Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը և Սի Ծինպինը հեռախոսով կքննարկեն Ուկրաինայի հարցը


ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինպինը հեռավար բանակցությունները, արխիվ
ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինպինը հեռավար բանակցությունները, արխիվ

Այսօր երկու գերտերությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինպինը պետք է հեռախոսով քննարկեն մի շարք կարևոր միջազգային թեմաներ: Ենթադրվում է, որ առանցքայինը կլինի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը:

«Երկու լիդերները խոսելու են մեր երկրների մրցակցությունը կառավարելու մասին, կանդրադառնան նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին և փոխադարձ մտահոգություն առաջացնող այլ զարգացումներին», - ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին:

Հարկ է նշել, որ Պեկինն առայսօր պաշտոնապես չի դատապարտել ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա և այն չի անվանել «պատերազմ»:

Չինացիները չեն ճանաչել Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների անկախությունը:

Պեկինն ավելի քան երեք շաբաթ տևող ռազմական գործողությունների ընթացքում դիվանագիտական խողովակներով և արտգործնախարարության մակարդակով ափսոսանք է հայտնել պատերազմում մարդկային կորուստների կապակցությամբ և պնդել է, որ ռուս-ուկրաինական առճակատումը պետք է կարգավորել միայն բանակցային եղանակով, հատուկ ընդգծելով, որ լուծումը պետք է հիմնվի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա:

Բայց, մյուս կողմից, Պեկինը նշել է, որ ռուս-ուկրաինական առճակատումը նոր ծագած խնդիր չէ, և դրա պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի անդադար ընդարձակումն է դեպի արևելք՝ Ռուսաստանի սահմաններ: Դա, ըստ Չինաստանի ղեկավարների, չէր կարող չանհանգստացլել ռուսներին և չստիպել նրանց գործողությունների դիմել անվտանգային համակարգն ամրապնդելու համար:

Պեկինն այս կոնֆլիկտի ընթացքում մի քանի անգամ պնդել է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած քաղաքական և տնտեսական պատժամիջոցները միայն վատթարացնում են իրավիճակը և մեծ հարված են հասցնում աշխարհի կայունությանն ու տնտեսական-ֆինանսական համակարգին:

Այս շաբաթ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Հռոմում հանդիպել է Չինաստանի նախկին արտգործնախարար, այժմ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Յան Ցզեչիի հետ:

Սալիվանն ասել է, որ քննարկումները բովանդակալից էին: Միաժամանակ, ամերիկյան կողմը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Պեկինի դիրքորոշումների որոշակի մերձեցում է նկատվում:

Վաշինգտոնը նախազգուշացրել է, որ Չինաստանը լուրջ կորուստներ է կրելու, եթե փորձի սատարել Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցների վնասները մեղմելու կամ դրանք տարատեսակ ուղիներով շրջանցելու հարցում:

XS
SM
MD
LG