Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն կոնկրետ պատասխաններ չտվեց ընդդիմադիր պատգամավորների հարցերին


«Քաղաքացիական պայմանագրի» Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյան
«Քաղաքացիական պայմանագրի» Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյան

Քրիստինե Գրիգորյանը կտրականապես համաձայն չէ այն ձևակերպումների հետ, թե ՄԻՊ-ի ինստիտուտը ընդդիմադիր է՝ հակադիր պետական իշխանության մարմիններին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, մինչև երեկ Արդարադատության առաջին փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Քրիստինե Գրիգորյանը կտրականապես համաձայն չէ այն ձևակերպումների հետ, թե ՄԻՊ-ի ինստիտուտը ընդդիմադիր է՝ հակադիր պետական իշխանության մարմիններին։

Գործող պաշտպան Արման Թաթոյանին ընդդիմադիր լինելու, քաղաքական հայտարարություններ անելու մեջ մեղադրել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սահմանադրությամբ ու օրենքով [Մարդու իրավունքների] պաշտպանի ինստիտուտը լրացնում է պետական մարմինների համակարգը և որևէ կերպ որևէ դերակատարի կողմից չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին։ Մանդատի նկատմամբ թյուր պատկերացումները շտկելը ընտրվելու դեպքում լինելու է իմ ուշադրության կենտրոնում», - այսօր Ազգային ժողովում հավաստիացրեց Գրիգորյանը։

Արման Թաթոյանը հայտնի է պետական մարմիններին, պաշտոնյաներին հրապարակային քննադատելով։ Նրա հավանական փոխարինողը կարծում է, որ հայտարարություն անելը վերջին միջոցն է, որին պաշտպանը պետք է դիմի։ Չնայած այս դիրքորոշմանը, Գրիգորյանը խոստացավ գործող պաշտպան Թաթոյանի՝ ՍԴ-ում վիճարկող դիմումները հետ չվերցնել։

Ընդդիմադիր խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել։ Իշխող ուժի թեկնածուն՝ 40-ամյա Գրիգորյանն առաջին մասնագիտությամբ արաբագետ է, երկրորդով՝ իրավաբան։ 2009-ից եղել է Ազգային ժողովի նախ աշխատակազմի ղեկավարի, ապա խորհրդարանի խոսնակի իրավական հարցերով օգնականը։ 2015-18-ը Արդարադատության նախարարությունում վարչության պետ է աշխատել, իշխանափոխությունից հետո՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական։ 2019-ին նշանակվել է Արդարադատության փոխնախարար, ապա՝ նախարարի առաջին տեղակալ։

Վարչապետի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը երեկ՝ քննարկումների նախօրեին է ազատվել պաշտոնից:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ ընտրվելու դեպքում Գրիգորյանը «կպաշտպանի՞ նախարարներին վարչապետի ճնշումից». - «Թրաֆիքինգի շատ ցցուն օրինակ, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարեց ի լուր աշխարհի, որ ինքն է որոշում, թե ով ինչքան կաշխատի և երբ չի աշխատի... չգիտեմ, վախի՞ մթնոլորտին թե ինչից դրդված, որևէ նախարար չասաց, որ ինքը ունի սահմանադրական իրավունք չաշխատել էն պահին, երբ որ ինքը որոշի չաշխատել»։

Քրիստինե Գրիգորյանն արձագանքեց. - «Չեմ կիսում էդ գնահատականը, որ դա թրաֆիքինգ է և այլն։ Թրաֆիքինգի հասկացությունը հստակ է, մասնագիտական գրականության մեջ կա»։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արգենազ Մանուկյանն ուզում էր իմանալ՝ օմբուդսմենի թեկնածուն արդյո՞ք կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, որ ԱԺ նախագահն ու իշխանական մի շարք պատգամավորներ Հունաստան «Վիվարոյի» հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ են մեկնել։ Պատգամավորը հայտարարեց, թե Ալեն Սիմոնյանը ավելի վաղ օրենսդրական նախաձեռնությամբ նպաստել է բուքմեյքերական ընկերության բիզնես շահերին։

Թեկնածուն չարձագանքեց հարցին՝պատճառաբանելով, որ մամուլի հրապարակումներին է պատգամավորը հղում արել. - «Ըստ մամուլի հրապարակումների, որևէ ձևով ես կոռուպցիոն վարքագծի կամ հնարավոր վարքագծերի գնահատական տալու դերակատարությամբ էստեղ հանդես չեմ գալիս»։

«Այսինքն՝ ըստ ձեր տրամաբանության, մամուլում ինչ հրապարակվում է, ապրիորի արդեն անհիմն է, փաստացի չէ և սուտ տեղեկությո՞ւն է։ Սա անթույլատրելի տրամաբանություն է», - հակադարձեց Արեգնազ Մանուկյանը։

«Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանն ուզում էր իմանալ, թե արդյոք թեկնածուն օրինական է համարում դատարան, ԱԺ շենք շրջափակելը՝ ակնհայտորեն ակնարկելով թե' մեկը, թե' մյուսը շրջափակվելու՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերը։

Քրիստինե Գրիգորյանը խուսափեց կոնկրետ պատասխանից՝ փոխարենն անդրադառնալով դատական իշխանության վստահության հարցերին. - «Տիկին Մկրտչյան, ես հասկանում եմ, որ կարող է իմ պատասխանները ձեր դուրը չգան, ես ներողություն եմ խնդրում, որ դրանք ձեզ դուր չեն գալիս։ Բայց պիտի ասեմ, որ իմ խոսքի մեջ ես ասացի, որ եկեք տեսնենք, թե մենք ինչպես կարող ենք շտկել իրավիճակը, և կարծում եմ, էստեղ որևէ վատ բան չկար այդ առումով»։

ՄԻՊ-ը ընտրվում է վեց տարով։ Գործողի լիազորությունների ժամկետը լրանում է փետրվարի վերջին։

Քննարկումները երկուշաբթի կշարունակվեն, ապա գաղտնի քվեարկությունը տեղի կունենա ընտրություն։

Ընտրվելու համար թեկնածուին առնվազն 65 ձայն է պետք, որը, դեռ մի բան էլ ավելին, նրան առաջադրած իշխող խմբակցությունն ունի։ Արդյո՞ք ընդդիմադիրները կմասնակցեն ընտրությանը ու, եթե մասնակցեն, ինչպե՞ս կքվեարկեն. երկու խմբակցություններից էլ չբացահայտեցին։ Նրանց դիրքորոշումը պարզ կդառնա երկուշաբթի։

XS
SM
MD
LG