Մատչելիության հղումներ

Թե՛ պաշտպանը, թե՛ պաշտպանի թեկնածուն «չպետք է մտնեն քաղաքական գնահատականների տիրույթ»


Որպես առաջնահերթություն կարևորում եմ պետերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ մասնավորապես շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցերը։

Ըստ Գրիգորյանի, այստեղ պաշտպանի իրավասությունները հիմնականում հանգում են փաստերի ուսումնասիրության, զեկույցների հրապարակման վրա։

«Նաև մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններում, ՄԱԿ-ի տարբեր կոմիտեներում պաշտպանի համար կա ձայնի հասանելիություն, ինչպես նաև մարդասիրական հարցերով զբաղվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ աշխատանք՝ հարցերը բարձրացնելու և միջազգային հանրությանը, մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում պահելու հարցերն են, և էստեղ պետք է շարունակել ու զարգացնել պաշտպանի հաստատության աշխատանքը», - ասաց Գրիգորյանը։

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված 46 հայ: Ադրբեջանը հայկական կողմին վերջին անգամ դեկտեմբերի 29-ին է գերիներ փոխանցել Հունգարիայի միջնորդությամբ։

«Ատելության խոսքի հակազդման պատասխանատուները մենք բոլորս ենք»

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը օրերս խորհրդրանի ամբիոնից լրագրողներին «վերբալ մարմնավաճառների» հետ համեմատեց։ Այն լրագրողներին, որոնք նրա խոսքով, ատելության խոսք են տարածում, զրպարտում են վարչապետ Փաշինյանին ու նրա ընտանիքին։ «Վերբալ մարմնավաճառներ» պիտակավորումը դասական ատելության խոսք որակվեց։

Պաշտպանի ընտրության հարցը քննարկելիս Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները մեղադրեցին պաշտպանի թեկնածուին հարցերին ուղիղ չպաստասխանելու համար՝ հետաքրքվելով՝ հիմա էստեղ խախտվե՞լ է լրագրողների իրավունքը, թե՞՝ ոչ։

«Ազատության» հետ զրույցում Քրիստինե Գրիգորյանը շեշտեց՝ թե՛ պաշտպանը, թե՛ պաշտպանի թեկնածուն չպետք է մտնեն այդ քաղաքական գնահատականների տիրույթ։

«Իմ ընտրության գործընթացի բերումով ես դահլիճում նստած եմ եղել, ուշադիր եմ եղել, ինքը շատ հստակ կոնկրետ շրջանակ է նշել՝ «այն լրագրողները, ովքեր»։ Ես նաև առիթ եմ ունեցել ասելու, որ երբ խոսում ենք ընդհանրապես քաղաքական խոսույթի մշակույթի, ատելության խոսքի հակազդման, դրա մերժման մասին, դրա պատասխանատուները մենք բոլորս ենք, և դրա համար համալիր միջոցառումների մշակման համալիր գործողություններ ունենալու մոտեցումը եղել է իմ ծրագրային առաջնահերթություններից մեկը։ Որպես հնարավոր միջոցներից մեկը, ասել եմ, առաջարկում եմ ստեղծել և պաշտպանի առընթեր խորհուրդներում քննարկել, օրինակ, նույն խորհրդարանական էթիկայի կանոնների ամրապնդման, խորհրդարանական նիստերի լեզվի մոտեցումները», - ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ կարևորում է Էթիկայի հանձնաժողովը որպես գործիք, «քանի որ խորհրդարանական էթիկան հենց հանրային հաշվետվողականության և էդ նշաձողի պահպանման մեխանիզմն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG