Մատչելիության հղումներ

Կարգավորումը ձեռնտու է թե՛ Թուրքիային, թե՛ Հայաստանին». «Ակօս»-ի խմբագիր Բագրատ Էստուկյան


«Ազատությունը» զրուցել է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։

«Ազատություն». – Հայաստանում կան մտավախություններ, որ ինչպես նախորդ անգամները, այս անգամ ևս գործընթացը ինչ-որ փուլում կանգ կառնի, կվիժեցվի, որովհետև առաջ կգան Թուրքիայի նախապայմանները։ Դուք ունե՞ք նման մտավախություն։

Իստուկյան. – Անշուշտ ունեմ, որովհետև, այո, նման զարգացում կարող է արձանագրվել։ Որպես սկզբունք, այս բանակցությունները սկսվեցին առանց նախապայմանի, բայց ընթացքի մեջ ինչեր կհայտնվեն, ինչ առաջարկներ կլինեն, այդ առաջարկները ինչքանով պարտադրական եղանակ կստանան և դրա փոխարեն ինչ զարգացումներ կլինեն, անշուշտ այս ամենը անստույգ է։ Որևէ երաշխիք չունենք, բայց դա չի նշանակում, որ այսօր պետք է դժգոհենք հարաբերությունների մեկնարկից։

«Ազատություն». – Հիմնական խոչընդոտ Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչի համար երեսուն տարի առաջ Թուրքիան փակեց սահմանը, արդյո՞ք վերացված չէ։ Ի վերջո Ադրբեջանը ստացավ այդ տարածքները, ինչ որ ուզում էր, մի բան էլ ավելի։

Իստուկյան. – Մեր դիվանագիտական ռազմավարության սխալությունն է, որ այդ խնդիրը երեսուն տարի անլուծելիության դատապարտեցինք։ Արցախը շրջապատող յոթը ռայոններ, այդ յոթը ռայոնները մենք գիտենք, որ հայկական հող չպետք է համարեինք։ Դրանից հետո տիրեց այնպիսի հոգեբանություն, որ մենք՝ որպես հաղթանակած երկիր, տեր եղանք նաև այդ հողերին։ Եվ դա հպարտությամբ ասացինք՝ պատմության մեջ առաջին անգամ հողեր նվաճեցինք։ Մինչդեռ մեր խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանին չենթարկվելու պայքարն էր։ Այդ պայքարով եթե սահմանափակեինք մեր պահանջատիրությունը, խնդիրն ուրիշ տեսակ կընթանար։ Բայց ամեն անգամ, երբ Հայաստանում որևէ քաղաքական գործիչ այդ ուղղությամբ կարծիք էր հայտնում, դավաճան էր հռչակվում։ Եվ այդ ընթացքը մինչև այսօր էլ շարունակվում է։

«Ազատություն». – Դուք կարծում եք Թուրքիայի համար փա՞կ է Ղարաբաղի հարցը, այդ խոչընդոտը վերացվա՞ծ է։

Իստուկյան. – Թուրքիան մինչև այսօր միշտ խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Սա ներառում է նաև Արցախը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Բայց, մյուս կողմից, Իլհամ Ալիևը, խոսքն ուղղելով իր ժողովրդին, ասաց, որ մենք հասանք մեր նպատակին և տիրացանք գրավյալ տարածքներին։ Դա էլ Արցախի գոյությունը շարունակելի է դարձնում, ինչը մեզ համար դրական ընթացք է։ Մենք հիմա պետք է կա'մ ԵԱՀԿ-ի Մինսկի միջնորդությամբ, կա'մ ուղղակի մեր շփումներով Արցախի իրավիճակը հստակեցնենք։

«Ազատություն». – Հաջորդը, որ հնարավոր նախապայման կարող է դիտարկվել, միջանցքի հարցն է։ Պարբերաբար թուրք պաշտոնյաները խոսում են այս մասին, «Զանգեզուրի միջանցք» եզրույթն են հենց օգտագործում։

Իստուկյան. – Բաց սահմաններ և հենց այդ բաց սահմանների մեջ միջազգային հաղորդակցությունը արդեն հնարավոր կլինի։ Բայց միջանցք ասածը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այդ է, որ անընդունելի է հայկական կողմի համար։ Մենք՝ հայերս չեն կարող համակերպվել այն ձևաչափին, որ բեռնատար մեքենաներ, մարդատար ինքնաշարժները, ավտոբուսներ մեր հողով առանց ստուգման, առանց անկախ երկրի պետական սահմանը հատելու, անցնեն հարևան երկիր։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG