Մատչելիության հղումներ

Եվրոպայում ԱՄՆ զորքերը կուժեղացնեն Ուկրաինային սահմանակից երկրների պաշտպանությունը


Գերմանիա են ժամանում ԱՄՆ հավելյալ ուժեր, փետրվար, 2022թ․

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հրահանգել է Եվրոպայում գտնվող ամերիկյան զորքերին ուժեղացնել Ուկրաինային սահմանակից պետությունների պաշտպանությունը, հայտնել է Պենտագոնը։

Բայդենը պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին հանձնարարել է ուժեր տեղակայել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործողությունների գոտում Բալթյան երկրներում, Լեհաստանում և ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևում:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ ուժերը կտեղակայվեն մեկ շաբաթվա ընթացքում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է՝ «բոլոր նշանները» ցույց են տալիս, որ Ռուսաստանը ծրագրում է «լիամասշտաբ հարձակում Ուկրաինայի վրա», սակայն Մոսկվան դեռ հնարավորություն ունի հետ կանգնելու։

«Մենք տեսնում ենք շարունակական ռազմական կուտակում: Նրանք խոստացան նահանջել, բայց շարունակեցին ավելացնել: Եվ, իհարկե, երեկ երեկոյան մենք տեսանք, որ ռուսական զորքերն առաջ են շարժվել դեպի Դոնբաս՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշ հատվածներ։ Բացի այդ, մենք ականատես եղանք սպառնալից հռետորաբանության, որը, ըստ էության, հաստատվեց երեկվա ելույթում [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի]»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ստոլտենբերգը։

«Միևնույն ժամանակ, երբեք ուշ չէ հրաժարվել հարձակումից։ Այդ իսկ պատճառով, մենք Ռուսաստանին կոչ ենք անում նահանջել, թուլացնել լարվածությունը և բարեխիղճ ջանքեր գործադրել՝ քաղաքական լուծում գտնելու համար», - հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Շաբաթասկզբին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»: Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլերը։

XS
SM
MD
LG