Մատչելիության հղումներ

Արցախում միջադեպերը շարունակվում են. մի քանի գյուղեր ադրբեջանական զինուժի կրակահերթի տակ են եղել


Վնասված մեքենան
Վնասված մեքենան

Երեկ ողջ օրը ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահել Արցախի մի քանի համայնքներ:
Աշակերտները դպրոցից տուն էին գնում, իսկ փոքրիկները մանկապարտեզում քնած էին՝ երբ ադրբեջանական կողմը սկսեց կրակահերթերը Արցախի Կարմիր շուկա ու Թաղավարդ գյուղերի ուղղությամբ երեկ կեսօրին:

«Երեխեքին հագցրինք, իջեցրինք առաջին հարկ, այսինքն` ապաստարան չունենք, մեր աշխատասենյակը եղավ ապաստարան: Այնքան սպասեցինք, ծնողներն եկան, իրենց երեխեքին տարան», - պատմում է Կարմիր շուկա գյուղի մանկապարտեզի տնօրեն Առլետա Սարգսյանը` հավելելով, որ այսօր 55 փոքրիկներից ոչ մեկը մանկապարտեզ չի եկել. «Կոլեկտիվի անդամները գնացել են, բայց ծնողները չեն բերել»:

Հենց մանկապարտեզի ցանկապատի մոտ էր կայանած «Ուազը», որ երեկ այրվել է թիրախային կրակոցների հետևանքով. գնդակները բեռնախցիկն են ընկել։ Արցախի ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են՝ դեպքի վայրում աշխատող հրշեջ փրկարարներն էլ են հայտնվել ադրբեջանական զինուժի կրակահերթի տակ: Մոխրացած «Ուազը» Կարմիր շուկայում ապրող Քոչարյանների ընտանիքինն էր, դրանով էին տան հոգսերը հոգում՝ փայտ, բերք տեղափոխում:

Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերում կրակոցները պարբերաբար են: Թաղավարդ համայնքի ղեկավարն ասում է՝ ադրբեջանցիները վստահ կրակում են, քանի որ իրենց հետևում անտառ է, իսկ հայկական զինուժի թիկունքում գյուղն է:

«Իրենք ավելի ակտիվ են անում այդ գործողությունները` մտածելով, որ մերոնք ոչ մի բան չեն անի, որովհետև կրակը, Աստված մի արասցե, կարող է մեր ժողովրդին կորուստ լինել», - նշում է Օլեգ Հարությունյանը:

Այսօր Մարտունու շրջանի այս համայնքներում կրակոցների ձայներ չեն լսվել, բայց ադրբեջանակական զինուժի քթի տակ ապրող բնակիչներն անհանգիստ են միշտ. «Բայց դե մեկ ա էլի` նրանց վստահել չի լինի», - ասում է Առլետա Սարգսյանը:

Արցախում տարվա միայն առաջին օրն է խաղաղ եղել, այնքան խաղաղ, որ նույնիսկ Շուշիում հրավառություն չի եղել, ասում է Ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը. «Տոնական օրերին, կոնկրետ հունվարի 1-ի գիշերը մենք սպասում էինք հրավառություն Շուշիից, բայց հրավառություն չեղավ, առաջին երկու օրը եղել է հանգիստ, այնուհետև հունվարի 2-ին միջադեպ է գրանցվել` միջպետական ճանապարհը` միջանցք կոչվածը, այդ ճանապարհով երթևեկելու ընթացքում Վանաձոր քաղաքի բնակչի վերևի հատվածից քարեր են գլորել և վնասել են ավտոմեքենան»:

«Դիմացից ընթացող մեքենան հասցրեց քարերը շրջանցել, ես`ոչ»,- ասում է արդեն Վանաձոր հասած տղամարդը, նրա «Նիսանն» են ադրբեջանցի զինծառայողները քարերով վնասել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի վրա. «Ընթացքի մեջ եմ եղել` Շուշի չհասած, ձախ կողմից քարը գլորեցին, չհասցրեցի էլ փախցնեմ, տվեց ավտոյին»:

Տարվա առաջին օրերի միջադեպերն այսքանով չեն սպառվում. երեկ Կարմիր շուկա, Թաղավարդից բացի, ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահել նաև Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի նռան այգիներում աշխատող 4 արցախցիների:

«4 քաղաքացիական անձ տրակտորով աշխատելու ժամանակ դարձյալ տարբեր տեսակի զինատեսակներից, հիմնական հրաձգային, կրակ են բացել, վնասվել է տրակտորը, քաղաքացիները պառկել են գետնին, այնուհետև մտել են անտառային հատված, որպեսզի չտեսնեն, երևելի չլինեն թշնամու համար: Կրակի տակ են պահել 15 րոպե, մինչև խաղաղապահները հասել են, դադարեցրել կրակը և տարհանել բնակիչներին», - ասաց Հունան Թադևոսյանը:

Երեկվա միջադեպերի առթիվ հայտարարություն է տարածել Արցախի արտգործնախարարությունը. «Նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ»։

Ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների կոպիտ խախտում է, որ միտված է արցախցիների ահաբեկմանն ու ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը, նշված է Արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Արցախի օմբուդսմենը դարձյալ ահազանգել է՝ արցախցիների անվտանգությունը երաշխավորված չէ, քանի դեռ խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերը չեն հեռացվել։

Բաքվի պաշտոնական լրահոսում Արցախի տարբեր բնակավայրերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ որևէ անդրադարձ չկա: Ռուս խաղաղապահների գործունեությունը ներկայացնող կայքում էլ երեկվա միջադեպերի վերաբերյալ ոչինչ չկա, թեպետ Արցախի ներքին գործերի նախարարությունից վստահեցնում են՝ թե՛ Ասկերանի ու թե՛ Մարտունու շրջանում ադրբեջանական զինուժը լռել է խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խաղաղապահների երեկվա գործունեությունից առանձնացրել ու կայքում տեղադրել է միայն մեկ տեղեկություն տեսանյութով` ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի երգի պարի անսամբլը ավարտել է ամանորյա հյուրախաղերը Արցախում:

XS
SM
MD
LG