Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմությունը դեռ չի հստակեցնում՝ ինչպես կքվեարկի ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի ընտրությանը


Խորհրադարանական ընդդիմությունը դեռ չի հստակեցնում՝ ինչպես կքվեարկի մարդու իրավունքների պաշտպանի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի ընտրության ժամանակ։

«Հայաստան» խմբկացությունը երեկ խորհրդարանում դռնբաց հանդիպում էր ունեցել Գրիգորյանի հետ։ Խմբակցութան պատգամավոր Արամ Վարդևանյանը «Ազատությանը» փոխանցեց՝ իրավական ոլորտի մասին Գրիգորյանի մի խումբ հարցերի պատասխանները իրեն չեն բավարարել։

«Ընդհանուր տպավորություններս, եկեք այսպես ասեմ, առաջիկա օրերին նաև մենք մեր խմբակցությունով կունենանք քննարկում, հստակ դիրքորոշումը կարտահայտենք` թեկնածուի վերաբերյալ պատկերացումները մեր, բայց կարող եմ ասել, որ կային հարցեր, որոնց կարելի էր շատ հստակ, այդ թվում՝ նաև սուր պատասխաններ տալ, որովհետև կան խնդիրներ իրավական, որոնք իրականում աբսուրդի են հասնում՝ ենթադրենք Տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված խնդիրները, կամ հենց նույն պատգամավորների կալանավորման հետ կապված հանգամանքները, որոնց վերաբերյալ պատասխաններն ինձ չէին բավարարում», - ասաց Վարդևանյանը։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Թագուհի Թովմասյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք ևս նախատեսում են առաջիկայում հանդիպել մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի հետ, որից հետո արդեն կհստակեցնեն իրենց դիրքորոշումը։

Ընդդիմադիրները, սակայն, կարծիք են հայտնում՝ հանգնամանքը, որ Գրիգորյանին առաջադրել և նրա ընտրության համար անհրաժեշտ ձայները ապահովելու է իշխանությունը, կարող են կաշկանդել նրան։

«Հաշվի առնելով, որ այս իշխանությունները այլակարծությունն, առավել ևս իրենց թիմի ներսում այլակարծությունը հանդուրժող չեն, էլ չեմ ասում հանրային, հասարակական տիրույթում ինչպիսի վերաբերմունք են արտահայտում քննադատությանը, թեկուզ օբյեկտիվ քննադատությանը։ Հիշենք նույն Արմեն Գրիգորյանը ինչպիսի արտահայտություններ էր իրեն թույլ տվել պարոն Թաթոյանի հասցեին, որն անընդունելի էր։ Ես կարծում եմ, որ այդ կաշկանդվածությունն անխուսափելի է այս դեպքում», - ասաց Վարդևանյանը։

«Քաղաքացիական պայմանագիրը» անցած տարվա դեկտեմբերի 3-ին էր հայտարարել, որ խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը։ Իրենց հետ ևս մեկ անգամ հանդիպման անհրաժեշտություն իշխող խմբակցության պատգմավորներ չեն տեսնում։

40-ամյա Գրիգորյանը 2009-ից եղել է Ազգային ժողովի նախ աշխատակազմի ղեկավարի, այնուհետև խորհրդարանի նախագահի իրավական հարցերով օգնականը։ 2018-ից հետո եղել է փոխվարչապետի խորհրդականը, 2019-ին արդարադատության փոխնախարար է նշանակվել։

Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա փետրվարին։ Մարդու իրավունքերի պաշտպանի մասին օրենքով օմբուդմենին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է ընտրվելուց անմիջապես հետո՝ Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված երդմամբ։

XS
SM
MD
LG