Մատչելիության հղումներ

Օնիկ Գասպարյանն առաջարկում է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել. պատգամավորներն արձագանքում են


Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, արխիվ

Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ըստ Armlur.am-ի, դիմել է Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանական իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին, նաև Պաշտպանության հանձնաժողովի նախագահին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով:

Կարծում է՝ քննությունն անհրաժեշտություն է վերջին շրջանում ավելացող շահարկումների, որոշ պետական և քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունների և գաղտնի տեղեկատվության արտահոսքի պատճառով։ Հանձաժողովն, ըստ Գասպարյանի, պետք է ստեղծվի անհապաղ, շիկացած հանրային մթնոլորտը լիցքաթափելու համար, իր կողմից էլ պատրաստակամություն է հայտնել օժանդակել աշխատանքներին։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ Գասպարյանի առաջարկը չեն քննարկել, բայց ինքն անձամբ կարծում է՝ հանձնաժողով ստեղծելու ճիշտ պահն ընտրություններից հետո է: Պնդում է` իշխանությունը կաշկանդվածություն չունի նախաձեռնելու քննություն. «Քննիչ հանձնաժողով արժե ստեղծել առնվազն արտահերթ ընտրություններից հետո, դրանից առաջ դա նորից դառնալու է քաղաքական շահարկումների առարկա, որը ցանկալի չէ»:

«Ազատության» հարցադրմանը` չի՞ կարծում, որ չստեղծելն է ավելի շատ շահարկումների տեղիք տալիս, քան ստեղծելը, նա ասաց. «Ստեղծելն անհրաժեշտ է, ստեղծելու պահն է պետք ճիշտ ընտրել, որպեսզի հստակ քաղաքական օրակարգը ներդաշնակված լինի այս պահանջին: Դա ո՞րն է, արտահերթ ընտրություններ են սպասվում հունիսի 20-ին: Եթե հիմա ստեղծենք, պարզ չի… ստեղծվում է, բայց նախ այդ հանձնաժողովը չկարողանա հասցնել, չի կարող, 2 ամիս, պատկերացնո՞ւմ եք` ինչ ծավալի գործ է: Մենք մեկ տարվա ընթացքում դեռ չենք կարող վստահաբար ասել, որ Ապրիլյանն ամբողջ ծավալով կարողացավ մտնի այդ ամբողջ ծավալի մեջ: Բայց կարողացավ մեծամասամբ մտնի: Բայց 44-օրյա պատերազմը 10 անգամ ավելի մեծ հարցականներ ունի, և հարցականների պատասխանը պետք է գտնենք»:

Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ եթե Օնիկ Գասպարյանն իրեն է դիմում, նշանակում է՝ վստահում է՝ քաջատեղյակ լինելով իր ղեկավարած ապրիլյան հանձնաժողովի աշխատանքներին։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմացած է Օնիկ Գասպարյանի հայտարարությունից. «Պարոն գեներալն ուղղակի տեղյակ չէ, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով քննիչ հանձնաժողովն անվտանգային հարցերով ստեղծվում է Պաշտպանության գործող հանձնաժողովի հենքի հիման վրա, իսկ դա նշանակում է, որ հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը: Մենք այս իշխանություններին որևէ ձևով այս մասով վստահելու բան չունենք: Մի իշխանություն, որն ըստ պարոն գեներալի, խեղաթյուրում է Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը, այդ իշխանությունից ո՞նց է պահանջում ստեղծի քննիչ հանձնաժողով: Լուծումը պարիտետային հանձնաժողովն է, որը չի ղեկավարելու Անդրանիկ Քոչարյանը, և որը կունենա բալանս»:

Իր այսօրվա հայտարարության մեջ Գասպարյանն Անվտանգության խորհրդի՝ երեկվա գաղտնազերծումը իրականության միտումնավոր խեղաթյուրում է համարել. «Անվտանգության խորհրդի քարտուղարության կողմից հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից»։

Որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության ապացույց, թե Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ի նիստում չի հայտարարել պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին, Անվտանգության խորհուրդը երեկ գաղտնազերծեց նիստի սղագրությունը։ Մեծամասամբ սևացրած տեքստը չէր համոզել ընդդիմադիրներին, ավելին, դրանից հետո նոր հարցեր էր առաջացրել` իսկ ինչո՞ւ էր իշխանությունը բանակի ղեկավարումը շարունակում վստահել իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունների հեղինակ Գլխավոր շտաբի պետին, և դրանց մասին հիշեց, երբ Գասպարյանը պահանջեց վարչապետի հեռացումը։

Ինչո՞ւ էին ամիսներ շարունակ լռում, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ երկրի անվտանգությունից ելնելով։ «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ այդ հարցը վարչապետին տվող չի եղել. «Միգուցե հաջորդ հանդիպմանը որևէ մեկը տա այդ հարցը: Չեմ բացառում: Միգուցե նաև ես լինեմ այդ մեկը: Ես գիտեմ ինչու, որովհետև ես գիտեմ, որ վարչապետը տվել է ժամանակ բանակի հրամանատարական կազմին, բարձրաստիճան ղեկավարությանը, որպեսզի նրանք վերադառնան կառուցողական դաշտ»:

Այդքան քննարկվող սեպտեմբերի 30-ի նիստին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է մասնակցել: Այսօր հայտարարում էր` վարչապետի հայտարարություններին մարդիկ պարտավոր են հավատալ. «Վարչապետը հայտարարել է` ինչ է տեղի ունեցել, դուք չե՞ք հավատում: Դուք պարտավոր եք հավատալ, որոշ իմաստով նաև»:

«Ազատություն» - Պարո՛ն Գրիգորյան, այս դեպքում, երբ Օնիկ Գասպարյանը մոտ 4 ամիս առաջ արեց իր հայտնի հայտարարությունն ուղերձի տեսքով, օրինակ` Դուք ինչո՞ւ չհայտարարեցիք, որ Օնիկ Գասպարյանը ճշմարտությունը չէր ասում, Դուք մասնակցել եք այդ նիստին:

Մհեր Գրիգորյան - Անվտանգության խորհրդի նիստի օրակարգը, քննարկումները և նյութերը գաղտնի են: Չեմ էլ մեկնաբանի հիմա, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա: Ես կարծում եմ, որ այնքանով, որքանով հանրությանը կհետաքրքրի այդ հարցը, համապատասխան մասերով կհրապարակվի:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում պնդել է՝ Գասպարյանը պատերազմը կանգնեցնելու մասին առաջին անգամ խոսել է ոչ թե չորրորդ, այլ 23-րդ օրը. «Ռինգի օրինակ է բերել, բոքսի ռինգի օրինակ է բերել, այդպիսի օրինակ է բերել և ասել է, որ 23 օր շարունակ դու բոքսի ռինգում քեզնից ուժեղի հետ կռվում ես, դժվար է դա շարունակել, և միտքը հնչել է այդ ժամանակ: Եվ այդ ժամանակ նաև ասեմ` Անվտանգության խորհրդում կոնսենսուս է ձևավորվել, որ գնում ենք այդ ճանապարհով»:

Որպեսզի ստեղծվի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, 44 պատգամավորի համաձայնություն է անհրաժեշտ, ընդդիմադիր ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միասին 40 պատգամավորներ ունեն խորհրդարանում։ «Բարգավաճ Հայաստանի» տեսակետը Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ մինչ այս պահը չի հաջողվել ճշտել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG