- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայում պատերազմի 14-րդ օրն է։ Կիևից առավոտյան տեղեկություններ էին ստացվում մայրաքաղաքում ուժեղ պայթյունների մասին։ Կիևում, Չեռնիգովի և Ժիտոմիրի շրջաններում, ինչպես նաև Կիևի մոտակայքում գտնվող Վասիլկով քաղաքում օդային տագնապ էր հայտարարվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կիևում պայթյուններ հնչելուց անմիջապես հետո հայտարարեց, որ պատրաստ է Ուկրաինայի ժամանակով առավոտյան ժամը 9-ից պահպանել լռության ռեժիմ։ Սա նշանակում է, որ մարդասիրական միջանցքները կշարունակեն աշխատել Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման համար։
Ուկրաինայի իշխանություններին նախօրեին հաջողվել է Սումիից տարհանել 5 հազար մարդու՝ դա առաջին հաջող զանգվածային տարհանումն էր։
1100 օտարերկրացի ուսանողի Սումիից առանձին գնացքով տարհանել են Լվով։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկացի հետախուզական կառույցների վերլուծաբանների համոզմամբ՝ ռուսները թերագնահատել են դժվարությունները, որոնց կարող էին հանդիպել Ուկրաինայում:
«Նրանք այնտեղ ուկրաինացիների կողմից հանդիպել են սպասվածից շատ ավելի համառ դիմադրության, ինչի հետևանքով լուրջ խնդիրների առաջ են կանգնել», - ասել է Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կազմակերպված լսումների ընթացքում:
Նրա փոխանցմամբ՝ ռուսները չեն կարողացել միանգամից գրավել Կիևը, ջախջախիչ հարված հասցնել ուկրաինացիներին և արագ հաղթանակ ապահովել ու դրանով Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին զրկել Ուկրաինային լուրջ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունից:
«Համաձայն մեր գնահատականի, Մոսկվան թերագնահատել է Ուկրաինայի դիմադրողականության աստիճանը և իր ներքին դժվարությունները ռազմական տեսակետից: Դա վատ կազմված ծրագիր է, ակնհայտ են մարտական ոգու, ինչպես նաև լոգիստիկայի հետ կապված խնդիրներ», - ասել է Հեյնսը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ընդունել է ռուսական արտադրության բոլոր տեսակի էներգակիրների ներկրումն արգելելու որոշում:
«Այսօր ես հայտնում եմ, որ մենք թիրախավորում ենք Ռուսաստանի տնտեսության մայր երակը, մենք արգելում ենք բոլոր տեսակի էներգակիրների՝ նավթի, գազի և ածխի ներկրումը: Դա նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի հասնի ամերիկյան նավահանգիստներ, և Ամերիկայի ժողովուրդը ևս մեկ հզոր հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենային: Այս քայլին հավանություն են տվել Կոնգրեսի երկու կուսակցությունները, և ես համոզված եմ՝ հավանություն է տալիս նաև ամբողջ ժողովուրդը»,- ասել է Բայդենը:
Միացյալ Նահանգների նախագահը նշել է, թե հասկանում է, որ եվրոպացի դաշնակիցները չեն կարողանա միանալ կոնկրետ այդ պատժամիջոցին:
«Այս քայլը դժվարություններ կառաջացնի նաև այստեղ՝ Միացյալ Նահանգներում: Ե՛վ դեմոկրատականները, և՛ հանրապետականները դա գիտակցում են, և՛ դեմոկրատականները, և՛ հանրապետականները հստակ նկատել են տվել, որ մենք պետք է դիմենք այդ քայլին»,- ասել է Բայդենը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտնում է, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից ի վեր հաստատել է 474 խաղաղ բնակիչների մահվան դեպքերը։
Գրասենյակը նշում է նաև, որ հաստատված քաղաքացիական վիրավորների թիվը կազմում է 861: Կառույցը միաժամանակ չի բացառում, որ իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել, մասամբ այն պատճառով, որ ինտենսիվ մարտերը խոչընդոտում են տեղերից տեղեկատվություն ստանալուն։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինական հետախուզության համաձայն` Խարկով քաղաքի մերձակայքում տեղի ունեցած մարտերի ժամանակ սպանվել է ռուս բարձրաստիճան զինվորական։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները վկայակոչում են հեռախոսազանգերը, որոնք, ինչպես պնդում են՝ մասամբ հաստատում են գեներալ- մայոր Վիտալի Գերասիմովի մահը։
Տեղեկությունը ռուսական կողմից պաշտոնապես հաստատվելու դեպքում սա կլինի երկրորդ բարձրաստիճան գեներալը, ով սպանվել է Ուկրաինայում շուրջ երկու շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում։ Գերասիմովի մահը մինչ այս պահը չեն հաստատել նաև անկախ աղբյուրները։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր շուրջ 250 արտասահմանյան առաջատար ընկերություններ հայտարարել են Ռուսաստանում իրենց աշխատանքը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին։
Մի շարք խոշոր ընկերություններ դեռևս շարունակում են իրենց գործունեությունը Ռուսաստանում։ Դրանց թվում են Coca Cola-ն, Pepsi-ին, McDonalds-ը, Nestle-ն, Mars-ը, Philip Morris-ը, Starbucks-ը, Hilton-ը, Mariott-ը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Նավթագազային Shell ընկերությունը հայտարարել է ռուսական նավթի և գազի մատակարարումից հրաժարվելու մասին:
Բրիտանական նավթագազային խոշորագույն ընկերությունը հայտարարության մեջ նշում է, որ անհապաղ դադարեցնում է ռուսական հում նավթի բոլոր գնումները, փակում է լցակայանները, ինչպես նաև ավիացիոն վառելիքի և քսանյութերի արտադրությունը Ռուսաստանում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ վերջին 30 տարիներին «Ռուսաստանը չի կորցրել այնքան մարտական ինքնաթիռ, որքան Ուկրաինայի հետ պատերազմի 13 օրվա ընթացքում»։
Զելենսկին ուշադրություն է հրավիրել ռուսական բանակի կողմից շրջափակված ուկրաինական մի շարք քաղաքներում հումանիտար անմխիթարական իրավիճակի վրա։ Նրա խոսքով՝ Մարիուպոլում ջրազրկման հետևանքով երեխա է մահացել։
Ուկրաինայի ղեկավարը սուր քննադատություն է հնչեցրել արևմտյան գործընկերների հասցեին՝ ռազմական ավիացիա տրամադրելու որոշումը հետաձգելու համար․ - «Օդային հարվածներից և Ուկրաինայի շրջափակված քաղաքներում յուրաքանչյուր մարդու մահվան մեղքը, իհարկե, ռուսական պետության և նրա զինվորականների վրա է… Բայց պատասխանատվությունը նաև նրանց վրա է, ովքեր ինչ-որ տեղ Արևմուտքում իրենց աշխատասենյակներում արդեն 13 օր է չեն կարողանում հավանություն տալ ակնհայտորեն անհրաժեշտ որոշմանը»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինացի փախստականների թիվը հասել է 2 միլիոնի: Կառույցի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին համեմատության համար նշել է, որ Բոսնիայում և Կոսովոյում տեղի ունեցած պատերազմների հետևանքով փախստականների թիվը կազմել է «2-3 միլիոն, բայց՝ 8 տարվա ընթացքում»:
Ուկրաինայի փախստականների մեծ մասը մեկնում են դեպի արևմտյան երկրներ՝ հիմնականում՝ Լեհաստան, բայց նաև՝ Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա, Մոլդովա։