Մատչելիության հղումներ

«Ֆլայուան Արմենիան» և «Պեգասուսը» փետրվարից Երևան-Ստամբուլ ուղղությամբ չվերթներ կիրականացնեն


Հայկական «Ֆլայուան Արմենիա» և թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունները փետրվարից սկսած Երևան-Ստամբուլ ուղղությամբ չվերթներ կիրականացնեն:

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեից «Ազատությանը» տեղեկացրել են, որ հայկական կողմը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով շաբաթական երկու և ավելի ոչ կանոնավոր չվերթների իրականացման թույլտվություններ է տրամադրել հայկական «Ֆլայուան Արմենիա» և թուրքական «Պեգասուս» ավիաընկերություններին։

Ըստ Քաղավիացիայի կոմիտեի, «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում էր չվերթներ իրականացնել հունվարի 1-ից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ, սակայն դրանք դեռևս չեն իրականացվել։ Պատճառը թերևս այն է, որ հունվարի 1-ին Թուրքիայի իշխանությունները դեռ չէին տրամադրել համապատասխան թույլտվությունը։

«Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Ազատության»-ը հայտնեց, որ թուրքական կողմը արդեն բավարարել է իրենց հայտը և չվերթները կմեկնարկեն փետրվարի սկզբին:

«Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը ստացել է և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի ավիացիոն իշխանությունների թույլատվությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթներ իրականացնելու համար մինչև ձմեռային սեզոնի ավարտը։ Չվերթները նախատեսում ենք սկսել փետրվարի սկզբին։ Ավիաընկերությունն արդեն հայտարարել է, որ ավիատոմսերի արժեքը սկսելու է 39 եվրոյից», - ասաց Անանյանը։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կապ ունի «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ, Անանյանը պարզաբանեց, թե նրա եղբայրը՝ Էդուարդ Սուքիասյանը ընկերության հիմնադրման նախաձեռնողներից է:

Ավելի վաղ, Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունից «Ազատության»-ը հայտնել էին, որ թուրքական կողմը հաստատել է շաբաթական երեք անգամ դեպի Երևան թռիչքներ իրականացնելու «Պեգասուս» ավիաընկերության դիմումը:

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը նախատեսում է չվերթներ իրականացնել փետրվարի 3-ից փետրվարի 6-ը՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ և փետրվարի 7-ից փետրվարի 27-ը՝ 3 չվերթ հաճախականությամբ։ Կոմիտեից պարզաբանում են՝ «Պեգասուսն» առայժմ միայն փետրվար ամսվա թռիչքների համար է հայտ ներկայացրել և ստացել համապատասխան թույլտվություն:

«Պեգասուս» բյուջետային ավիաընկերությունը հիմնադրվել է 1990 թվականին և թռիչքներ է իրականացնում աշխարհի 42 երկրներ՝ 111 ուղղություններով:

Միևնույն ժամանակ Armenian Airlines, Aircompany Armenia ընկերություններն են դեպի Թուրքիա թռիչքներ սկսելու ցանկություն հայտնել:

Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցությունը ընդհատվել էր 2019-ի վերջին թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերության սնանկացման պատճառով:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար բանագնացների նշանակմանը զուգահեռ Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքների վերսկսման մասին շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Հայ և թուրք բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի կունենա առաջիկա ուրբաթ՝ հունվարի 14-ին Մոսկվայում: Մինչ այդ, դեսպան Քըլըչին նախօրեին ընդունել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG