- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կանադան պատժամիջոցներ է սահմանել տասը ռուսաստանցիների նկատմամբ, որոնք Ուկրաինա ներխուժման մասնակից են։ Այս մասին նախօրեին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա խոսքով՝ ցուցակում ընդգրկված են նախկին ու ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ։
Կանադայի կառավարության կայքում հրապարակված ցանկի համաձայն՝ պատժամիջոցներ են կիրառվել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի, «Ռոսսելխոզբանկ»-ի խորհրդի նախագահ՝ Նիկոլայ Պատրուշևի որդու՝ Դմիտրի Պատրուշևի, Պետդումայի պատգամավոր Պավել Կրաշենիննիկովի, "Россия 1" պետական հեռուստաալիքի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի, օլիգարխներ Օլեգ Դերիպասկայի, Վիկտոր Գավրիլովի և Դմիտրի Իվանովի նկատմամբ։
Թրյուդոն նշել է, որ այդ անունները վերցվել են ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կազմած ցուցակից։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսական կողմը երրորդ օրն անընդմեջ հայտարարում է «լռության ռեժիմի» և հումանիտար միջանցքների մասին՝ Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման համար։ Կիևը շարունակում է պնդել, որ հումանիտար միջանցքները համաձայնեցված չեն ուկրաինական կողմի հետ, որը դեմ է բացառապես Ռուսաստան և Բելառուս տանող այդ ուղղություններին։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հաստատել է միայն մեկ մարդասիրական միջանցքի բացումը` Սումի քաղաքից Պոլտավա, որտեղ ռուս զինվորականներ չկան:
Հաղորդվում է, որ խաղաղ բնակչությանը տարհանելու համար Պոլտավայից Սումի է մեկնել 35 ավտոբուս։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ այս գիշեր և վաղ առավոտյան գնդակոծությունների ժամանակ կրկին խաղաղ բնակիչներ են զոհվել։
Սումի քաղաքում օդային ռմբակոծության հետևանքով ավերվել են բնակելի շենքեր, հրդեհվել է բազմաբնակարան շենք։ Հաղորդվում է, որ 9 մարդ զոհվել է, այդ թվում՝ երկու երեխա, մի կին վիրավորվել է։
Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաևում բնակելի թաղամասերում մի քանի տեղ հրդեհ է բռնկվել։ Գնդակոծության հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 5-ը դուրս է բերվել փլատակների տակից և տեղափոխվել հիվանդանոց։
Խարկովում հրետակոծությունից հետո հրդեհվել է բնակելի շենքի 9 հարկ։ Առնվազն 4 մարդ մահացել է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
«Ես լավ հասկանում եմ, որ Դուք շատ «խորհրդականներ» ունեք, բայց անձամբ Դուք պարտավոր եք ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը և հասնել խաղաղության համաձայնագրի։ Ձեզանից դա սպասում են Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում։ Ուկրաինացի ժողովուրդը և Արևմուտքում Ձեր գործընկերները երախտապարտ կլինեն Ձեզ»,- ասել է Յանուկովիչը Զելենսկուն ուղղված ուղերձում։
Նախկին նախագահը խոստովանել է, որ բացի աղոթքից ոչնչով չի կարող օգնել իր երկրին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ճապոնիան արգելել է նավթավերամշակման սարքավորումների արտահանումը Ռուսաստան և պատժամիջոցներ է հայտարարել ևս 20 ռուսաստանցիների նկատմամբ՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։
Պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում ներառված են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, գործարարներ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դեռ որոշում չի կայացրել ռուսական նավթի ներկրումն արգելող օրինագիծը ստորագրելու մասին: Այն այժմ քննարկվում է Կոնգրեսում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրահանձնաժողովը այսօր կներկայացնի ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու փուլային ծրագիր, որը կազմում է ԵՄ բոլոր մատակարարումների 40 տոկոսը։
«Ծրագիրը զգալիորեն կնվազեցնի մեր կախվածությունը ռուսական գազից արդեն այս տարի, և մի քանի տարվա ընթացքում թույլ կտա մեզ ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից ներմուծումից», - Եվրախորհրդարանի պատգամավորներին ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը՝ հավելելով․ - «Հեշտ չի լինի, բայց հնարավոր է»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր կմեկնի Փարիզ՝ բանակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, ով կանոնավոր հեռախոսային կապ է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինան Համաշխարհային բանկից գրեթե 500 միլիոն դոլարի շտապ օգնություն է ստացել: Գումարը հատկացվել է այս գիշեր։
Բանկը 350 միլիոն դոլար շտապ օգնություն էր խոստացել թոշակները և բուժանձնակազմի աշխատավարձերը վճարելու համար, սակայն Նիդերլանդներից և Շվեդիայից հավելյալ ներդրումներից հետո գումարը կազմել է 489 միլիոն եվրո: