Մատչելիության հղումներ

Ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերի ուղղությամբ. Արցախի օմբուդսմեն


Ադրբեջանական կրակահերթին վնասված պատուհանը Կարմիր շուկայում
Ադրբեջանական կրակահերթին վնասված պատուհանը Կարմիր շուկայում

Այսօր վաղը առավոտյան Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում բնակիչներն արթնացել են ադրբեջանական դիրքերից հնչած կրակոցներից, գյուղի տներից մեկում կոտրվել են լուսամուտի ապակիները, որտեղ քնած էր մանկահասակ երեխա մայրիկի հետ։

«Պատուհանը դեմ-դիմաց էր մահճակալին, մեզանից մեկ մետր հեռավորության վրա մտել ա տուն», - պատմում է Արև Գաբրիելյանը։

Նա հավելեց, որ նախ լսել է հարևան տների ուղղությամբ կրակոցների ձայներ, մոտեցել է մյուս երկու երեխաների ննջարանի պատուհանին՝ տեսնելու, թե ինչ է կատարվում։ Հենց այդ պահին էլ փամփուշտը կոտրել է իր և փոքրիկի սենյակի լուսամուտի ապակին. - «Փոքր աղջիկս վախեցավ, արթնացավ իմ ձայնից, էրխու էրեխոցս արթնացրի արդեն վախից, հագուստները հագցրի։ Ամեն ինչի պիտի պարտաստ լինենք հիմա։ Էստեղ ենք ապրում, ամեն ինչի սպասում ենք»։

Կնոջ խոսքով, արդեն լույսը բացվելուց հետո հարևանների հետ է խոսել։ Նրանք պատմել են, որ կրակոցների թիրախ է դարձել ոչ միայն իրենց տունը. - «Հարևանի տանն էլ խփել, մի էրկու տուն էն կողմ։ Բայց ներս չի մտել, պատին ա խփել, կրիշին են խփել։ Բայց մերը ուղիղ մտել ա տան մեջ»։

«Տանը տուժող չի եղել, բայց պատուհանը, որը ջարդվել է, էդ նույն սենյակում երկու երեխա էր քնած։ Այսինքն՝ երեխաները զարթնել են հենց էդ ձայներից», - «Ազատությանը» փոխանցեց Ստեփանյանը։

Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներ հնչում են պարբերաբար, ասում է բնակիչ Անուշ Ամիրջանյանը. - «Առավոտ, իրիկուն՝ տարբերություն չկա, օրվա ցանկացած ժամի կարող են կրակել։ Գիշերային ժամերին ա ամենաշատը։ Վտանգավոր ա, վախենում ենք, բայց դե էլի ապրում ենք էս հողի վրա՝ հույս պահելով, որ ամեն ինչ լավ ա լինելու»։

Արցախի օմբուդսմենն այսօր այցելել է Կարմիր շուկա և «Ազատությանը» տրամադրեց իր նկարահանած կադրերը։ Նրա խոսքով, Կարմիր շուկա ու Թաղավարդ գյուղերի և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը չնչին է, ինչը օմբուդսմենին թույլ է տալիս ենթադրել, որ հենց բնակելի տներն են եղել նշանառության տակ. - «Եվ այդ երկու համայնքների հանդիպակաց բարձունքների վրա տեղակայված դիրքերը միաժամանակ երկու համայնքներ են կարողանում դիտարկել»։

Նույն դիրքերից կրակոցներ են եղել նաև անցյալ շաբաթ, իսկ մեկ ամիս առաջ հունվարի 10-ին Կարմիր շուկայում կրակոցներից մեքենա էր այրվել, որը կայանած էր մանկապարտեզի հարևանությամբ։ Գեղամ Ստեփանյանն ասում է, որ այդ դեպքից հետո ծնողներից շատերը վախենում են երեխաներին մանկապարտեզ ուղարկեր, առհասարակ խաղաղ բնակիչների տների թիրախավորումը անհանգստություններ ու վախեր է առաջացնում տեղացիների շրջանում։

«Եթե կհիշեք նաև նախագահ Ալիևի կողմից հնչեցվեց հայտարարություն, որ գրանցվող միջադեպերը հատուկենտ և ոչ համակարգային բնույթ են կրում։ Ես հակառակը կպնդեմ, որ գրանցվող բոլոր միջադեպերը մեկ ամբողջական նպատակի են ծառայում և դրանք իրականացվում են միտումնավոր և համակարգված ձևով։ Նպատակը շատ պարզ է՝ հայաթափել Արցախը և յուրացնել Արցախի մնացած հատվածը», - նշեց Ստեփանյանը։

Արցախի շուրջ 30 համայնքներ պատերազմից հետո առաջացած նոր սահամնների պայմաններում հայտնվել են ադբեջանական դիրքերի նշանառության թիրախում, իսկ շփման գիծը նախկին 200 կիլոմետրից դարձել է 500 կիլոմետր և որոշ տեղերում մոտեցել ընդհուպ մարդկանց տներին։

Արցախի իշխանությունները վստահ են, որ խաղաղ բնակավայրերի մերձակայքում գտնվող ադրբեջանական հենակետերը սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի համար:

Մեր զրույցի պահին Ստեփանյանը կարմիր շուկայում էր, նրա խոսքով, խաղաղ բնակիչների տների թիրախավորումը անհանգստություններ ու վախեր է առաջանում գյուղի բնակիչների շչջանում, հատկապես, որ նման կրակոցներ պարբերաբար հնչում են. - «Նախորդ շաբաթվա ընթացքում կրակահերթեր պարբերաբար հնչել են և' երեկոյան ժամերի, և' ցերեկային ժամերի՝ տարբեր ինտենսիվությամբ, որոնք հիմնականում օդ էին ուղղված, և որևէ վնասի մասին չի հաղորդվել»։

Իսկ մեկ ամիս առաջ՝ հունվարի 10-ին, գյուղում ադրբեջանական կրակոցներից մեքենա էր այրվել, որը կայանած էր մանկապարտեզի հարևանությամբ։ Այդ դեպքից հետո, օմբուդսմենի փոխանցմամբ, ծնողներից շատերը վախենում են երեխաներին ուղարկեր մանկապարտեզ. - «Ծնողների մոտ վախ ու մտահոգություն կա։ Նաև կասկածի տակ է դրված երեխաների կրթության իրավունքը»։

Մինչ այդ ադրբեջանական կողմն իր հերթին երկու օր է հաղորդում է, որ Հայկական զինված ուժերը կրակում է Քելբաջարի շրջանում իրենց դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը հերքում է։

XS
SM
MD
LG