Մատչելիության հղումներ

Իրանի և Ռուսաստանի միջև նավթի և գազի ոլորտներում համաձայնություններ են ձեռք բերվել


Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը Մոսկվայում, 19-ը հունվարի, 2022թ․

Թեհրանը Մոսկվային առաջարկել է հեղուկ գազի մատակարարումներ իրականացնել Ռուսաստանից դեպի Իրանի հարավ՝ Ադրբեջանի տարածքով, ապա այն արտահանել աշխարհի ցանկացած կետ։ Այս մասին նախօրեին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։

Նոյեմբերից նույն երթուղով թուրքմենական կապույտ վառելիքն է Ադրբեջան ներկրվում։

Իրանցի նախարարը գործարքի մանրամասները չի բացահայտել, չի մանրամասնել նաև, թե որ երկրին է Իրանը պատրաստվում մատակարարել ռուսաստանյան հեղուկ գազը։ Գործող ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանի արտահանման, ներմուծման հնարավորություններն էապես սահմանափակված են։ Անցած տարեվերջին, սակայն, Reuters-ը հայտնել է, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոս-հոկտեմբեր ժամանակահատվածում իրանական նավթի ներմուծման ծավալը Չինաստան գերազանցել է 500 հազար բարելը` հասնելով ընդհանուր ներմուծման մոտ 6 տոկոսին։ Միաժամանակ, Reuters-ի աղբյուրների համաձայն, իրանական նավթը Չինաստանին մատակարարվել է Արաբական Միացյալ Էմիրություններից, Օմանից և Մալայզիայից նավթի անվան տակ՝ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով։

Չորեքշաբթի օրը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, թե Թեհրանը «ավելի քան 40 տարի է ընդդիմանում է Միացյալ Նահանգներին և պատժամիջոցների կամ սպառնալիքների պատճառով երբեք չի դադարի աշխատել երկրի զարգացման ու առաջընթացի ուղղությամբ»։

Իրանի նավթի նախարարն, իր հերթին, հայտնել է ռուսաստանյան մի շարք ընկերությունների հետ «շատ լավ պայմանավորվածությունների» ձեռքբերման մասին՝ գազի և նավթի հանքավայրերի զարգացման, նավթավերամշակման գործարանների կառուցման և էներգետիկ ոլորտում համատեղ այլ ծրագրերի շուրջ:

Թեհրանի և Մոսկվայի միջև այս համաձայնությունները ձեռք են բերվում Իրանի նախագահ Ռաիսիի Ռուսաստան առաջին այցի ֆոնին։

Չորեքշաբթի օրը Էբրահիմ Ռաիսին Մոսկվայում հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, միջազգային քաղաքականության հարցերը։

Նախագահներից բացի, հանդիպում են ունեցել նաև արտգործնախարարները, որոնք նույնպես քննարկել են ռուս-իրանական համագործակցության զարգացման հեռանկարները՝ «շեշտը դնելով առանցքային համատեղ նախագծերի իրականացման վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG