի որոնմանն ու ամրագրմանը, որոնց թռիչքները նախատեսված են առաջիկա չորս շաբաթների ընթացքում։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ռուսաստանի բռնազավթած որոշ տարածքներում պարտիզանական պատերազմ է սկսվել զավթիչների դեմ, հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ուկրաինացի դիվանագետը նշեց՝ ռուսական զինուժի կողմից Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքին հարվածելուց հետո գրեթե մեկ օր է անցել, սակայն հնարավոր չէ ո՛չ փրկարարական աշխատանքներ սկսել այնտեղ, ո՛չ հաշվել զոհերի, վիրավորների թիվը, քանի որ քաղաքը շրջապատված է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանը չի կատարի Ուկրաինայում մարտական գործողությունները անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի միջազգային դատարանի պահանջը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։