Մատչելիության հղումներ

Երկաթգծի հետ կապված հնարավորությունները տեսանելի են. փոխվարչապետ


Փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբում «ամենակոնկրետը քննարկվել է» երկաթգծի հարցը, այն գործելու է մաքսային և սահմանային հսկողության ներքո, «Ազատության» հետ զրույցում ասաց այդ խմբում Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով` նոր պայմանավորվածություններ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շահագործման առումով չկան, սակայն գործընթացի մեկնարկից առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպված փաստաթուղթ` ըստ իրավական պահանջների:

«Կան ընդհանուր ընկալումներ սիմետրիկ առ այն, որ ապաշրջափակման, մասնավորապես երկաթգծի հետ կապված հնարավորությունները տեսանելի են, և ըստ այդմ, իհարկե, նման միջոցառում սկսելուց առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպում պայմանավորվածության, որովհետև ներդրումները մեծ են և իհարկե, ենթադրում են պայմանավորվածության ձևակերպում: Այս պահի դրությամբ բոլոր համաձայնությունների շուրջ եղել են պաշտոնական հրապարակումներ», - նշեց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե հույս ունեն, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի, փոխվարչապետն ասաց. «Հույս հայտնել նշանակում է, որ կա հույս, որ կլինի առաջընթաց: Մենք եռակողմ աշխատանքային խմբի հարթակում ունեցել ենք 8-9 հանդիպումներ, և այո, քննարկումները եղել են ըստ էության, քննարկվել են բավականին կոնկրետ»:

Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ Հայաստան- Ադրբեջան երկաթուղու Երասխի հատվածը վերականգնելու համար ամիսներ են պետք, իսկ Մեղրիի հատվածում, որտեղ 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցվի, կառավարության հաշվարկով սա մոտ 200 միլիոն դոլար կարժենա:

Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ` յուրաքանչյուր երկիր իր մասի ենթակառուցվածքը կառուցելու է իր միջոցների հաշվին. «Մեր դեպքում ամենայն հավանականությամբ դա կլինի պետական նախաձեռնություն, պետական ենթակառուցվածք, կարծում եմ` այս իրավիճակում և այս դեպքում ճիշտ է, որ դա լինի պետական ենթակառուցվածք»:

Երկաթուղու վերագործարկման բանակցություններին նախորդ շաբաթներին մասնակցում էին նաև «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչները։ Մհեր Գրիգորյանը շեշտեց` ընկերության հետ ինտենսիվ համագործակցում են. «Աանկախ եռակողմ հարթակի աշխատանքներից` երկկողմ հարաբերությունների բազմաթիվ քննարկումների կարիք ունենք, և անկախ ապաշրջափակման հանգամանքներից` ռուսական երկաթուղու դուստր ձեռնարկությունը մեր օպերատորն է և կոնցեսորը: Դա նշանակում է, որ բոլոր տեսակի տեխնիկական փաստաթղթերի հետագա շահագործման հետ կապված, իհարկե, ճիշտ է քննարկել գործընկերների, ի վերջո իրենք են լինելու շահագործողը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մեղադրանքներին, որ հայկական կողմը տապալում է ապաշրջափակումը, Հայաստանի ներկայացուցիչը շեշտեց` «բարդ գործընթացներ են` քաղաքական իմաստով»:

Փոխվարչապետերի աշխատանքային խմբի վերջին հանդիպումը դեկտեմբերի 1-ին էր կայացել: Մհեր Գրիգորյանն այսօր էլ չհստակեցրեց, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը, սակայն նշեց` ենթադրաբար աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում:

«Մեր վերջնական նպատակը ապաշրջափակման այնպիսի սցենար ունենալն է, որը տարածաշրջանային կայունություն կբերի, և ենթակառուցվածքները կսկսեն այլևս ունենալ տարածաշրջանային նշանակություն: Դա նշանակում է, որքան շատ լինեն կապուղային հնարավորությունները, այդքան ավելի արդյունավետ կլինեն մեր ծախսերը, և այդքան ավելի արդյունավետ կգործեն մեր ենթակառուցվածքները, և այդքան ավելի տնտեսապես արդյունավետ կլինի մեր նախաձեռնությունը», - հավելեց նա:

XS
SM
MD
LG