Մատչելիության հղումներ

Հայաստան-Ադրբեջան երկաթուղին տնտեսապես արդյունավետ չէ. նախկին փոխվարչապետ


Հայաստան-Ադրբեջան երկաթուղին տնտեսապես արդյունավետ չէ, կարծում է նախկին փոխվարչապետ, Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը:

«Հիմա Լարսում, ի տարբերություն երկաթուղու, որ դեռևս պիտի կառուցվի, 2 տարի տևի և այլն, շատ մեծ ինվեստիցիաներ են կատարվում», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին շրջադարձային դառնալ չի կարող` մեր տնտեսության կառուցվածքից ելնելով:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դուք իրատեսական համարո՞ւմ եք ճանապարհների ապաշրջափակումը, քանի լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, սահմանները զատված չեն, այսինքն, ըստ էության, այնտեղ դեռ անվտանգային խնդիրներ կան:

Վաչե Գաբրիելյան. - Եթե մենք դիտարկում ենք, որ բեռը պետք է գնա Ռուսաստան, ապա Բաքվով Ռուսաստան գնալն այս պահին մեզ համար առանձնապես տնտեսապես տրամաբանական չէ: Ժամանակին Խորհրդային Միության տարիներին դա եղել է մեր հիմնական երթուղին, բայց այն ժամանակ մենք հանքաքար ենք տեղափոխել, արդյունաբերական խոշոր արտադրանք ենք տեղափոխել և այլն:

«Ազատություն». - Նկատի ունեք երկաթգիծը, այսինքն` ծանր ապրանքները:

Վաչե Գաբրիելյան. - Երկաթգիծը, եթե մեծ ապրանքների մասին է խոսքը: Հիմա մենք այդպիսի արտադրանք չունենք, ոչ էլ տեխնոլոգիապես նմանատիպ խոշոր ինվեստիցիոն ծրագրեր ենք իրականացնում, որի համար Ռուսաստանից այն ուղղությամբ պետք է բերենք ինչ-որ բաներ: Եթե մենք այդ դատողությունն անենք, ասենք մեր խոշոր գործընկերները բոլորը գտնվում ենք այն ուղղությամբ, ինչ որ մենք արտահանում ենք` Եվրոպա, հարավային Ռուսաստան և այլն, մեզ համար շատ ավելի տրամաբանական է օգտագործել կա՛մ Փոթիի նավահանգիստը, կա՛մ օգտագործել ավտոճանապարհները և կոնտիներները, ի տարբերություն խորհրդային ժամանակների, երբ այդ ամեն ինչը կար, հիմա տրանսպորտային տրամաբանությունը փոխվել է, և կա ստանդարտացված կոնտիներների գաղափարը:

Հիմա այդ տրամաբանությամբ երբ նայում ենք, ապա տնտեսական շատ մեծ տրամաբանություն Ռուսաստանի հետ առևտուր անելու չկա, որովհետև նաև մենք այն ապրանքները, որ ունենք և արտահանում ենք, դրանք ևս հիմնականում սննդի արտադրանք և այլն, հիմնականում Ռուսաստանի հարավային մասերում, որտեղ հասանելիությունը շատ ավելի մեծ է ավտոտրանսպորտով, նույնիսկ Լարսով ավելի ձեռնտու է:

Հիմա Լարսում, ի տարբերություն երկաթուղու, որ դեռևս պիտի կառուցվի, 2 տարի տևի և այլն, Լարսում շատ մեծ ինվեստիցիաներ են կատարվում, և որևէ մեկին չթվա, որ Լարսում կատարվող ինվեստիցիաները Հայաստանի համար են կամ Վրաստանի: Այդտեղ Վրաստանով ու Ռուսաստանով նաև ահավոր մեծ բեռնափոխադրումների քանակը ենթադրվում է, որ Ռուսաստանի միջոցով թուրքական բազմաթիվ արտադրողներ և տնտեսական ագենտներ առևտուր են անում Միջին Ասիայի հետ, և դա դառնալու է մի քանի անգամ ավելի լայն ճանապարհ, և թունելը փորելուց հետո այնտեղ, ըստ էության, դուք նաև եղանակային կախվածություն չեք ունենալու: Այսպիսով, նաև այդ ճանապարհի տնտեսագիտական հիմնավորվածությունը ես առանձնապես չեմ հասկանում:

«Ազատություն». - Շտապո՞ւմ է վարչապետը այս հանգույցն անվանելով հայկական խաչմերուկ, որ այն դառնալու է շրջադարձային Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Վաչե Գաբրիելյան. - Ինքը հաստատ վնաս չի տա, բայց շրջադարձային դառնալ չի կարող` մեր տնտեսության կառուցվածքից ելնելով:

«Ազատություն». - Դուք չէի՞ք դնի այդ փողը:

Վաչե Գաբրիելյան. - Ես այդ փողն այս պահին չէի դնի, որովհետև դրա տնտեսական արդյունավետությունն ես այս պահին չեմ տեսնում, տարածաշրջանային քաղաքական այլ գործընթացների տեսակետից այլ խնդիր է:

«Ազատություն». - Կարծես, վատատես եք, որ առանց նախապայմանների Թուրքիան կբացի սահմանը:

Վաչե Գաբրիելյան. - Չի բացառվում, որ կբացի, բայց միևնույն ժամանակ թուրքական բոլոր հնարավոր հրապարակային ելույթներն այդ ուղղությամբ տարբեր գործիչների և ընդհանուր սպասումների այն են, որ պետք է լինեն նախապայմաններ: Հիմա այդ նախապայմանը կլինի միայն Ղարաբաղն ամբողջովին ճանաչելը, թե դրանից բացի, կլինի նաև Ցեղասպանությունից հրաժարում, թե ինչ, ես չեմ կարող ասել, ուղղակի եթե մինչև հիմա չէին բացում, հիմա ինչո՞ւ պետք է բացեն: Եթե Դուք դրա մոտիվացիան ինձ բացատրեք, ես պատրաստ եմ ընդունելու:

«Ազատություն». - Որովհետև Ադրբեջանը ստացել է 7 շրջանները, մի բան էլ ավելի:

Վաչե Գաբրիելյան. - Ադրբեջանը ստացել է, բայց պահանջը երբեք 7 շրջանները չեն եղել, պահանջը եղել է ճանաչելը, այսինքն` արդյոք այդ ճանաչելու պահանջը վերանում է Թուրքիայի կողմից: Տեսականորեն հնարավոր է, ասենք եթե դե ֆակտո հնարավորություն լինի ստանալ առանց խոչընդոտների ճանապարհ Նախիջևանով Թուրքիա, երևի թե նրանք կարող են նաև այդ քայլին գնալ, եթե որոշակի ռեժիմներ ենթադրեն:

XS
SM
MD
LG