Մատչելիության հղումներ

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը պարզել է հայկական կողմի ձախողման խորքային պատճառները, պնդում է Անդրանիկ Քոչարյանը


Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարզել է հայկական կողմի ձախողման խորքային պատճառները, այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

2016-ի քառօրյայի վերաբերյալ հանձնաժողովի զեկույցն այսօր խորհրդարանը փակ ռեժիմով քննարկեց։ Դրանում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ կան, պնդում են իշխանականները։

«Մենք փորձել ենք հասկանալ մեր պարտության կամ 16 թվականի մեր ձախողումների խորքային պատճառները, ոչ թե մակերեսային. էս դիրքում էս էր, վառելիք էս պահին կար, թե սնունդն էս պահին պակաս էր, պատերազմի ժամանակ պակասություններ անպայման լինում են, փամփուշտը կար, թե չկար, ուրիշ բան էր՝ կառավարման մեջ մեր բացթողումները անշրջելի հետևանք ունեցել են, թե ոչ», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Մինչդեռ հանձնաժողովը ստեղծելիս իշխանությունը խոստանում էր փարատել զոհերի, տարածքային կորուստների, սպառազինության ու սննդի պակասի, դավադիր պայմանավորվածությունների, հակառակորդի հարձակման լուրերին հրամկազմի ոչ օպերատիվ արձագանքելու մասին հանրության հարցերը։

Թե ի՞նչն է եղել ապրիլյանի պատճառը, ովքե՞ր են մեղավորները, հարցին իշխանական պատգամավորն ուղիղ պատասխան չի տալիս, պատճառաբանում է, թե պետական գաղտնիք է, միևնույն ժամանակ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում՝ հետագայում, անգամ առաջիկա օրերին զեկույցից որոշ դրվագներ կարող են հանրայնացվել:

«Ծաղկաքաղ էր ավրած զեկույցից դրվագներ՝ հինգ գլխից, որոնք վերաբերում էին թե՛ սպառազինությանը, թե՛ հետախուզությանը, թե՛ կառավարմանը, թե՛ քաղաքական որոշումներին, թե՛ նրանց որոշումների կայացման բացթողումներին և դրա պատճառներին», - նշեց Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահը:

Ըստ Քոչարյանի, քննիչ հանձնաժողովը նաև պարզել է, թե հայկական կողմը տեղյակ է եղել՝ ո՞ր ժամին է Ադրբեջանը պատերազմ սկսելու։ Իմքայլական պատգամավորը ենթադրում է՝ զեկույցը կարող է նաև քրեական գործերի հարուցման պատճառ դառնալ։

Անդրադառնալով հայկական կողմի պատրությամբ ավարտված 44-օրյա պատերազմի պատճառները քննող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցին, Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, եթե անհրաժեշտություն լինի իշխանությունները կուսումնասիրեն նաև այդ պատերազմը։

«Կարևոր չէ՝ ով կլինի իշխանություն, ցանկացած իշխանություն դատապարտված է ուսումնասիրել ցանկացած պատերազմ, եթե դա ունեցել է հասարակության վրա լուրջ հետևանք», - նշեց Քոչարյանը:

Ապրիլյանի խորքային պատճառները ի սկզբանե պարզ էին քաղաքական որոշ շրջանակների, անդրադառնալով իշխող ուժի պատգամավորի հայտարարությանը, կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ընդդիմադիր պատգամավորը զեկույցում որոշ թերություններ է նկատել: Զեկույցին ու Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցին հղում անելով հայտարարում է՝ եթե ապրիլյանի մեղավորներից է նաև Արտակ Դավթյանը, որը քառօրյայի ընթացքում զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետն էր, ապա նա հիմա պետք է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում չլիներ։

«Ինձ համար կարևոր սիգնալ է, ինդիկատոր է, որ եթե այդպես է, ուրեմն մենք այս իմաստով չունենք անկողմնակալ քննություն, և ով որ դեռ պետք է, չի մեղադրվի այս ընթացքում որևէ նման բաների մեջ, որ քո պատճառով էս եղավ, էն եղավ, ով էլ դեռ պետք չի կամ քաղաքական իմաստով հակառակ ճամբարներում է, նա կմեղադրվի», - ասաց Մարուքյանը:

Արտակ Դավթյանի անունից բացի, զեկույցում այլ պաշտոնյաների անուններ ևս կան, հայտնեց Մարուքյանը։ Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ հիմա արեն ճիշտ չէ զեկույցը գաղտնի պահելը, իրենք լոբբինգ կանեն, որ այն հանրայնացվի. «Հանրությունը իմանա, թե ինչ է եղել և ովքեր են մեղավոր և նաև տեսնի, որ արդյոք այդ մեղավորները պատժվել են թե ոչ, նաև տեսնի, թե արդյոք այդ մեղավորներից, նրանք, ովքեր այդ իշխանությանը դեմ են, ինչ-որ քրեական գործերով անցնում են և նրանք, ովքեր իշխանության հետ են ինչ-որ քրեական գործերով չեն անցնում»:

Մարուքյանը եզրակացրել է, որ ապրիլյանից հետո պետական համակարգը չի պատրաստվել պատերազմի՝ ո՛չ մինչև 2018-ի հեղափոխությունը, ո՛չ հեղափոխությունից հետո։

«Մեծ պլաններ են եղել, օրինակ, Օնիկ Գասպարյանի մասով կարող եմ ասել՝ մեծ պլաններ են եղել և ներկայացվել են, թե ինչ պետք է արվի, բայց մեկ ամիս նշանակումից հետո սկսվել է 44-օրյա պատերազմ, այսինքն այդ մեկ ամսում էլ հնարավոր չէր շտկել», - ասա ԼՀԿ ղեկավարը:

2 տարի առաջ ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում հարցաքննության են հրավիրել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, նախկին արտգործնախարարը և բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ։ Միայն 2016-ին Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովն է մերժել քննիչ հանձնաժողովի հրավերը:

XS
SM
MD
LG